Ի դեմս «Բարսելոն»-«Միլան», «Շալկե-04»-«Գալաթասարայ», «Բավարիա»-«Արսենալ», «Մալագա»-«Պորտու» դիմակայությունների, ավարտին մոտեցող շաբաթը տվեց այն հարցի պատասխանը, թե Մադրիդի «Ռեալից», «Յուվենտուսից», Դորտմունդի «Բորուսիայից», ՊՍԺ-ից հետո որ թիմերն են կազմելու Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի հաջորդ քառյակը: Այդ խաղերից երկուսում հաղթանակ տարան տանտերերը, ովքեր, ի դեպ, պարտվել էին առաջին խաղում, երկուսում` հյուրերը: Այս վերջին պարագայում փոքր-ինչ այլ վիճակագրություն է, սակայն եկեք զարգացումներից առանձնապես առաջ չընկնենք, մանավանդ որ խոսելու ավելի քան առիթ կա:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԽՄԲԱԳՐՎԱԾ ԷՋ
«Բարսելոնի» միլանյան պարտությունը կատալոնյան ակումբին խաղի առաջին իսկ վայրկյաններից պարտադրեց ակտիվ գործողությունների, ու դա միանգամայն սպասված էր: Եթե ոչ արագ գոլերը, ապա դրանցից առնվազն մեկն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ցայտնոտի մեջ չընկնելու համար, որքան էլ դու «Բարսելոն» ես, աշխարհում թիվ մեկի համարում ունեցող ակումբ:
Իսկ խնդիրն իսկապես ծանրագույններից էր:
Ի դեմս իտալացիների, կատալոնցիները չափազանց լուրջ մրցակից ունեին: «Միլանը», Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ, լրջորեն լծվել է թիմի ունեցած երբեմնի հզոր փառքը վերադարձնելու գործին, հաստատակամորեն գնում է այդ ճանապարհով` չխնայելով բավականին լուրջ միջոցներ: Երկրի առաջնությունում թիմի վերջին շրջանի հաջողությունները, Չեմպիոնների լիգայի play off դուրս գալը, «Բարսելոնի» նկատմամբ տարած հաղթանակն ասածի համոզիչ ապացույցներից են: Սրանք պատասխան խաղից առաջ եղած ժամանակային չափի միլանյան ռեալություններն էին նույնչափ, որչափ այդպիսիք էին կատալոնյան ակումբի վերջին շրջանի անհաջողությունները, որոնցից մեկը մասնավորապես նշանակեց հրաժեշտ արքայական գավաթի համար պայքարին:
Ճշմարտության որոնումներում «Բարսելոնը» հանդիպման արդեն հինգերորդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Աբիատին անգամ չհասցրեց տեղից շարժվել` լոկ հայացքով ուղեկցելով Մեսիի հարվածը: Թող զարմանալի չթվա, սակայն «Միլանը» ոչ անմիջապես արձագանքեց ահազանգին: Պատճառը հարկավ նրա թույլ արձագանքողականության մեջ չպիտի փնտրել: Դա բարսելոնյան հզոր մամլիչի պարտադրած խաղի կանոնն էր` շնչել այնքան, որքան թույլատրվում է:
Մամլակը` մամլակ, սակայն բավ էր նրան մի ակնթարթ թուլանալ, բարսելոնյան պաշտպանությանն էլ` անփույթ գտնվել, ու արագ հետևեց արձագանքը: Սակայն Նյանգը ձեռքից բաց թողեց ճակատագրի նվերը` հարվածը դիպավ դարպասաձողին: «Բարսելոնն» արագ ուղղեց սխալը: Հաջորդ վայրկյանին իսկ Ինիեստան փառահեղ փոխանցում կատարեց ոտից գլուխ կրակ արգենտինացուն, ու հաշիվը դարձավ 2:0: Մեսիի ջանքերով չեզոքացվեց միլանյան հանդիպման երկու գոլի առավելությունը, ու խաղը, փաստորեն, սկսվեց մաքուր էջից:
Երբ 55-րդ րոպեին Չավիի փայլուն փոխանցումից հետո Դավիդ Վիլյան գրավեց դարպասը, արդեն պարզ էր, որ լրացուցիչ ժամանակի մասին խոսք այլևս չի կարող լինել: Խաղի մնացած մանրամասներին իմաստ չունի անդրադառնալ, որովհետև «Բարսելոնը» բացառիկ նախանձախնդրությամբ ամեն ինչ հասցրեց տրամաբանական ավարտին: Քանի որ ընթացքում եղել էին փոխարինումներ, խաղի հարկադիր դադարներ, մրցավար Կաշաին երեք րոպե ավելացրեց խաղակեսին, սակայն այդ րոպեներն ընդամենն ավելացրին «Միլանի» դառնությունը, որովհետև Ժորդի Ալբան իր հերթին նորից անհանգստացրեց իտալացիների դարպասապահին` հաշիվը դարձնելով անպատվաբեր, ինչին, խոստովանենք, «Միլանը» այնքան էլ արժանի չէր: Եվ այդուհանդերձ, «Բարսելոնը» տարավ համոզիչ հաղթանակ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ` ցույց տալով արտակարգ գեղեցիկ խաղ, խաղ, որին իսկապես կարոտել էինք:
Ի դեպ, կատալոնյան ակումբի այս հաղթանակը հետաքրքրական էր ոչ միայն մարզական նշանակությամբ: Մինչ այժմ Չեմպիոնների լիգայի այս փուլում չի եղել դեպք, որ երկու գնդակի տարբերությամբ, սակայն չոր հաշվով պարտություն կրած որևէ թիմի հաջողվի պայքարը շարունակել: Թեպետ համոզված եմ ուշադիր ընթերցելու ձեր կարողության մեջ, սակայն, բոլոր դեպքերում, թույլ տվեք մեկ անգամ էլ ուշադրություն հրավիրել ասվածին` որևէ թիմի: Այսպես ասելով, ինչպես տեսնում եք, ես չտվեցի «Բարսելոնի» անունը, քանի որ այն, ինձնից էլ լավ գիտեք, պարականոն է, դուրս է ամեն տեսակի օրենքներից ու օրինաչափություններից:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԺՈԽՔ
«Գալաթասարայի» հետ առաջին հանդիպման ոչ-ոքին, պարզից էլ պարզ էր, հոգեբանական առումով առանձնակի առավելություն չէր տալիս «Շալկե-04»-ին, քանզի թուրքական ակումբները, ի հաշիվ իրենց ֆանատների, ամենուրեք հավասարապես տանն են, իսկ Գերմանիայի ու, մասնավորապես, Լևերկուզենի պարագայում` առավել ևս, քանի որ այստեղ ունեն բավականին հոծ համայնք: Այնպես որ, «Շալկե-04»-«Գալաթասարայ» հանդիպումը զուտ ձևականորեն կարելի է համարել խաղ` լևերկուզենցիների հարկի տակ:
Արդ` այն մասին, թե ինչ եղավ բուն հանդիպման ընթացքում:
Երկու խաղի արդյունքով «Շալկեն» նկատելիորեն արագ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն ինքն իր իսկ կուրության զոհը դարձավ: Քաջ իմանալով, թե ինչ հուժկու հարվածների է տիրապետում Համիթ Ալթինթոփը (նա ոչ միայն ծնվել է Լևերկուզենում, այլև երկար ժամանակ խաղացել է «Շալկեում»), գերմանացիները նրան թողեցին ուղիղ նշանառությամբ անարգել «կրակել»: Իսկ քանի որ, հայտնի բան է, ախորժակն ուտելիս է բացվում, թուրքերն առաջին խաղակեսում նաև առաջ անցան: Ի դեպ, սա Բուրաք Յըլմազի ութերորդ գոլն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, ու այս ցուցանիշով նա Ռոնալդուի հետ կիսում է ռմբարկուների ցուցակի առաջին երկու հորիզոնականը:
Հայտնվելով պարտվողի կարգավիճակում` գերմանացիները երկրորդ խաղակեսում հավասարեցրին հանդիպման հաշիվը, սակայն երկու խաղի արդյունքում դա բավարար չէր դրական ելքի համար, որովհետև «Գալաթասարայն» ուներ մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփածի առավելությունը: Որքան էլ դեռևս բունդեսլիգայի առաջնությունից հոգնած (Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակը բառացիորեն քամել էր «Շալկեին»)` լևերկուզենցիներն ամեն ինչ արեցին խաղը փրկելու համար, սակայն մրցակցի դարպասը գրավելու փոխարեն ևս մեկ գոլ «կերան»: Արդյունքում` «Գալաթասարայը» մեկ քառորդում է, իսկ Չեմպիոնների լիգան մինչև այս փուլն առանց պարտության անցած «Շալկեն» մեզ նման սովորական հանդիսական է:
«ՄԱԼԱԳԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՆՋՈՒՅՔԸ
Առաջին խաղում զիջելով «Պորտուին» (0:1)` «Մալագան» սեփական հարկի տակ առավելության հասավ 2:0 հաշվով (Իսկո, Ռոկե Սանտա Կրուզ) ու ձեռք բերեց մեկ քառորդում պայքարը շարունակելու իրավունք: Ի դեպ, այս հանդիպումը մեկ ութերորդի այն խաղերի շարքից էր, որտեղ կողմերի հնարավորությունը մասնագետները գնահատել էին հիսունը հիսունի հարաբերությամբ: Ասենք, որ խաղի սկզբունքային բնույթը մեծ լարվածություն էր հաղորդել ֆուտբոլիստներին, իսկ արդյունքը եղան մեծաթիվ խախտումները` յոթ դեղին և մեկ կարմիր քարտ (Դեֆուրի հեռացումից հետո պորտուգալացիները գրեթե ամբողջ խաղակես հանդես եկան տասը հոգով): Առիթ ունեցել ենք նշելու, հիմա էլ ավելորդ չհամարենք հիշեցնել, որ «Մալագան» Չեմպիոնների լիգայի նորեկն է, ու, խնդրեմ, արդեն ուժեղագույնների ութնյակում է` Մադրիդի «Ռեալից» ու «Բարսելոնից» հետո դառնալով իսպանական ֆուտբոլի երրորդ ներկայացուցիչը, ինչն ուղղակի վկայությունն է Եվրոպայում ֆուտբոլային տերության ունեցած հեգեմոնիայի: ՈՒ քանի որ խոսեցինք երկրների ներկայացվածությունից, ասենք, որ մեկ քառորդում Իսպանիայից հետո մեկից ավելի ներկայացուցիչ ունի միայն Գերմանիան: Մնացած երեքն Իտալիան, Ֆրանսիան ու Թուրքիան են:
ԵԹԵ ԻՆՏՐԻԳ ՉԷՐ, ԻՆՏՐԻԳԻՑ ԷԼ ՊԱԿԱՍ ՉԷՐ
Չեմպիոնների լիգայի այս շաբաթ կայացած խաղերի մասնակիցներից ամենաանհուսալի վիճակում էր Լոնդոնի «Արսենալը», որը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել էր Մյունխենի «Բավարիային»` մի թիմի, որը պարզապես փայլուն է հանդես գալիս երկրի առաջնությունում (քսան միավորով առաջ է պոկվել Դորտմունդի «Բորուսիայից»), և որը, սկսած հոկտեմբեր ամսից, ոչ մի մրցաշարում չի ճաշակել պարտության դառնությունը:
Դառնալով կոնկրետ խաղին` դեռևս լոնդոնյան հանդիպումից հետո էր Արսեն Վենգերը հայտարարել, որ իր թիմի համար հույսի լույսերը չափազանց աղոտ են, սակայն դա չի նշանակում, որ «Արսենալը» չի փորձելու դիմակայել մյունխենցիներին ու զբոսաշրջիկի կարգավիճակով չի գնալու բավարական հող:
Թեկուզ և Վենգերը մեծ մարզիչ է, սակայն ոչ մեկը, բնականաբար, լրջորեն չընդունեց նրա ասածը, որովհետև ներկայիս «Բավարիան» խաղում է չափից ավելի ագրեսիվ ֆուտբոլ, հաշվի չի նստում ո՛չ նորաթուխների, ո՛չ էլ հեղինակավորների հետ, իր ճանապարհին հարթեցնում, գետնին է հավասարեցնում ամեն ինչ ու ամեն մեկին: ՈՒ բնավ էլ պատահական չէ, որ այն համեմատում են քանդող, ջարդող, ավերող մեքենայի հետ` համարելով Չեմպիոնների լիգայի թիվ մեկ ֆավորիտն այն դեպքում, երբ մեջտեղում «Ռեալ» ու «Բարսելոն» կա, հեղինակավոր մրցաշարերում բազմիցս հաղթած, այդ մրցաշարերում թրծված «Յուվենտուս» կա: Եվ այդուհանդերձ, չնայած գերմանական ակումբի ունեցած գերազանցությանը, մազ էր մնացել, որ «Արսենալը» դառնար ամենամեծ անակնկալի հեղինակը, թեպետ Գերմանիա էր ժամանել առանց գլխավոր հարվածային ուժի` Լուկաշ Պոդոլսկու (Անգլիայում հենց նա է եղել լոնդոնցիների միակ գոլի հեղինակը), առանց Վոյցեխ Շչեսնիի, Լյուկ ՈՒիլկշիրի:
Արդեն երրորդ րոպեին Թեո ՈՒոլկոտի «կրակոցը» մրցակցի դարպասն ուղղեց Ժիրուն: Նման սկիզբը, եթե ինտրիգ չէր, ինտրիգից էլ պակաս չէր: Սակայն սեփական գերազանցության մեջ համոզված` «Բավարիան» առանձնապես չէր շտապում մտնել խաղի մեջ` ակնհայտորեն լուծված համարելով հաջորդ փուլ դուրս գալու խնդիրն ու ջանալով ուժերը խնայել առաջիկա կարևորագույն խաղերի համար` ապավինելով կայծակնային հակադարձումների մարտավարությանը:
Եթե առանձնապես երկարացնելու չլինենք, տևական ժամանակ հանդիպումում մի իրավիճակ էր, որտեղ «Արսենալը» ջանում էր պահպանել առավելությունը, իսկ «Բավարիան» գործում էր հնարավորի ակնկալիքով: Սակայն, ինչպես ցույց տվեց խաղավարտը, Վենգերն ուժեր էր խնայել վերջին տասը-տասնհինգ րոպեների համար:
ՈՒթսուներորդ րոպեին Ժերվինյոյի հարվածից հետո գնդակը պարզապես հրաշքով չհայտնվեց ցանցում: Զինագործները հինգ րոպե անց ուղղեցին իրենց վրիպումը. անկյունայինի խաղարկումից հետո Նոյերի դարպասը գրավեց Կոսելնին, իսկ մնացած ժամանակի համար ավելին անելու լոնդոնցիների ուժը պարզապես չբավականացրեց: Ճիշտ է, երկու հանդիպումների վերջնահաշվում «Արսենալը» պարտվեց, սակայն այդ օրն «Ալյանց Արենայում» «Բավարիայի» քիթը հիմնավորապես տրորվեց: Համենայն դեպս, «Արսենալը» մյունխենցիների առաջիկա մրցակիցներին ցույց տվեց գերմանական մեքենայի խոցելի տեղերը:
Ահա այսպիսի լարված ընթացք ունեցան Չեմպիոնների լիգայի երկրորդ քառյակի հանդիպումները, որոնք, նախորդ շաբաթվանն էլ հաշված, ամբողջացրին ուժեղագույն ութնյակը: Սակայն, ինչպես հասկանում եք, այդ ութնյակն իր ներսում միատարր չէ ու պոտենցիալով էլ հավասարազոր չէ: Խոշոր հաշվով, այն բաղկացած է ուժեղագույն և ուժեղ երկու քառյակից: Բնականաբար, առաջինը կազմողները «Բարսելոնը», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» ու «Յուվենտուսն» են, երկրորդը` մնացածները: Արդ` թե մեկ քառորդում ով ում կունենա մրցակից, պատասխանը կիմանանք այսօր կայանալիք վիճակահանությունից: Ամեն կերպ ձգտելով պատշաճությունը պահպանել` ես ասեմ` կիմանանք վիճակահանությունից, Դուք հասկացեք այսպես` ինչպես կորոշեն վերևներում: Եթե իմ ասածի մեջ անմեղության կանխավարկածի նորմի խախտում կտեսնեք, ի՞նչ ասեմ, դա էլ բարդեք իմ ուսերին: Մեկ է, վերևում հստակ գիտեն` ով ով է, և ով է մեղքի բեռով կանգնելու մեղավորների կշռաթաթին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ