Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

«Մարականան» սկսեց ոչ-ոքիով

«Մարականան» սկսեց ոչ-ոքիով
04.06.2013 | 11:29

Բնականաբար խոսքը կիրակի աշխարհահռչակ «Մարականայում» կայացած Բրազիլիայի ու Անգլիայի հավաքականների ընկերական հանդիպման մասին է, իսկ վերնագրի մեջ շեշտադրված մարզադաշտը գործող կողմ է այնքանով, որ Բրազիլիայում 1914 թվին կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ վերակառուցումից հետո հանդիսատեսին առաջին անգամ ներկայացավ իր ողջ հմայքով:
Սա մրցակցող կողմերի թվով քսանհինգերորդ հանդիպումն էր: Նախորդ տասնմեկում հաղթել են բրազիլացիները, չորսում` անգլիացիները, ինը հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով:
Հանդիպման 2:2 հաշիվը դնենք մի կողմ ու փորձենք խոսել խաղի որակից, սակայն նախապես ասելով, որ եթե կազմի հետ կապված բրազիլացիները խնդիր չունեին, ապա անգլիացիները չէին կարող օգնություն ակնկալել վնասվածքների պատճառով տանը մնացած Սթիվեն Ջերարդից, Ջեկ ՈՒիլշերից, Էնդի Քերոլից, Դանիել Սթարիջից, ովքեր հավաքականի հարվածային միավորներն են: Ի դեպ, նույն այդ վնասվածքի պատճառով այդպես էլ խաղադաշտ չմտավ նաև Դենի ՈՒիլբեքը, ով, թիմին օգտակար լինելու ակնկալիքով, համենայն դեպս, հատել էր օվկիանոսը:
Ինչևէ: Չնայած առաջին խաղակեսում ցուցադրած գերարագ ֆուտբոլին` բրազիլացիները չկարողացան նյութականացնել առավելությունը: Փոխարենը գոլերը խփվեցին առաջին խաղակեսի համեմատ երկրորդ կեսում ցույց տրված ավելի չափաբերված արագությունների պայմաններում: Նախ աչքի ընկավ Ֆրեդը, ապա` Պաուլինիոն, սակայն բրազիլացիների խփած գոլերի արանքում անգլիացիները, ի հաշիվ Օքսլեյդ-Չեմբեռլենի ու Ռունիի կողմից դարպասի գրավման, կարողացել էին հավասարեցնել հաշիվն ու առաջ անցնել:
Փաստենք` խաղը գեղեցիկ էր, դիտարժան, դարպասի չորս գրավումներն էլ բացառիկ գեղեցկության էին: Բրազիլացիները ցույց տվեցին, թե հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությունում ինչ կարգի հիմնախնդիրների կարող են բախվել ապագա մրցակիցները, անգլիացիները պակաս համոզիչ չեղան իրենց հնարավորություններն ի ցույց դնելու մեջ: Բոլոր դեպքերում, ակնհայտ է մի բան` խաղի ընթացքին հետևածներն իզուր ժամանակ չվատնեցին:
Օրվա երկրորդ առանձնանալի խաղն ԱՄՆ-ի ու Գերմանիայի ընտրանիների մրցակցությունն էր: Այն, որ ամերիկացիները վաղուց էին սպասում այս հանդիպմանը, պայմանավորված էր նաև նրանով, որ ամերիկյան ընտրանու գլխավոր մարզիչը գերմանացի հանրահայտ ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանն է, իսկ թե մանավորապես ինչու է կացինը ջանադիր գործում, հայտնի իմաստնության հավաստմամբ, գիտեք, պոչից է: Այս խաղը ստացվեց ակնկալվածից ավելի քան արդյունավետ: Համատեղ ջանքերով խփվեց յոթ գոլ, որից չորսը տանտերերի ակտիվում է, երեքը` գերմանացիների: Ընդ որում, հյուրերը վերջին երկու գոլը խփել են այն բանից հետո, երբ լուսատախտակի վրա շողշողում էր գերմանացիների խայտառակ պարտությունը վկայող 1։4 հաշիվը: Հանուն ճշմարտության ասենք, որ Յոահիմ Լյովի գլխավորած ընտրանին հանդիպմանը մասնակցել է առանց Մյունխենի «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողների, փորձառուներից հանդիպմանը մասնակցել են լոկ Պեր Մերտեզակերը, Լուկաս Պոդոլսկին ու Միրոսլավ Կլոզեն, ում, գերմանական ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Գերդ Մյուլլերի ռեկորդը կրկնելու համար, չի բավականացնում ընդամենը մեկ գնդակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ