Չեմ կարծում, թե չիմացողներ կլինեն, բայց, բոլոր դեպքերում, պարտքս համարեմ զգուշացնել` հրաշալի ֆուտբոլային շաբաթ է սկսվել. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում այսօր կվայելենք «Բավարիա»-«Բարսելոն», վաղը` «Բորուսիա»-«Ռեալ» մրցակցությունների հաճույքը, էն մյուս օրվա «Չելսի»-«Բազել», «Ֆեներբախչե»-«Բենֆիկա» (Եվրոպայի լիգա) դիմակայություններն էլ` ձեզ փեշքեշ: Այնպես որ, թե՛ տերտերի ճաշակով բան կա, թե՛ տերտերից ծռված իրիցկնոջ:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները եկեք թողնենք մի կողմ, քանզի, նախ, դեմներս սուր զգացողությունների երկու օր կա, երկրորդ, որքան էլ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչները նույնպես երևույթ են, սակայն մրցակցային առումով, Չեմպիոնների լիգայի հետ անհամեմատելի են, և, վերջապես երրորդ, ինչպես ասում են, էստեղ ենք, հո չփախանք կամ չարտագաղթեցինք (մի քիչ էլ մենք արդիական տերմիններ օգտագործենք, թե չէ կիմանան շատ հին մարդ ենք): Այնպես որ, կհասցնենք խոսել:
ՈՒրեմն` նախ էսօրվանը:
«ԲԱՎԱՐԻԱ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»
Հասկանալի է, որ «Բավարիան» կփորձի հաղթահարել «Բարսելոնի» արգելքն ու դուրս գալ եզրափակիչ, որտեղից չեմպիոնական գավաթն առանձնակի մոտ է երևում (չնայած անցած տարի էլ էր մերձ հեռավորությամբ, բայց դե տեսաք, չէ՞, «Չելսին» ինչպես մյունխենցիների քթի տակից գավաթը տարավ, այն էլ` «Ալյանց Արենայում»): Սակայն հասցնեմ չտրտմեցնել ակումբի երկրպագուներին. նախ, տարին տարվա վրա մեկ չի լինում, երկրորդ, շատ հնարավոր է, որ հենց Հայնկեսի թիմը դառնա Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, մանավանդ որ դրա համար ավելի քան ռեալ հիմքեր կան. թիմը ֆանտաստիկ է խաղում, բոլոր օղակները բացառիկ բալանսավորված են, հաղթելու անկոտրում կամքն էլ Աստված տվել, չի խնայել: Սակայն հաղթել էլ կա, հաղթել էլ. եթե նայենք այդ խաղերում նրանց խփած գոլերի թվին, կթվա թե բավարացիները բասկետբոլ են խաղում:
Հասկանալի է, որ իր հերթին «Բարսելոնը» կփորձի հաղթահարել «Բավարիայի» արգելքն ու դուրս գալ եզրափակիչ, որտեղ այն, ինչը պիտի երևա, վերջին վեց տարում արդեն երեք անգամ շոշափելիորեն երևացել է, և կատալոնցիները մյունխենցիների պես դեմ չէին լինի նույնպես հինգերորդ անգամ գավաթը ձեռքներում պահելուն: Սակայն, «Բավարիայի» համեմատ, «Բարսելոնի» խնդիրը մի քիչ բարդ է: Հիշենք խմբայինից` «Սելթիկին», մեկ ութերորդում` «Միլանին» պարտվելը, երկու ոչ-ոքիով ՊՍԺ-ին անցնելը, Մեսիի բացակայության պայմաններում թիմի խաղի գլամուրի բացակայությունը, օբյեկտիվորեն պատուհասված այլևայլ բաներ, բայց, այսքանով հանդերձ, պահանջելու պես խնդրում եմ չմոռանաք, որ «Բարսելոնը» կա և մնում է աշխարհի վերջին տարիների թիվ մեկ թիմն իր մեծագույն արգենտինացիով, ում, «Բավարիայի» հետ խաղին ընդառաջ, ներքին առաջնության վերջին խաղում հանգստանալու հնարավորություն էին տվել` ամեն կարգի պատահականություններից խուսափելու համար: Իսկ Մեսին, ինքներդ էլ ինձնից լավ գիտեք, խաղակենտրոն ֆուտբոլիստ է:
«ԲՈՐՈՒՍԻԱ»-«ՌԵԱԼ»
«Բորուսիան», ինչպես գիտեք, տասնհինգ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ է հայտնվել լավագույն քառյակում, որտեղ, ի դեպ, կարող էր և չլինել` մեկ քառորդի այն դրամատիկ խաղից հետո: Հարկավ լավ եք հիշում «Մալագայի» հետ դիմակայությունում ավելացված չորս րոպեի ընթացքում նրանց խփած երկու գոլն ու վերջնարդյունքում հաղթանակը պոկելը: Այնպես որ, կիսաեզրափակիչ դուրս գալով, դորտմունդցիներն արդեն իսկ մի անգամ հիմնավորապես թռել են իրենց գլխի վրայից, իսկ եթե մեկ անգամ հաջող թռել ես, ի՞նչն է խանգարում երկրորդ փորձն էլ անելուն, մանավանդ որ գերմանացիները մադրիդցիների հետ ձեռք ձեռքի տված են անցել խմբային փուլը` նրանց այդպես էլ հնարավորություն չտալով ճաշակելու իրենց նկատմամբ հաղթանակի բերկրանքը: Իսկ ո՞վ է ասել, որ այս անգամ «Բորուսիան» սուփրա-սեղան է գցելու «Ռեալի» պատվին ու, «էստի համեցեք» ասելով, բերելու է բազմեցնի գլխին:
«Բորուսիայի» համեմատ «Ռեալը», ինչ խոսք, շա՜տ ավելի տիտղոսավոր թիմ է: Թեպետ գիտեք, բայց չի խանգարի մեկ անգամ ևս վերհիշել, որ մադրիդցիները Չեմպիոնների լիգայի իննակի գավաթակիր են, ու սրանով շատ բան է ասված: Սակայն եկեք պատմության բաժին վկայումները թողնենք նույն այդ պատմությանը (այդ թվում և մեկ ութերորդում «Մանչեստր Յունայթեդի» հետ փառահեղ խաղը մանրամասների մեջ հիշելը) ու անդրադառնանք այսօրվա իրողություններին: Փաստը մնում է փաստ, որ, ի տարբերություն «Բավարիա»-«Բարսելոն» զույգի, «Բորուսիա»-«Ռեալ» երկյակում միմյանց են հանդիպում խաղաոճով իրար շատ նման թիմեր. երկուսն էլ գերապատվությունը տալիս են սուր հարձակողական գործողություններին, երկուսն էլ սիրում են գնդակն առանձնապես չպահել դաշտի կենտրոնում, երկուսն էլ աչքի են ընկնում մրցակցի դարպասը գրավելու, այն էլ հաճախակի գրավելու «թուլությամբ»: Այնպես որ, այստեղ ամեն ինչ կտեսնենք, բացի զգուշավոր ֆուտբոլից, որը շատ հավանական է առաջին զույգի դեպքում: Մի խոսքով, կողմերն իրար թե՛ բարեկամաբար անխնա քրքրելու են, թե՛ անխնա քերթելու են, թե՛ անխնա սրի են քաշելու:
Ամփոփենք: Կիսաեզրափակիչ քառյակը կազմել են իսկապես հզոր թիմեր, ու որքան էլ ուզում եմ լիգայի այս փուլի համար երբևէ գոյություն ունեցած ավելի հզոր քառյակ մտաբերել, հիշողությունս տեղի է տալիս: Ովքե՞ր կհաղթեն ու դուրս կգան գլխավոր խաղ` նույնպես դժվար է պատասխանել: Ես խուսափում եմ այս հարցում ընթերցողին կողմնորոշելուց` համարելով, որ դա այս պարագայում անպտուղ զբաղմունք է, իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն դա անել, հավատացեք, պարզապես սուր զգացողությունների սիրահար են կամ… «Վիվարոյի» ծպտյալ գործակալ` այստեղից բխող հայտնի ու անհայտ հետևանքներով: Սակայն, որպեսզի չընկալվի, թե ոչ մի կարգի դիրքորոշում չունեմ, մեկ բան, այնուամենայնիվ, փորձեմ գուշակել: Դա այն է, որ եզրափակիչը կարող է լինել իսպանական, իսպանագերմանական, բայց ոչ երբեք զուտ գերմանական:
ՆԵՐՔԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Քանի որ ընթերցողը վարժվել է յուրաքանչյուր երեքշաբթի եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների ներքին առաջնությունների առաջատար եռյակների մասին տրվող հրապարակումներին, ուստի չխախտենք ավանդույթը:
Իսպանիայի առաջնությունում հանգստյան օրերին հաղթանակով են իրենց հանդիպումներն ավարտել թե՛ «Բարսելոնը», թե՛ Մադրիդի «Ռեալը»: Առաջինը 1:0 հաշվով հաղթել է «Լևանտեին» (Մեսին չի մասնակցել խաղին), երկրորդը` «Բետիսին» (3:1): Տուրի հանդիպումը բաց թողած Մադրիդի «Աթլետիկն» ունի 65 միավոր և վեց միավորով է զիջում «Ռեալին»: Ինչ վերաբերում է կատալոնցիներին, նրանք Մոուրինյոյի թիմի նկատմամբ ունեն տասներեք միավորի առավելություն:
Բունդեսլիգայի առաջնությունում հաղթական թափը չկոտրեց չեմպիոնությունը վաղաժամկետ նվաճած Մյունխենի «Բավարիան»` արտագնա խաղում 6:1 հաշվով առավելության հասնելով «Հաննովերի» նկատմամբ: Հաղթանակով ավարտեց հանդիպումը նաև Դորտմունդի «Բորուսիան»` տանը գերազանցելով «Մայնցին» (2:0): Հաղթելու կամքով առանձնացավ նաև երրորդ տեղում ընթացող «Բայերը»` տնային խաղում հինգ անպատասխան գնդակ ուղարկելով «Հոֆենհայմի» դարպասը:
Անգլիայի առաջնությունում առաջին երկու հորիզոնականները 81 և 68 միավորներով շարունակում են իրենց ձեռքում պահել մանչեստրյան երկու թիմերը` «Յունայթեդն» ու «Սիթին» և դա չնայած նրան, որ տուրի հերթական հանդիպումում վերջինս հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջել է «Տոտենհեմին»: Ի հաշիվ արտագնա խաղում «Ֆուլհեմի» նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակի` 64 միավորով մրցանակային եռյակ ներխուժեց «Արսենալը», սակայն մեկ խաղ ավելի է անցկացրել իրեն մեկ միավորով զիջող «Չելսիի» համեմատ:
Իտալիայի առաջնության առաջատար «Յուվենտուսը» հարազատ Թուրինում 1:0 հաշվով հաղթեց երրորդ տեղում գտնվող, վերջին ժամանակներս մեծ թափ հավաքած «Միլանին» ու շարունակում է 77 միավորով վստահորեն գլխավորել աղյուսակը: Ինչ վերաբերում է «Նապոլիին», տնային խաղում «Կալյարիի» նկատմամբ 3:2 հաշվով տարած հաղթանակից հետո արդեն յոթ միավորով է առաջ «Միլանից»: Միջանկյալ նշենք, որ հաղթական գնդակը նեապոլցիները խփել են խաղավարտից վայրկյաններ առաջ:
Եվ վերջապես` Ֆրանսիայի առաջնության մասին: Հաղթանակներ են տոնել թե՛ 61 միավորով երկրորդ տեղում ընթացող «Մարսելը», թե՛ երրորդ հորիզոնականում գտնվող «Լիոնը» (59 միավոր): Առաջինը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով գերազանցել է «Բրեստին», երկրորդը, հյուրընկալվելիս, հաղթել է «Մոնպելիեին» (2:1): Հաղթանակի քաղցրությունը ճաշակել է նաև ՊՍԺ-ն` երեք չոր գնդակ խփելով հյուրերի` «Նիցցայի» դարպասը: Փարիզյան ակումբի ակտիվում է արդեն յոթանասուն միավոր, և դժվար թե այն մեկ ուրիշին թույլ տա չեմպիոնությունը խլել իր ձեռքից: Այս խաղում իր 27-րդ գոլն է խփել Զլատան Իբրահիմովիչը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ