Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) ավարտվեցին մեկ ութերորդը կազմած հանդիպումները: Եղան բավական դիտարժան խաղեր: Նույնիսկ` անակնկալ ավարտով:
Չէ, մենք բնավ էլ չեն ուզում նսեմացրած կամ թերարժեւորած լինել ուզբեկական ֆուտբոլը (մի քիչ հները չեմ կարծում, թե մոռացած լինեն ողբերգական ավարտ ունեցած լեգենդար «Պախտակորին»), բայց որ այս առաջնությունում այն է միայն ներկայացնում նախկին Խորհրդային Միության ֆուտբոլային տարածքը, քիչ բանի մասին չի խոսում: Սակայն սրա հետ մեկտեղ հատկանշականն այն է, որ ուզբեկներն առաջնություն չեն եկել տուրիստի կարգավիճակով: Թող որ նրանք իսկապես ուժերի գերլարումով դուրս եկան խմբայինից, բայց հո՞ մեկ ութերորդում դուռը շրխկացրին հույների քթի առաջ (3:1): Կարող է մոռացած լինեք, հիշեցնեմ` սրանք այն հույներն են, ովքեր Եվրոպայի վերջին առաջնության եզրափակչին են մասնակցել: Հիմա թե մեկ քառորդում ուրուգվայցիների հետ խաղում ուզբեկ պատանիներն ինչպե՞ս իրենց կդրսեւորեն, թողնենք մի կողմ, բայց որ արդեն իսկ նրանք իրենց ֆուտբոլի պատմության մեջ նոր էջ են լրացրել, այդպիսի մի բախտի երանի չէ՞ր մենք էլ արժանացած լինեինք:
Հաջորդ անակնկալը մազ մնաց մատուցեր Մեքսիկայի ընտրանին: Եւ այն էլ ո՞ւմ դեմ` Իսպանիայի, ով մրցաշարի թիվ մեկ ֆավորիտն է ու մինչեւ հիմա ում հետ հանդիպել, պարզապես մուկ ու կատու է խաղացել: Այս հանդիպումում քիչ էր մնացել բանը հասներ լրացուցիչ ժամանակին, սակայն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը, ով դաշտից չի հեռանում առանց գոլի, խփեց հաղթական գնդակն ու մեքսիկական հեքիաթները համարեց ավարտված: Նրա ակտիվում արդեն հինգ գոլ է:
Ֆրանսիա-Թուրքիա խաղի մասին առանձնապես ասելու բան չկա: Որ, ի պատասխան բաց թողած չորս գոլին, թուրքերը կարողացան մեկով երջանկանալ, պիտի փառք տան իրենց բաժին աստծուն:
Մեկ ութերորդի մրցումային առաջին օրվա պարտվածներից պարտությանն ամենաքիչ արժանին Նիգերիայի հավաքականն էր: Նույնիսկ տասը հոգով խաղալու պարագայում աֆրիկացիները կարողացան հաշվի մեջ հավասարություն մտցնել, սակայն ի վերջո հոգնածությունը զգացնել տվեց, ինչը նշանակում է, որ մեկ քառորդում ուրուգվայցիները կհանդիպեն իսպանացիներին:
Երկրորդ օրվա խաղերը նույնպես անցան հետաքրքրիր մրցակցության պայմաններում: Չիլին հաշվի չնստեց խորվաթների ցանկության հետ ու նրանց տուն «ուղարակեց» (2:0), գանացիները գտան, որ իրենք պորտուգալացիներից ավելի ներկայացուցչական կլինեն հաջորդ փուլում (3:2):
Բացառիկ լարված ընթացք ունեցան Իրաք-Պարագվայ եւ Հարավային Կորեա-Պարագվայ հանդիպումները: Երկուսում էլ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Սակայն եթե լրացուցիչում իրաքցիները կարողացան խփել հաղթական գոլ ու միանգամից լուծել հարցերը, ապա երկրորդում բանը հասավ հետխաղյա տասնմեկմետրանոցներին: Առավել հաջողակ գտնվեցին հարավկորեացիները:
Այսպիսով` երկրորդ օրվա խաղերի արդյունքով մեկ քառորդում ունեցանք Գանա-Չիլի, Իրաք-Հյուսիսային Կորեա զույգերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ