Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Րաֆֆին մեզ քիչ էր, «Բարսելոնն» էլ էնտեղ կրվեց

Րաֆֆին մեզ քիչ էր, «Բարսելոնն» էլ էնտեղ կրվեց
22.02.2013 | 13:06

«Արսենալ»-«Բավարիա», «Պորտու»-«Մալագա», «Գալաթասարայ»-«Շալկե-04», «Միլան»-«Բարսելոն» խաղերով ավարտվեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին հանդիպումների փուլը: Հնարավոր սպասումը, թե անակնկալներ կլինեն գոնե այս քառյակի ներսում, քիչ հավանականության ոլորտից էր:

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄ
Ինչպես և սպասվում էր, «Բավարիան» Լոնդոն էր գնացել հաղթանակի հետևից: Երեք ճակատում էլ (բունդեսլիգայի առաջնություն, երկրի գավաթ, Չեմպիոնների լիգա) հաջողությամբ հանդես եկող մյունխենցիների մրցակիցն ընթացիկ առաջնությունում երկրի չեմպիոնության ու գավաթի համար պայքարը ձախողած «Արսենալն» էր: Հակառակվելու սեր ունեցող մեր ընթերցող հատվածը գուցե գնահատականի փութկոտություն տեսնի հատկապես ներքին առաջնության առնչությամբ (գավաթի կտրվածքով գնացքը վաղուց գնացել է), սակայն մեր սուրբ պարտքը համարենք նրա լավատեսությունը պահանջվելիք «կոնդիցիայի» բերելը: Այսպես, եթե առաջատարից տասներկու միավորով հետ մնացող, մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեստր Սիթին» է խոսում առաջնությունը ձեռքից բաց թողած լինելու մասին, չեմպիոնության համար պայքարում ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ հինգերորդ հորիզոնականում գտնվող, ակտիվում ընդամենը քառասունչորս միավոր ունեցող, գումարած սրան` անկայուն խաղով աչքի ընկնող «Արսենալը»:
Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի:
Լոնդոնցիների համար Չեմպիոնների լիգայի խաղերում հաջողությունը կարող էր լինել մրցաշրջանի անհաջողությունները կոծկելու փրկարար օղակ, սեփական երկրպագուին պատվարժանորեն ներկայանալու փայլուն հնարավորություն: Խնդրի կտրվածքով շատ ավելի առաջ էր գնացել Արսեն Վենգերը` թիմի երկրպագուին հույսի ամբողջական տարածք թողնելով իր այն հայտարարությամբ, թե բավարական արգելքը հաղթահարելու դեպքում «Արսենալն» ի զորու է հաղթելու նաև եզրափակչում:
Հավուր պատշաճը մատուցելով մրցակցին` իր հերթին բավական խոսուն էր եղել և Յուպ Հայնկեսը. «Եթե խաղանք մեր հնարավորությունների առավելագույնով, կարող ենք հաղթել»: «Կարող ենք հաղթել»-ը կոնկրետ խաղի համար սկզբունքորեն պայմանական լայն ժեստ էր «Բավարիայի» գլխավորի կողմից առ իր գործընկերը, քանզի թիմն ընթացիկ մրցաշրջանում վերին աստիճանի վստահ խաղ է ցուցադրում, մասնագետների կողմից լիգայի գավաթի համար պայքարում «Բարսելոնին», Մադրիդի «Ռեալին» հավասար ֆավորիտ է դիտվում, բացի այդ, ավելի քան մոտիվացված է իր գործողություններում: Եվ իսկապես էլ` առանց լուրջ մրցանակների այս երկու տարին չափազանց շատ է «Բավարիայի» նման հավակնոտ թիմի համար, այն էլ այն դեպքում, երբ ունես ամենապատասխանատու պահին, դանակի պես սիրտդ խրված պարտություն. հիշենք սեփական հարկի տակ անցած տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Չելսիից» ստացած ծանրագույն հարվածը:
Դառնալով լոնդոնյան հանդիպմանը` ասենք, որ, ըստ էության, «Բավարիան» «Արսենալի» հետ խաղն ավարտեց արդեն իսկ առաջին խաղակեսի քսանչորսերորդ րոպեին: Թոնի Քրոսի, Թոմաս Մյուլլերի երկու գոլին լոնդոնցիները պատասխանեցին կատարյալ անհամարժեքությամբ: Համենայն դեպս, Թոմաս Վերմալենի, Բակարի Սանյայի ու Միքել Արտետայի ստացած զգուշացումներն այլ կարգի վիճակագրությունից են, խաղի հաշվի հետ առնչություն չունեցող (միջանկյալ նշենք, որ դիմակայությունն առատ էր կոպտություններով. ութ խաղացող արժանացել է մրցավարի ընդգծված վերաբերմունքին):
Ինչ խոսք, «Արսենալը» խաղը փրկելու փորձ արեց: Սակայն այդ ակտիվությունն ավելի շուտ «Բավարիայի» թողտվության հետևանք էր: Աստծո լույսի պես պարզ էր` այդ օրը լոնդոնցիները գերմանացիներին մրցակից չէին ո՛չ խաղամակարդակով, ո՛չ ներուժով. հավասարապես նկատի ունենք և՛ խաղադաշտ ելածներին, և՛ պահեստայինների նստարանին գտնվողներին: Հանդիպման ընթացքում «Արսենալի» միակ լուրջ կռվանը ստանդարտ դիրքերից հաջողություն քաղելն էր: Ի դեպ, նրանց միակ գոլը գրանցվեց անկյունայինի խաղարկության արդյունքում` այն էլ մրցավարի կողմից սխալ նշանակված: Հատկանշական է, որ այդ գոլի հեղինակը մյունխենյան ակումբի նախկին խաղացող Լուկաշ Պոդոլսկին էր: Այս գոլից հետո լոնդոնցիների մոտ մի պահ հույսի ալիք բարձրացավ, սակայն բավարացիները մի անգամ էլ գործի գցեցին իրենց ռացիոնալիզմն ու թաղեցին Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու լոնդոնցիների աղոտ հույսերը:
Բնականաբար, երիցս ճիշտ կլինեք` հուշելու պես հարցնելով` բա պատասխան խա՞ղը:
Պատասխան խաղը, հարկավ, կկայանա: «Բավարիան» լոնդոնցիներին գործելու հնարավորություն կտա, «Ալյանս Արենայում» կթողնի մի քիչ վազվզել: Ընդամենը կթողնի: ՈՒրիշ հույսեր չփայփայեք, որքան էլ Արսեն Վենգերը հետխաղյա ասուլիսում խոստացել է անել անհնարինը: Բա ի՞նչ էիք սպասում: Ասելու էր, թե Մյունխեն չեն գնա՞, թե՞ ասելու էր` գնալու ենք պարտվելու: Նյութի այս հատվածն ավարտելուց առաջ թույլ տվեք հիշեցնել, որ, անկախ մրցաշրջանում գրանցելիք արդյունքից, Յուպ Հայնկեսը լքելու է գլխավոր մարզչի պոստը, նրան փոխարինելու է մեկը, ում մասին ֆուտբոլասերը մեկ անգամ չէ, որ կհիշի ու հիշեց հաջորդ օրը կայացած «Միլան»-«Բարսելոն» խաղում, սակայն այս մասին փոքր-ինչ հետո:
Նույն օրվա «Պորտու»-«Մալագա» դիմակայությունում հաղթեցին դաշտի տերերը: Ճիշտ է` նվազագույն հաշվով, բայց ո՞վ է ասել, որ 1:0-ն խաղի արդյունք ձևակերպող հաշիվ չէ: Իհարկե, պորտուգալա-իսպանական դիմակայության վերջնական ելքը պահ տրվեց պատասխան հանդիպմանը, սակայն այստեղ «Պորտուի» համար հատկանշականը իսպանական ակումբների հետ իր համար անցանկալի ելքով հանդիպումների տխուր ավանդույթի վերջը տալն էր: Այս երկուսից վերջնահաշվում ո՞րը դուրս կգա քառորդ եզրափակիչ, սկզբունքորեն կարևոր չէ, քանզի եվրոպական առաջատար եռյակ-քառյակից ում դեմ էլ ելնի, սուրը պատյանն է դնելու` գոհանալով արդեն իսկ ունեցած առաջընթացով:

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑԻՆ «ՄԻԼԱՆԻ» ՍԽԱԼՎԵԼՈՒՆ ՍԽԱԼՄԱՄԲ ՍՊԱՍԵԼՈՎ
Չեմպիոնների լիգայի play off-ի ընդհանուր տրամաբանական զարգացումների շրջանակում ծավալվող հանդիպումները ճաք տվեցին այնտեղ, որտեղ առանձնապես անսպասելի էր: Անակնկալի հեղինակը «Միլանն» էր` «Սան Սիրոյում» սեփական հանդիսատեսի առաջ իր բացառիկ կազմակերպված խաղով, իսկ արդ, երբ հանդիպումն ավարտված է, խաղի հաշիվը` հայտնի, նյութին տիրապետողի հետին իմաստնությամբ ասենք, իրեն դիմակայության ակնհայտ թույլ օղակ համարողների նկատմամբ ունեցած անսքող չարությամբ:
Որքան էլ «Բարսելոնը» «Բարսելոն», մենք էլ նրա հավատավոր երկրպագու, այդուհանդերձ պիտի խոստովանենք, որ «Միլանը» հաղթեց միանգամայն արժանիորեն, հաղթեց խաղով: Հետևաբար ուրիշ բան չի մնում ասելու, բացի կեցցեներից: Եվ իսկապես էլ: Կեցցեն թե՛ թիմը պարզապես գերազանց պատրաստած Մասիմիլիանո Ալեգրին, թե՛ նրա մեծ հատույցով գործած հրաշալի տղաները, թե՛ իրենց թիմին անմնացորդ նվիրված երկրպագուները, որոնք բռունցքված, մեկ մարմին դարձած, ամեն մեկն իր մասնակցության չափով իրականություն դարձրին օրվա հաղթանակը: Օբյեկտիվ լինենք` իտալացիները պիտի հաղթեին «Բարսելոնի» ընտրած ու իրեն հիմնովին չարդարացրած մարտավարության արդյունքում, երբ, նախաձեռնելու փոխարեն վերջիններս գերապատվությունը տվել էին մրցակցի հնարավոր վրիպելուն սպասելուն:
Ինչևէ: Եղածը եղած է: Մխիթարվենք նրանով, որ օրացույցի վրա բոլորս էլ լի ու տոն օրերի կողքին ունենում ենք նաև ձախ ոտքի վրա բացված օրեր: Կյանք է, բա ի՞նչ եք կարծում, թե՞ միամտորեն հավատում եք, որ հենց այնպես է շաբաթից հետո գալիս կիրակին:
Էլի բաներ ասե՞մ:
Ի՞նչ է, չգիտե՞ք, որ սառը ցնցուղը երբեմն օգտակար է լինում նաև ոչ տաք եղանակին, գլուխը միշտ չէ, որ քորում են քորի անհրաժեշտությունից:
Եվ ընդհանրապես, բաներ կան, որոնք ինքնին են աղերսվում:
Թեկուզև` ենթագիտակցաբար:
Սակայն, բոլոր դեպքերում զուտ բարեկամաբար խորհուրդ կտամ «Միլան»-«Բարսելոն» խաղի 2:0 հաշվին առանձնապես չխաբվել և առանձնապես փութկոտ էլ չլինել եզրակացություններում` եղածը որակելով Միլանում հրաշալի կազմակերպված հուղարկավորման արարողություն:
Դա ոչ թե այդպես չէ, այլ պարզապես այդպես չէ:
Ի վերջո, կա պատասխան խաղ, բարեկամներս, կա գլխից մեծ բռնած գործերի համար անխուսափելիորեն պարտադրվելիք հաշվետվություն-առերեսում, որքան էլ երկու գնդակի առավելությունը հիմնավոր մեծություն է: Դա այսպես է, սակայն ավելի քան համոզված եմ, որ «Նոու կամպում» որքան էլ «Միլանը» ծնողական անպարփակ սիրով համակված գրկի սեփական դարպասն ու ներամփոփվի իր մեջ, կատալոնյան ակումբն իր անելիքում առանձնահատուկ դաժան է լինելու:
Այստեղ իրավունք ունեք և միանգամայն աղերսված է Ձեր` «Իսկ ի՞նչն էր խանգարում այդ կերպ խաղալուն «Սան Սիրոյում»» հարցը:
Փորձեմ պատասխանել:
Ընդ որում` պատասխանել ըստ էության, ոչ թե յուղ վառելով:
Իր կարևորությամբ Եվրոպայի չեմպիոնների լիգան աշխարհում ակումբային ամենահեղինակավոր մրցաշարն է անշուշտ: Այստեղ հաղթելը ոչ այնքան ճանաչում է նշանակում, որքան ճանաչումների ճանաչում: Սակայն մասնավոր դեպքերում այն, այնուամենայնիվ, մի վերապահում ունի իր մեջ, երբ խնդիր ունես սեփական երկրի ներսում կազմակերպվող առաջնությունում, դրան հավասարեցվածի արժեք ունեցող գավաթի խաղարկությունում, որտեղ կողքիդ եղածին գերազանցելը, նրանից առավել երևալը կենաց-մահու հարց է:
Կոնկրետանանք:
Ինչպես գիտեք, «Բարսելոնն» ու «Ռեալը» վերջին տարիներին թե՛ առաջնության, թե՛ գավաթի, թե՛ սուպերգավաթի խաղերում իրար հոշոտելու, իրար միս ծամելու գործին են լծված (մարզականի կողքին նրանց դիմակայություններին առանձնահատուկ սրություն է հաղորդում նաև քաղաքականությունը, սակայն եկեք նյութը վերջինով չծանրացնենք):
Ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության հարցը կատալոնյան ակումբը վաղապես լուծել է (նույնիսկ Մոուրինյոն չի հավատում հեքիաթներին), օրակարգում ճակատամարտն է արքայական գավաթի համար, որը, ի դեպ, երկրի առաջնությունից ավելի հին պատմություն ունի: «Նոու կամպում» կողմերը հաղթողին, ինչպես գիտեք, ի հայտ չբերեցին, թեպետ 1:1-ը «Բարսելոնի» համար անհամեմատ շահավետ հաշիվ է պատասխան հանդիպումից առաջ: Արդ` մեկ շաբաթից հենց այդ խաղն է: Ի՞նչ եք կարծում, առանց այն էլ իր համար ավանդաբար ծանր ընթացք ունեցող փետրվար ամսին կատալոնյան ակումբը «Միլանի» հետ խաղում «Ռեալի» առաջ փակագծեր էր բացելո՞ւ, ուժ ու կորով էր ծախսելո՞ւ, թե՞ պիտի գործեր որոշակի խնայողական ռեժիմով, մանավանդ որ իտալական ակումբի հետ առջևում, սեփական հարկի տակ, պատասխան խաղ ունի: ՈՒրի՜շ բան, եթե ասեք, որ երկու գնդակի տարբերությամբ պարտվելը տագնապեցնող հաշիվ է, որքան էլ «Բարսելոնը» «Բարսելոն» է: Այստեղ լիովին համամիտ եմ Ձեզ հետ, ու մի կարծեք, թե իմ հոգում անհանգստություն չկա: Այո, իտալական ակումբի հետ հանդիպումում «Բարսելոնը» մնաց նրա սխալվելու սպասումով ու… վրիպեց, և կատալոնյան ակումբի միլիոնավոր երկրպագուներս մեկ անգամ չէ, որ ցավով հիշեցինք խաղի ընթացքում խաղ փոխելու կարողություն ունեցող Պեպ Գվարդիոլա մարզչին, ում այնքան մեծ անհամբերությամբ սպասում են «Բավարիայում»:
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին խաղերից վերջինը կայացավ Բոսֆորի ափին լրբենի գեղեցկությամբ փռված Ստամբուլի մեղսական գրկում: Տեղի «Գալաթասարայը» գերմանական «Շալկե-04»-ի հետ խաղում դաշտ էր դուրս բերել իր վերջին երկու ձեռքբերումներին` Դիդիե Դրոգբայով ու ՈՒեսլի Սնայդերով ավելի ամրացնելով իր, ես կասեի` բավական համակրելի հարձակման գիծը: Այս հանդիպումը չափազանց գեղեցիկ ու մարտական ստացվեց, թեպետ 1:1 հաշիվը, զուտ որպես վիճակագրություն, այլ բան է հուշում: Խաղը մանրամասնելն իմաստ չունի, միայն ասենք, որ չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի անցած տարվա առաջնության լավագույն ռմբարկու Բուրակ Յլմազը, ով լիգայի ընթացիկ խաղերում խփեց իր թվով յոթերորդ գոլը: Որքան էլ ոչ-ոքին շահավետ հաշիվ է «Շալկեի» համար, եկեք չմոռանանք, որ թուրքերը Գերմանիայում ունեն մեծ համայնք և այնտեղ էլ իրենց թիմի համար կարող են ստեղծել սեփական դաշտի մթնոլորտ: Այնպես որ, այս թիմերի խաղում էլ սկզբունքորեն ոչինչ վերջնականապես որոշված չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ