Լույս չորեքշաբթի «Կամպ Նոուում» կկայանա արքայական գավաթի «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» կիսաեզրափակչի պատասխան խաղը: Ինքնին հասկանալի է, որ հանդիպման բացառիկությունը պայմանավորված չէ միայն գավաթային լինելու բնույթով: «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայությունը ցանկացած ձեւաչափով արդեն իսկ բացառիկ է, որովհետեւ խոսքը գնում է մեր օրերի ֆուտբոլային երկու գերակումբների մասին: Սա այս թիմերի միջեւ ընթացիկ մրցաշրջանում թվով չորրորդ հանդիպումն է: Կողմերը մեկական անգամ իրարից բաժանվել են միավոր կիսած (երկրի առաջնություն, գավաթային առաջին խաղ), մեկական անգամ հաղթանակ են տոնել Իսպանիայի սուպերգավաթի հանդիպման շրջանակում, սակայն, ի հաշիվ մրցակցի դաշտում ավելի շատ խփած գոլերի, գավաթին տիրացել է «Ռեալը»:
Ի՞նչ է լինելու թվով հինգերորդում:
«Բարսելոնին» հաղթանակ է պարգեւում ցանկացած հաշվով առավելությունը, ինչպես նաեւ գոլազուրկ ոչ-ոքին, քանի որ մրցակցի հարկի տակ կատալոնցիները խաղն ավարտել են իրենց համար ձեռնտու 1:1 հաշվով: Այս հաշվի կրկնվելու դեպքում նշանակվելու է լրացուցիչ խաղակես, իսկ թե այդ ընթացքում էլ այն մնա նույնը, ապա` տասնմեկմետրանոցներ:
Թերեւս հիշատակենք երկու հիշարժան վիճակագրություն ու բավարարվենք այսքանով: Սեփական հարկի տակ «Բարսելոնի» անպարտ հանդիպումների սերիան ունի 22 ցուցիչը: Կատալոնցիները դրանցից 18-ում հաղթանակ են տոնել, 4-ն ավարտել են ոչ-ոքի: Ինչ վերաբերում է թիմերի վերջին վեց հանդիպումներին, դրանցից երկուսում հաղթել են Մոուրինյոյի սաները: Տեղեկացնենք նաև, որ Տիտո Վիլանովայի հիվանդության պատճառով «Բարսելոնին», ինչպես և կողմերի առաջին հանդիպումում, խաղադաշտ է դուրս բերելու նրա օգնականը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ