Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) ավարտվեցին խմբային հանդիպումները: Հայտնի են ոչ միայն play-off դուրս եկած հավաքականները, այլեւ թե ով ում հետ է մրցելու մեկ ութերորդում: Սակայն մինչեւ զույգերին ներկայացնելը, ասենք` թող ոչ ոք զարմանալի ոչինչ չտեսնի նրանում, որ այդ զույգերի մեջ կան թիմեր, որոնք այնքան էլ ֆուտբոլային երկիր չեն ներկայացնում: Ֆուտբոլն այսօր ողջ աշխարհում է հսկա քայլ կատարել. եւ այդ մենք ենք, որ ավելի շատ խոսում, քան գործ ենք անում: Ինչեւէ: Թե ինչքանո՞վ սեփական երկրի ու դաշտի գործոնը թուրքերին կօգնի ֆրանսիացիների հետ խաղում, դժվար է ասել, բայց որ իսպանացիների հետ խմբայինում նրանք առանձնապես տպավորություն չթողեցին, փաստ է: Մյուս կողմից էլ` տարիքային բոլոր խմբերի մակարդակով փայլող իսպանական հավաքականների հետ այդ ո՞ր մի երկիրն է կարողացել հավասար մրցակցություն ծավալել: Այնպես որ, ի դեմս իսպանացիների, մեքսիկացիները ստացել են չափազանց դժվարանցանելի մրցակից: Սկզբունքորեն սուր մրցակցությունների պակաս չկա նաեւ Նիգերիա-Ուրուգվայ, Պորտուգալիա-Գանա, Խորվաթիա-Չիլի, Իրաք-Պարագվայ, Կոլումբիա-Հարավային Կորեա, Հունաստան-Ուզբեկստան մրցակցությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ