«Իրատես de facto»-ի հյուրն է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-Պարոն Գրիգորյան, հետընտրական զարգացումներն ուղեկցվեցին դասադուլների կոչերով։ Որքանո՞վ եք դասադուլային այդ կոչերն արդարացված համարում, և արդյոք ուսանողները պե՞տք է ներգրավվեն քաղաքական գործընթացներում։
-Երևանի պետհամալսարանում դասադուլ չի եղել, դասերը նորմալ ընթացել են։ ՈՒսանողությունը քաղաքական գործընթացներին կարող է մասնակցել, եթե դրանք այնպիսի հարցադրումներ են անում, որոնք խիստ առաջնային են երկրի կայունացման, զարգացման ու անվտանգության ապահովման տեսակետից։ 1965-ին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ, հանրապետությունը և հատկապես ուսանողությունը առաջին անգամ պահանջատիրության խնդիրներով ոտքի կանգնեցին տոտալիտար երկրում։ Դա համազգային խնդիր էր, և ուսանողությունը չէր կարող այդ հարցում անտարբեր լինել։ Ես այն ժամանակ 4-րդ կուրսի ուսանող էի, ակտիվորեն մասնակցում էի բոլոր այդ միջոցառումներին, որոնք բավականին կազմակերպված էին. ոչ մի ծաղիկ, ոչ մի թուփ չվնասվեց, ոչ մեկի հասցեին վիրավորական խոսքեր չհնչեցին։ Նույնը 1988-ին էր, երբ ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել՝ պահանջելով ղարաբաղյան հարցի արդար լուծում։ Այդ տարիներին բոլորս միասնական էինք՝ և՛ ուսանողները, և՛ դասախոսները։ Դա համապետական, համազգային շարժում էր, որին պետք է անպատճառ մասնակցեր յուրաքանչյուր հայ, առավել ևս՝ ուսանողությունը։
-Այսօր կա՞ն նման նախադրյալներ։
-Այս դեպքում նման հարցադրում չկար։ Տեղի են ունեցել ընտրություններ, կայացած պետություն ենք, կան պետական ինստիտուտներ, որոնք կոչված են ապահովելու արդար ընտրությունների անցկացումը, գնահատելու դրանց արդարությունը։ Բոլոր ինստիտուտները կան մեր երկրում, որպեսզի դրանք համարվեն կայացած կամ չկայացած, արդար կամ ոչ արդար։ Կան մեծ թվով միջազգային դիտորդներ, որոնք իրենց կարծիքը հայտնեցին, ինչը մեզ համար ինչ-որ տեղ նշանակություն ուներ։ Այսինքն՝ որևէ հիմք ուսանողության ընդվզման համար գոյություն չունի։ Դա էր պատճառը, որ ուսանողները չգնացին այդ քայլին. հիմնավոր պատճառ չկար, և դրված չէր ազգի համար առաջնային որևէ խնդիր։ Պարզապես ընտրությունների արդյունքներից կար որոշակի քաղաքական ուժերի դժգոհություն։ Ցավոք, մեր երկրում այնպիսի հոգեբանական իրավիճակ է ստեղծվել, որ ընտրությունների նկատմամբ թերահավատորեն ենք լցված։ Մեր ամբողջ 20-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ միշտ էլ պարտվողը չի հաշտվում և իր կողմնակիցներին դուրս է բերում հրապարակ։
-Պարոն Գրիգորյան, ՀՀ նախագահն իր վերջին ասուլիսում նշեց, որ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է, ինչը պետք է վերանա։ Դուք այդ գաղջ մթնոլորտը Ձեր շրջապատում զգո՞ւմ եք։
-Այդ գաղջ մթնոլորտը մենք բոլորս ենք զգում։ Ընդհանրապես, ազգի, պետության ճակատագրի համար ցանկացած երկրում և բոլոր ժամանակներում առաջին պատասխանատուն նրա մտավորականությունն է։ Բանվորը, գյուղացին մոտ չեն կանգնած քաղաքականությանը, չգիտեն՝ ինչ է կատարվում համաշխարհային քաղաքականության, տնտեսության մեջ։ Այդ բանվորին, գյուղացուն, ժողովրդին պետք է ուղեկցի մտավորականը։ Ես մտավորական եմ համարում ոչ միայն այն մարդուն, ով բանաստեղծություններ է գրում, ֆիլմեր նկարահանում, այլև նրան, ով կարող է հող մշակել, ծառ աճեցնել՝ միևնույն ժամանակ զբաղվել երկրի հոգսերով, ազգի խնդիրներով և մասնակցել դրանց լուծմանը։
-Ըստ Ձեզ՝ մտավորականությունը կտրվա՞ծ է ժողովրդից։
-Մեզանում այնպիսի հոգեբանական վիճակ է ստեղծվել, որ հատկապես լրատվամիջոցները խորացնում են ժողովրդի մեջ եղած անվստահության մթնոլորտը, արժեզրկում, անվանակոչում ու պիտակավորում են երկրի քաղաքական, պետական ղեկավարներին, պետության հիմքերը պահպանելուն կոչված պետական ինստիտուտները։ Ես կարող եմ օրինակներ բերել, երբ իր ոլորտում լավագույն մասնագետը թույլ է տալիս ոչ վայել, վիրավորական արտահայտություններ ազգային արժեք ունեցող մեծերի նկատմամբ։ Երբ կարդացի իմ կողմից շատ հարգված հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գնահատականները մեր կաթողիկոսների վերաբերյալ՝ սկսած Վազգեն Ա-ից մինչև Արամ Ա, զարմացա։ Հնարավոր է՝ անձնական շփումների ժամանակ զգացել ես նրանց այդ մարդկային թուլությունները։ Մենք բոլորս էլ սխալական ենք, բայց դրանք հանրությանը ներկայացնել նման կեցվածքով ու արժեզրկել այդ մարդկանց, ստեղծել բացասական պատկերացումներ նրանց նկատմամբ, համարում եմ անթույլատրելի։ Կամ հեռուստատեսությամբ ինչ-որ մեկը Վազգեն Առաջինին անվանում է երկդիմի, քանի որ 1988-ի շարժման ժամանակ դիմում էր ժողովրդին, որ ավելի զգույշ լինի, հեռու մնա սադրանքներից։ Նա ճիշտ էր, ազգի մեծերն այդպես էլ պետք է մտածեն, նրանք չեն կարող ընդառաջ գնալ ամբոխավարությանը։ Դա խիստ վտանգավոր է։ Եվ հանկարծ նման կեցվածքն այսօր ներկայացվում է որպես երկդիմություն։ Դա վիրավորական է, անթույլատրելի։ Իսկ ո՞վ է ստեղծում այդ իրավիճակը։ Զանգվածային լրատվամիջոցներն օգտագործելով՝ որոշ մարդիկ, որոնք իրենց գործում ընդունելի ու հարգելի են, սակայն իմ նշած հարցերում սխալներ են թույլ տալիս։ Նույնը կարող եմ ասել սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի մասին։ Գուցե երկրի նախագահը լռում է, չի պատասխանում, բայց մենք պետք է դա թույլ չտանք։ Մեկնաբանները, որ լրատվամիջոցներում զրուցում են նման մարդկանց հետ, պետք է իսկույն դադարեցնեն զրույցը՝ ասելով, որ լրատվամիջոցը հայհոյելու տեղ չէ։ Սկզբունքներ ունեք, առաջադրեք ձեր խնդիրները, պաշտպանեք, հասեք դրանց իրականացմանը առանց ավելորդ հայհոյանքների։ Կան որոշ մեկնաբաններ, որոնք կատարում են իրենց ոչ կենսաբանական «պապաների» պատվերները։ Նրանց խոսելու ոճը, մակարդակը, շարժումները բացասական ազդեցություն են թողնում հասարակության վրա, հասարակությանը ներարկում են չենթարկվելու, ոչ մի սրբության առաջ կանգ չառնելու մտայնություն։ Դա այն կեղծ ազատությունն է, որ, ցավոք, շատ դեպքերում հասարակությանն ու պետությունը տանում է կործանման։ Այդպիսի խոսքի ազատությունը խիստ վտանգավոր է. այն բերում է անդաստիարակության, ամենաթողության։ Մենք անցել ենք փողոցային դաստիարակության։ Հասարակությունն այսօր կարիք ունի դաստիարակության, իսկ այդ դաստիարակողը պետք է լինեն և՛ լրատվամիջոցները, և՛ դպրոցը, և՛ բուհը։ Գաղջ վիճակն այդտեղից է գալիս։ Հասկանում ենք, կան անարդարություններ, ծանր խնդիրներ, կա ժողովրդի մի հատված, որ հացի խնդիր ունի, բայց դա չպետք է հիմք հանդիսանա, որ մենք ատելություն սերմանենք մեկս մյուսի նկատմամբ և երկիրն ատենք։
-Չե՞ք կարծում, որ նման վարքագծի են մղում ամեն քայլափոխի հանդիպող անարդարությունները, ամենաթողությունը։
-Ես հիշում եմ 1947-48 թթ., երբ մեր ժողովուրդը շատ ծանր վիճակում էր։ Մարդիկ կոլեկտիվ տնտեսություններում մի փոր հացի համար էին աշխատում։ Տատս դաշտում աշխատողների համար ճաշ էր պատրաստում, ես էլ աշխատում էի նրանց հետ և մի ափսե ճաշ էլ ինքս էի ուտում։ Չնայած ապրում էինք տոտալիտար երկրում, սակայն այն ժամանակ չկար այսպիսի չարություն, ատելություն մեկը մյուսի նկատմամբ։ Կար հավատ, և այդ հավատը սերմանվում էր բոլորի կողմից, բաց միջոցներով։ Ամբողջ մտավորականությունը կոչ էր անում ժողովրդին դիմանալ ծանր օրերին, քանի որ ապագան լավն է լինելու։ Ցավոք, այսօր այդպես չէ։ Մասնավոր սեփականության գաղափարը շատ մարդկանց զրկեց ապագայի նկատմամբ հավատից, գնում է հասարակության խիստ շերտավորում։ Մեկը հացի խնդիրը չի կարողանում լուծել, մյուսը ձեռք է բերում միլիարդներ։ Ամենավտանգավորը սոված մարդն է, որը ոչ մի հավատ չունի։ Ցավոք, մենք ստիպում ենք, որ բոլորս այդ հավատը կորցնենք։ Եվ երկրից այսօր բողոքում են ոչ միայն աղքատները, այլև հարուստները։ Դա հենց գաղջ մթնոլորտի արդյունքն է։ Գաղջ մթնոլորտն է ժողովրդին վերածում ամբոխի։ Եթե առողջացնենք մթնոլորտը, և մարդիկ կարողանան անկեղծ խոսել, հարցերը լուծեն քննարկման միջոցով, ոչ թե միտինգային ելույթներով, կտեսնենք, որ հարցադրումներն այլ կերպ կլինեն։ Խոսում ենք հետընտրական արժեքների մասին։ Անկեղծ ասած, ինձ զարմացրեց թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը, երբ նա, հավաքելով 37 տոկոս ձայն, հայտարարում է հացադուլ։ Երբ նախագահի թեկնածուն, որ ցանկանում է նախագահ դառնալ, տառապում է մանկական հիվանդությամբ, արդեն վտանգավոր է։ Ի՞նչ է նշանակում՝ եթե չտաք ինձ նախագահի պաշտոնը, հացադուլ կանեմ, ինքնասպան կլինեմ։ Եվ պատկերացրեք՝ նման հոգեբանության տեր մարդը դառնա նախագահ։ Եվ այդ ամենը գաղջ մթնոլորտի արդյունք է։
-Պարոն Գրիգորյան, քաղաքական էլիտան, մտավորականությունը կերտվում են բուհերում։ Չե՞ք կարծում, որ համապատասխան արժեհամակարգ ձևավորողը հենց բուհերն են։
-Ոչ միայն բուհերը։ Ես կարող եմ խոսել միայն ԵՊՀ-ի մասին։ 1960-ին ես ոտք եմ դրել ԵՊՀ և անցել եմ բոլոր աստիճաններով։ Ես իմ հիմնական դաստիարակությունը ստացել եմ ընտանիքում՝ ծնողներիցս, ովքեր մանկավարժներ են եղել։ Ընտանիքից հետո այն ստացել եմ համալսարանում։ Համալսարանը եղել է ոչ միայն կրթության, գիտության, այլև հայ քաղաքական մտքի զարգացման կենտրոն։ Հայ քաղաքական միտքը մեր պետականության տարբեր ժամանակաշրջաններում շատ դեպքերում զարգացել և ձևավորվել է ԵՊՀ-ում։ Համալսարանի կոլեկտիվի հետ հաշվի էին նստում նույնիսկ կենտկոմի քարտուղարները։ Այդպիսին էլ կա այսօր։ Մեր մտավորականների, պետական գործիչների ճնշող մասը դուրս է եկել համալսարանից։ Բայց այսօր գտնվում են մարդիկ, որ հեշտությամբ պիտակավորում են բուհը։ Մեկ էլ կարդում ես՝ ինչո՞ւ է այդպես մանրացել համալսարանը։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր տեղյակ չեն, թե ինչ է կատարվում բուհի ներսում, համալսարանը ժողովրդի աչքին դարձնում են մի սովորական կազմակերպություն, որն իբրև թե այնքան մանր է, որ կարելի է նրա հետ հաշվի չնստել։ Ես հեռու եմ այն մտքից, թե համալսարանում խնդիրներ չկան, բայց չի կարելի պետական կարևորագույն ինստիտուտներից մեկին, որ մեծ դերակատարում ունի մեր պետության կյանքում, նման պիտակավորումներ տալ։ ԵՊՀ-ն ոչ մի անգամ չի մանրացել, նույնիսկ ամենածանր պահերին՝ բռնապետության տարիներին։ Այսօր էլ նա իր բարձունքում է։ Համալսարանում սովորողների մակարդակը, բոլոր առումներով, մի քանի անգամ բարձր է, քան որևէ այլ բուհի։ Համալսարանը նման կերպ պիտակավորելը պատիվ չի բերում և ոչ մի մեկնաբանի։ Մարդ պետք է իր խոսքը գնահատի։ Նարեկացին ասում էր. «Եթե չես կարողանում տեղին, ճիշտ խոսել, մի՛ եղիր վարդապետ»։ Մեզանում այսօր բոլորը վարդապետություն են անում, բայց տեղին, ճիշտ չեն խոսում։ Մեր առաջնային խնդիրն է՝ հեռու մնալ անհատական ձգտումները, անձնական ընչաքաղցությունը պետության, ժողովրդի վզին փաթաթելուց, և նրանց մեր կեղտոտ խաղերին մասնակից դարձնելուց։ Պետք է հավատանք, որ այս երկիրը ոչ միայն պետության նախագահինը կամ վարչապետինն է, այլև մերը։ Ոչ միայն երկրի նախագահը պետք է պատասխանատու լինի երկրի առջև, այլև բոլորս։ Իհարկե, պետք է պայքարենք արդարության համար, բայց այդ պայքարը չպետք է հանգեցնի երկրի թուլացման։ Այն պետք է բերի մեր պետության հզորացման։
Զրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ