Օրեր առաջ անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Դեւիդ Բեկհեմը, հնգամսյա պայմանագիր է կնքել կատարցի շեյխ Նասեր Ալ Խելաֆիին պատկանող ֆրանսիական ՊՍԺ-ի հետ` հօգուտ բարեգործության հրաժարվելով հասանելիք 3,5 միլիոն եվրո աշխատավարձից:
Արդ, խնդրի բարոյականը դրած մի կողմ, ի՞նչ է շահում նա նման գործարքից:
Հայտնի է, որ Ֆրանսիայում միլիոնից ավել եկամուտները հարկվում են 75 տոկոսի չափով: Սրան հակառակ` մարկետինգից գոյացած եկամուտների հարկման չափն երեսուն տոկոս է:
Կհարցնեք` ի՞նչ կապ ունի վերն ասվածը Բեկհեմի հետ:
Պատասխան` ամենաուղիղ:
Իսկ այս «ամենաուղիղը» նրա հանրաճանաչության պայմաններում նշանակում է ավելի «երկար» փող աշխատելու հնարավորություն:
Որտեղից պիտի անգլիացին աշխատի այդ փո՞ղը:
Առաջին աղբյուրը նրա անունով մարզազգեստների վաճառքն է: Ինքնարժեքի չորս եվրոյի պայմաններում դրանցից յուրաքանչյուրի վաճառքի գինը կազմելու է 110 եվրո: Մարկետոլոգները գտնում են, որ դրանց իրացման հզոր շուկաներ են լինելու հատկապես ասիական ու ամերիկյան շուկաները:
Երկրորդ` սպասվում է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո Բեկհեմը որոշ ժամանակով հանդես կգա Կատարի առաջնությունում, որտեղ, հասկանալի է, էլի միլիոններ է աշխատելու:
Եւ, վերջապես, երրորդ` սպասվում է, որ ֆուտբոլիստը մեծ գումարներ կվաստակի նաեւ 2022 թվականին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության գովազդային կամպանիայից (հուսով եմ` չեք հասցրել մոռանալ ՊՍԺ-ի սեփականատիրոջ որտեղից լինելը): Հիմա, այսքանից հետո, հաշվեք` 75 տոկոսով հարկվող 3,5 միլիոն եվրո աշխատավարձից հրաժարումը ֆինանսական ինչ էֆեկտի հետեւանք է դառնում, երբ մարդու ուսերի վրա գլուխ կա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ