Եվրոպական գրանդ ակումբները ներքին առաջնություններում որքան էլ զբաղված են լոկալ խնդիրների լուծումով, այնուամենայնիվ, մտոք Եվրոպական լիգաների առաջիկա խաղերի հետ են. ինչ-որ բաներ են չափում-ձևում, ինչ-որ բաներ են «կպած» փորձարկում, սակայն ոչ մեկը մեր մարզիչների խելքի կեսն էլ «չունի», որ հայտարարի, թե իր թիմը խաղում էր կամ խաղաց հնարավորությունների հիսուն տոկոսի չափով: Մի խոսքով, խաղեր են` առանց հայկական գլուխգովանությունների կամ արդարացումների:
Ֆրանսիական առաջնության հերթական տուրում ՊՍԺ-ն կրկին հաղթանակ տոնեց: Այս անգամ` «Բաստիայի» նկատմամբ: Կախված այն բանից, թե երկրորդ տեղում ընթացող «Լիոնը» երկուշաբթի «Լիլի» հետ ինչպես կխաղա, ՊՍԺ-ն լավագույն դեպքում իրեն անմիջականորեն հետապնդողից առաջ կպոկվի վեց միավորով, վատագույն դեպքում կպահպանի երեք միավորի առավելությունը, իսկ ոչ-ոքիի դեպքում, ինքնին հասկանալի է, մեկ միավորը կա ու կա: Ինչ վերաբերում է կոնկրետ հանդիպմանը, մայրաքաղաքայինները հանդիպումը շահել են 3:1 հաշվով, առանց մեծ բարդությունների: Այստեղ միակ նորությունը թերևս այն է եղել, որ ընթացիկ մրցաշրջանում Անչելոտին առաջին անգամ մեկնարկային կազմ չի հանել Զլատան Իբրահիմովիչին (ակնհայտորեն նրան պահպանում է Չեմպիոնների լիգայի համար), սակայն ամբողջությամբ էլ չի զրկել խաղային պրակտիկայից: Երկրորդ խաղակեսի միջնամասում դաշտ դուրս եկած շվեդը տասնմեկմետրանոց է իրացրել` էլ ավելի ամրապնդելով առաջնության ռմբարկուի իր առանց այն էլ կայուն դիրքերը: Ներկայումս նրա ակտիվում է 21 գնդակ: Նույն առաջնության շրջանակներում «Էվիանի» հետ արտագնա խաղում «Մարսելը» չկարողացավ կոտրել հետնապահի դիմադրությունն ու բավարարվեց ոչ-ոքիով` 1:1: Հարավաբնակներն ինչպես կային, այնպես էլ մնացին երրորդ տեղում:
Նախորդ տուրում կորցրած երեք միավորը «Չելսին» կոմպենսացրեց «ՈՒիգանի» հետ խաղում ճիշտ նույնքան միավորի ձեռքբերումով (4:1), այլապես ձեռքից բաց կթողներ առաջնության երրորդ հորիզոնականը, քանի որ «Տոտենհեմը» լավ էլ հիմնավոր նստած է նրա շնչին. համենայն դեպս մեկ միավորի առավելությունը չի կարող նման զգացողություն չառաջացնել: Փոխարենն այս անգամ սայթաքեց «Մանչեստր Սիթին»` արտագնա խաղում 3:1 հաշվով զիջելով «Սաուտհեմպտոնին»: Վերջին երկու խաղում մեկ միավոր վաստակելը առաջնության սանդղակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմի համար չափազանց թույլ արդյունք է, և Մանչինին պիտի որ լուրջ եզրահանգումների գա, որքան էլ «Չելսիից» առաջ է անցել չորս միավորով: Իր հերթին մրցակիցներից ավելի առաջ պոկվելու հարմար առիթը բաց չթողեց «Մանչեստր Յունայթեդը»: «Էվերտոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմի անվան դիմաց արդեն գրանցված է 65 միավոր:
Իտալիայի առաջնության քսանչորսերորդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆիորենտինային» ու տարավ ընթացիկ տարվա երկրորդ անընդմեջ հաղթանակը (2:0): «Ծեր սինյորան» ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը, որովհետև նրան հետապնդող «Նապոլին» արտագնա խաղում առավելագույնը, որ կարողացավ անել, միավոր կիսելն էր «Լացիոյի» հետ: Տուրի ավարտից հետո «Յուվենտուսն» ունի 55, «Նապոլին»` 50, «Լացիոն»` 44 միավոր:
Բունդեսլիգայի առաջնությունում շարունակում են իրենց վստահ մրցելույթները մյունխենցիները: Բավարական ծանր «սապոգն» այս անգամ անցավ «Շալկե-04»-ի վրայով` վերջինից թողնելով 04-ը: Բնականաբար, այստեղ չորսը պիտի զրոյից առաջ կարդալ, քանի որ հանդիպումը Բավարիայի մայրաքաղաքում էր: Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային», քիչ էր մնում այնքան երկար ճիգերով նվաճած երկրորդ հորիզոնականը կրկին զիջեր «Բայերին», սակայն վերջինս արտագնա խաղում ոչ-ոքի` 3:3 խաղաց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ ու մնաց երրորդ տեղում: Դառնալով դորտմունդցիներին` ասենք, որ նրանք սեփական հարկի տակ դաժան պարտություն կրեցին «Համբուրգից»` մրցակցի խփած չորս գոլին պատասխանելով ընդամենը մեկով:
Իսպանիայի առաջնությունում վերջապես քնից արթնացավ Մադրիդի «Ռեալը» ու ոչ միայն գեղեցիկ, այլև խոշոր` 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ: Մադրիդցիներից երեք գոլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն: Ինչպես միշտ, կրկին համոզիչ էր սեփական հարկի տակ «Խետաֆեից» 6:1 հաշվով քննություն վերցրած «Բարսելոնը»: Այստեղ, սովորույթի համաձայն, անգոլ չմնաց Մեսին: Սա նրա գոլային տասներեքերորդ անընդմեջ խաղն էր, ու սկզբունքորեն միայն նրան է հայտնի, թե ռեկորդային սույն ցուցանիշի վերջակետը երբ ու որտեղ կդնի կամ արդյո՞ք կկամենա դնել: Դե, սա Մեսին է` իր աղա քեֆով, իր նույնքան աղա խաղով: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ այդ տասներեքերորդը մարզիկը խփել է հանդիպման տասներեքերորդ րոպեին: Ինչ վերաբերում է առաջնության երկրորդ հորիզոնականում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», մադրիդյան դերբիում այն 2:1 հաշվով զիջեց «Ռայո Վալեկանոյին», սակայն, հավատացեք, մրցաշարային աղյուսակի կտրվածքով դա առանձնապես մեծ դժբախտություն չէ: Ի վերջո, ամեն ինչ այստեղ անփոփոխ է մնացել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ