ԵԹԵ ԳՈՐԾԻ ԿՈՒՐԱԺԻ ԷՖԵԿՏԸ
Երեքշաբթի օրվանից սկսվեցին Եվրոպայի չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերը: Եվս չորս դիմակայություն մյուս շաբաթ, ու play off-ի երկռաունդանոց հանդիպումների առաջին արարը կավարտվի` ում համար արդեն մեկ քառորդ տանելիք կանխորոշված ելքով, ում համար էլ դեռ իրենն ապացուցելու չկորցրած հեռանկարով:
Շաբաթվա չորս հանդիպումներից ամենականխորոշվածը «Սելթիկ»-«Յուվենտուս» դիմակայությունն էր, որքան էլ որ խմբային փուլում կելտերն իրենց ագրեսիվ դրսևորեցին` կազմակերպված խաղալ կարողանալու հետ առանձնանալով կամային բարձր հատկանիշներով: Սակայն play off-ն ուրիշ տրամաբանություն ունեցող խաղային փուլ է, ավելի կարճ տարածքի հաշվարկ ունեցող` չհաշված գլխավորը` այն արդեն իսկ զտված է համեմատաբար թույլ ակումբներից: «Յուվենտուսի» հետ շոտլանդացիները խաղացին առանց իրենց խնայելու: Նաև` առանց դիմացինին խնայելու: Նկատի ունեմ կոշտ ուժայինը: Սակայն տեխնիկապես անհամեմատ գրագետ, անհամեմատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեցող «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ արեց իրենը, ինչ-որ տեղ, երևի թե, նաև պլանավորածի ակնհայտ գերազանցումով: Հավատալ, թե շոտլանդացիները կկարողանան 3:0 հաշվով պարտության դեմն առնել Իտալիայում, ֆանտաստիկայի ոլորտից է: ՈՒստի անվրեպ կարելի է ասել` Կոնտեի թիմն արդեն իսկ մեկ քառորդում է: Պատասխան հանդիպման ժամանակ իտալացիներին մնում է ապահովել խնդրի ձևական կողմը:
Միանգամայն այլ էր վիճակը «Վալենսիա»-ՊՍԺ հանդիպումում: Շեյխերի սեփականություն դառնալուց հետո «Պարի Սեն Ժերմենը» տրանսֆերային շուկայում ակտիվ քաղաքականություն վարելու արդյունքում այսօր դարձել է չափազանց հավակնոտ ակումբ` հեռագնա լուրջ նպատակներով: Այս թիմի խաղը, փորձառու Անչելոտիի ձեռքում, օրավուր նոր բովանդակային իմաստ է ձեռք բերում, որտեղ ֆուտբոլիստների բարձր վարպետությունը, խաղային հետաքրքիր ձեռագիրը, տակտիկական հասուն մտածողությունը տվել ու տալիս են իրենց ցանկալի արդյունքը: Բավ է ասել, որ թիմը վերջին երկու ամսում անցկացրել է առանց պարտության ութ հանդիպում: ՈՒշադրություն դարձրեք` մի առաջնությունում, որտեղ յուրաքանչյուր հանդիպում սկզբունքորեն եթե հեղափոխական խմբագրումներ չի մտցնում մրցաշարային աղյուսակում, ապա գոնե դրա համար ռեալ հիմքեր է ստեղծում: ՊՍԺ-ի հետ հանդիպմանն ընդառաջ` «Վալենսիան» չուներ նման ազդեցիկ հաշվեկշիռ, սակայն բոլորին է քաջ հայտնի, որ եթե Վալդեվերդեի թիմին հաջողվի բռնել կուրաժը, հետևանքները կլինեն անկանխատեսելի: Ահա թե ինչու Անչելոտիի դեմքի վրա գրեթե ոչ մի մկան չխաղաց ՊՍԺ-ի ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ գնդակից հետո, որովհետև 2:0-ն դեռևս երաշխավորված հաղթանակ չէր, քանի դեռ մրցավարը չէր ազդարարել հանդիպման ավարտը: «Վալենսիան» ի վերջո պարտվեց 1:2 հաշվով, ինչը պատասխան խաղից առաջ ֆրանսիական ակումբի համար լավ հաշիվ է, բայց ոչ երբեք երկու հանդիպման արդյունքում երաշխավորված հաղթանակ: Այսպես ասելով` միաժամանակ ուզում ենք «Վալենսիայի» երկրպագուներին զգուշացնել` խորհուրդ չի տրվում առանձնապես ոգևորվել այն փաստից, որ պատասխան հանդիպումում չի խաղալու կարմիր քարտ ստացած Զլատան Իբրահիմովիչը, քանի որ ֆրանսիական ակումբը լավ խաղացողների երկար նստարան ունի:
ՈՉ-ՈՔԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ՀԱՂԹԱՆԱԿ
Մինչ «զուբրիտի» հաշվին դպրոցում «գերազանց» ստացածները ջանադրաբար կփորձեն գտնել վերնագրի հարցի պատասխանը, մինչ ռացիոնալ մտածողությամբ աչքի ընկնողները վերջիններիս կփորձեն բացատրել, որ տրամաբանության գրված ու չգրված բոլոր կանոններով ոչ-ոքին նշանակում է ոչ-ոքի ու միայն ու միայն ոչ-ոքի, այդ ընթացքում ես իմ «խև» ընթերցողին թևանցուկ արած, նրա քեֆ-հալը հարցնելով, ջան-ջիգյար ասելով, «Ամսի 18-ին ո՞ւմ ես ընտրելու» ավելորդ հարցը քիթն ամեն տեղ խոթող հետաքրքրասերի նման նրան չտալով` անցնեմ «Սանտյագո Բեռնաբեուում» կատարվածին:
Դժվար է ասել` եզրափակիչում ի՞նչ խաղ կլինի, բայց որ այս մեկն իր կրքերով, իր մարզական չարությամբ, արվեստով, կատարողական շշմելու վարպետությամբ իսկ և իսկ եզրափակչի խարջ էր, կարծում եմ, պիտի համաձայնեք: Այնպես որ, միանգամայն արդարացված էր ուղիղ ճանապարհով չորեքշաբթիից հինգշաբթի տանող ուշ գիշերն այդ ներկայացմանը զոհելը, որքան էլ որ դեմը տյառնընդառաջն էր, ու ջահել տարիների օրինակով իմ հասակի մարդիկ էլ կրակի վրայից թռնելու, ունեցած-չունեցած բաները խարկելու (ո՞վ ասաց խորովելու) խենթությունն ունեն: Իսկ որպեսզի առաջինի փոխարեն չլինի երկրորդը, հասկանում եք, որոշակի լավ մարզավիճակ է պետք, այդ թվում և այն ապահովող գիշերային պինդ քուն: Սակայն եկեք տյառնընդառաջը թողնենք մի կողմ, թեպետ, անկեղծ ասած, կուզենայի կրակի վրայից թռնելու միջոցով չբերության դեմն առնելու մասին մեր հեթանոս նախապապերի ունեցած իմաստնությունից մի փոքր խոսել, որ մյուս անգամ խարկելը խորովելու հետ չխառնեիք:
Լավ, ինչևիցե, եկեք դառնանք խաղին:
Այն սկսվեց մադրիդցիների խելահեղ գրոհներով, ամբողջ հանդիպման ընթացքում ողջ մարզադաշտով մեկ ծավալված խեղդող պրեսինգով, ու սրանում զարմանալու ոչինչ չկար, քանզի ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ երկրի ներքին առաջնությունը «փառահեղորեն» տապալած Մոուրինյոյի համար Չեմպիոնների լիգայի գավաթին «Ռեալին» տեր չդարձնելը հավասարազոր է ինքնակամ կառափնարան գնալուն:
Խաղը, բնականաբար, մանրամասն չեմ ներկայացնի, որովհետև դա հավասար կլինի այն աստիճանի անհամանալուն, որ ոնց որ շուռ գաս ու քեզ հետ մեղր կերածին պատմես այդ նույն մեղրի համի մասին: Այնպես որ, պահենք չափն ու կարգը, սակայն դրանով հանդերձ խոստովանենք` այնուամենայնիվ «Ռեալը» կա ու ռեալ մնում է «Ռեալ», և ամբողջության մեջ «Մանչեստր Յունայթեդը» նրան զիջում է շատ պարամետրերով: Այ, ուրիշ բան, եթե ասեք, որ ծերուկը մատի վրա բառիս բուն իմաստով ֆռռացրեց Մոուրինյոյին` հարձակման գծի իր խաղացողներին այնպես «տասովկա» անելով, այնպիսի դերեր տալով, որ այդպես էլ մինչև խաղավարտ «Միակը» գլխի չընկավ, թե ՈՒելբեկ անակնկալից զատ Ֆերգյուսոնն ուրիշ ի՞նչ գաղտնի քայլեր ունի պատրաստած, ի՞նչ դավեր ունի հյուսած: Արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, որը նման էր վազքի, որի ժամանակ վազում ես ու փորձում հասկանալ, թե ինչու ես վազում:
Այո, չեմ վիճում, հանդիպումը պարզ ցուցանեց, որ Ալեքս Ֆերգյուսոնը չունի Մադրիդի «Ռեալի» նման համարժեք բալանսավորված թիմ, չունի Քրիշտիանու Ռոնալդուին հավասարարժեք խաղացող (պորտուգալացին պարզապես հմայեց), չունի պահեստայինների մադրիդյան որակյալ ընտրություն: Էլի բաներ կան, որոնցից չունի Ֆերգյուսոնը: Սակայն փոխարենը, ի դեմս ֆուտբոլային իմաստնությունից ճերմակած իր մարզչի, «Մանչեստր Յունայթեդն» ունի այնպիսի հարստություն, որը չունի աշխարհի և ոչ մի թիմ, ունի այնպիսի ղեկակալ, ով ցանկացած պարագայում դիմացինի համար կարող է պատային վիճակներ ստեղծել անգամ նվազագույն ռեսուրսով:
Մադրիդյան հանդիպումում Ֆերգյուսոնին հաղթելու համար Մոուրինյոյից պահանջվում էր էտյուդային կարգի մտածողության որակ: «Սանտյագո Բեռնաբեուում» պորտուգալացին ցայտնոտի մեջ անկարող եղավ այդ կարգի մտածողություն դրսևորելու, որովհետև ինքն իր կառուցած սխեմայի գերին էր դարձել, մինչդեռ իրավիճակը պահանջում էր եղածը քանդել, հեղափոխական լուծում գտնել: Թիմին պարտադրելով սխեմա` Մոուրինյոն նրան զրկել էր ստեղծագործելու կարողությունից, գերապատվությունը տվել էր կոպիտ ուժին, արագության տակ դիմացինին բռնեցնելուն, սակայն նման ֆուտբոլ երկրի ներքին առաջնությունում «Մանչեստր Յունայթեդն» ամեն մի հանդիպումում է խաղում, որովհետև անգլիական ֆուտբոլը խոշոր արագությունների ֆուտբոլ է, իսկ ֆերգյուսոնական «Մանչեստրը» պատահաբար չի գլխավորում առաջնության աղյուսակը:
Ինչևէ: Բնականաբար այսքանից հետո ընթերցողն իրավունք ունի տալու` «Իսկ ի՞նչ է սպասվում «Օլդ Թրաֆորդում» կայանալիք պատասխան խաղում» հարցն ու ակնկալելու քիչ, թե շատ հոդաբաշխ պատասխան: Եթե մտքներինդ այդ հանդիպման հաշիվն իմանալն է ու, տուն-տեղ մոռացած, գլխապատառ վիվարոներ վազելը, հիասթափեցնելու եմ ձեզ` ասելով` պատասխան չունեմ (չնայած մադրիդյան հանդիպման ոչ-ոքին անվրեպ գուշակել էի), սակայն այն, որ խելահեղ գեղեցկության մարտի ենք ականատես լինելու, այս մեկը վստահեցնում եմ:
Նույն լույս հինգշաբթին մեկ այլ հետաքրքիր դիմակայություն էլ էր ֆուտբոլասերի համար պատրաստել: Այո, խոսքը վերաբերում է Դոնեցկի «Շախտյոր»-Դորտմունդի «Բորուսիա» խաղին, որը Հենիկ Մխիթարյան գործոնով հայ ֆուտբոլասերի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր: Այս խաղը նույնպես ի հայտ չի բերել հաղթողին, թեպետ երկու անգամ էլ դորտմունդցիները հետապնդողի դերում էին: Կլինեն չիրազեկվածներ կամ ինքնախաբեությամբ տառապողներ, ովքեր դոնեցկյան հանդիպման ելքը կփորձեն բացատրել «Շախտյորի» խաղային պրակտիկայի բացակայությամբ, սակայն չհավատաք նման ամենագետներին: Միրչա Լուչեսկուն այն մարզիչը չէր` չհասկանալու համար, որ սոսկական պարապմունքներով կարող էր դեմ ելնել Յուրգեն Կլոպի թիմին: Այս ընթացքում «Շախտյորը» մոտ մեկ տասնյակ հանդիպումներ է ունեցել, մրցաշարերի է մասնակցել, հաղթել դրանցում: Այնպես որ, հանդիպման արդյունքը խաղային պրակտիկայի բացակայությամբ պայմանավորված չէ: Դորտմունդի «Բորուսիան» հզոր պոտենցիալի թիմ է, և նրա հետ ոչ-ոքի խաղալը տվյալ թիմի ուժեղ լինելու մասին է խոսում: Այս հանդիպման առնչությամբ եկեք բավարարվենք այսքանով:
Թեպետ չարաշահում ենք ընթերցողի համբերությունը, բայց և այնպես այս մի բանն էլ ասենք ու նոր բաժանվենք: Play off-ի փուլի առաջին հանդիպումների կեսն ավարտված է: Չնայած պատասխան հանդիպման գործոնին, դրանցից մեկում` «Սելթիկ»-«Յուվենտուս» դիմակայությունում, խնդիրը, ըստ էության, լուծված է, պայմանով, որ չենք հավատում հեքիաթներին: Մյուս երեքում հարցի վերջնական պատասխանը կտան պատասխան հանդիպումները: Դրանք կկայանան մարտին: Սակայն մինչև մարտ փետրվարյան առաջիկա շաբաթը կա, ասպարեզ դեռևս չիջած play off-ի փուլի մյուս քառյակը: Հիմա որ «Բարսելոնի» ու «Բավարիայի» անունների կողքին մյուսներին չհիշատակեմ, ավելի քան համեստ անձիս հաստատ մեղադրելու եք խտրականության մեջ, ուստի եկեք նյութն ավարտենք վերը հնչեցրած ընդհանրական նոտայով ու այսօր բավարարվենք այսքանով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ