Հունիսի 21-22-ին տեղի ունեցավ «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»: Պաշտոնական բացումն իրականացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը: Ֆորումի նպատակն էր աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
«ԴիջիԹեք բիզնես ֆորումին» այս տարի մասնակցում էին և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացրին 62 կազմակերպություններ և ծրագրեր, որոնցից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալու հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայություններ և այլն:
Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները ներկայացրին պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ֆինանսների նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը:
«ԴիջիԹեք բիզնես ֆորում-2013»-ին ներկա էին և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումներն էին ցուցադրում կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, ՈՒկրաինայից:
«ԴիջիԹեք բիզնես ֆորումին», ի թիվս այլ ընկերությունների, մասնակցում էր նաև «Մայքրոսոֆթ-Հայաստանը»` գործարար աշխարհին ներկայացնելով իր նորագույն լուծումները։ «Մայքրոսոֆթ-Հայաստանի» տնօրեն ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ կարծում է, որ նորագույն լուծումները շատ կարևոր են ժամանակակից բիզնեսում արտադրողականությունը, արդյունավետությունը բարձրացնելու առումով։ «ԴիջիԹեք բիզնես ֆորումի» գաղափարը հենց դա է. ցույց տալ, թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են փոխել աշխարհը, բարձրացնել արդյունավետությունը, անվտանգությունը։ Գ. Բարսեղյանը կարծում է, որ շատ կարևոր է տեխնոլոգիաների առաջմղումը. «Պետք է ցույց տալ պետական հատվածին, գործարար աշխարհին այն բոլոր առավելությունները, որ կարող են տալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները։ Վերջին 10-20 տարում տեղեկատվական տեխնոլոգիաները փոխել են կյանքն աշխարհում և ամենամեծ ազդեցությունն են ունեցել առաջընթացի, զարգացման վրա։ Այս առումով շատ կարևոր է շարունակաբար անցկացվող «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»։ ՈՒնենք բազմաթիվ օրինակներ, երբ նման ֆորումների միջոցով հայկական բիզնեսի կամ պետական հատվածի ներկայացուցիչները ծանոթացել են բարձր տեխնոլոգիաների, ընկերությունների հետ, և հետագայում շարունակվել է համագործակցությունը»։
«ԴիջիԹեք բիզնես ֆորումի» մասնակիցների թվում էր «Լոկատոր» ընկերությունը։ «Լոկատորի» կոմերցիոն տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈՖՅԱՆԻ տեղեկացմամբ՝ իրենք համաժողովին ներկայացնում էին եռաչափ մոդելավորման նոր տեխնոլոգիաները. «ՈՒնենք պատրաստի լուծումներ և փնտրում ենք ներդրողներ հետաքրքիր նախագծերի մեջ»։ Նշենք, որ «Լոկատորը» կյանքի է կոչել Հայաստանը եռաչափ մոդելավորելու և Google Earth-ում վերբեռնելու նախագիծը։ Վլադիմիր Սոֆյանը նշում է, որ վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել, և տեղացի գործարարներն սկսել են հետաքրքրվել ՏՀՏ լուծումներով, գիտակցում են դրանց անհրաժեշտությունը, և այս հարցում մեծ ներդրում ունի հենց «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»։
«Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնելու թե՛ գործարար, թե՛ պետական, և թե՛ հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և դրանց առաջարկած նորարարական լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները մեր երկրի տնտեսությունում կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների: Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության այլ ոլորտներում` դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է ԴիջիԹեք բիզնես ֆորումը»,- նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Համաժողովի իրականացմանն աջակցում է նաև ԱՄՆ-ի ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ԻԴիԷմՍի) ծրագիրը: Աջակցության հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը ֆորումին:
Բիզնես ֆորումի ընթացքում անցկացվեցին նաև տեխնոլոգիական սեմինարներ և տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ