Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մենք էլ իմացանք` ոսկին ինչ բան է

Մենք էլ իմացանք`  ոսկին ինչ բան է
16.07.2013 | 11:39

Ավարտին մոտեցող համաշխարհային ուսանողական խաղերը վերջապես երջանկացրին և մեզ, իսկ ավելի կոնկրետ, այդ երջանկացնողը Տիգրան Կիրակոսյանն էր` 52 կգ քաշային կարգում հանդես եկած սամբիստը, ով փայլուն անցավ մրցումային փուլն ու արժանացավ ոսկե մեդալի: Նկատենք, որ ունիվերսիադաների պատմության մեջ սա մեր երկրորդ ոսկե մեդալն է: Ինչպես հայտնի է, առաջինի հեղինակը ծանրորդ Աղասի Աղասյանն էր: Ցավոք մեր այս մարզիկը, որ մասնակցեց և այս խաղերին, ոչ միայն չկարողացավ կրկնել երկու տարվա վաղեմության իր նվաճումը, այլև առհասարակ դուրս մնաց մեդալների համար պայքարից` բավական համեստ արդյունքով հանգրվանելով հինգերորդ հորիզոնականում:

Մինչև Տիգրան Կիրակոսյանը մեր պատվիրակությունն արդեն երեք մեդալ ուներ նվաճած. արծաթների էին տիրացել բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանն ու ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, բրոնզե մեդալ էր նվաճել բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը:
Մի կողմ թողնենք ունեցածի շատ ու քիչ լինելը (շատ` ո՞ւմ համեմատությամբ, քիչ` դարձյալ ո՞ւմ համեմատությամբ. թեպետ երկուսի պատասխանն էլ ունենք), բայց որ, հատկապես այս ոսկին թիրախ դարձրած, Հայաստանի մարզական կառույցների ղեկավարները, իրենց կորցրած, դիֆիրամբներ կինքնաձոնեն իրենց համեստ կառույցին ու անձին, հուզված ու համոզեցնող տեսքով կխոսեն կատարած տիտանական աշխատանքի, մեզանում սպորտի փայլուն դրվածքի մասին` մոռանալով, թե քանի մարզաձևից ու քանի մարզիկով էինք մեկնել ունիվերսիադա, այդ մարզիկներն ինչ կարգի ելույթ ունեցան և այլն, վայրկյան իսկ չեմ կասկածում:
Մի խոսքով` ծանոթ ձեռագիր:
Որտեղից խոսքիս այս վստահությո՞ւնը:
Օգտագործելով 2010 թվի ծանրամարտի աշխարհի առաջնությունում ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի չեմպիոն դառնալու պարագան` այն ժամանակ մեզ մոտ համարյա համաժողովրդական ցնծություն կազմակերպվեց: Իհարկե, մարզիկի նվաճումը անհրաժեշտ էլ էր հավուր պատշաճի տոնել` հատկապես նկատի ունենալով, որ երկար տարիներ նման հաջողություն չէինք ունեցել, սակայն աղոտ հույս կար, որ հաջողությանը կհետևեն լուրջ վերլուծություններ, երկրի մարզական ղեկավարները չեն հայտնվի խոր թմբիրի մեջ ու աչք չեն փակի ձախողումների վրա, որոնք այնքան վարպետորեն «սվաղվեցին» Տիգրանի չեմպիոնական ելույթով: Ընթերցողը թերևս չի կարող մոռացած լինել աշխարհի առաջնության տաք հետքերով «Տիգրան Մարտիրոսյանն անգերազանցելի է, սակայն ինչ որ-բան տխուր է չափազանց» վերտառությամբ մեր հոդվածը, որտեղ ահազանգ էինք հնչեցնում մարզաձևում գործերի դրվածքի մասին: Համընդհանուր ոգևորության մեջ ոչ ոք չտեսավ կամ չուզեց տեսնել մեր զգուշացումը: Արդյունքը` հետագա անփառունակ ելույթները:
Ինչո՞ւ հիշեցի այս մասնավոր դեպքը:
Որովհետև վախենում եմ, որ այս ոսկին էլ մարդկանց ստիպի անսթափ նայել մեզանում գործերի իրական վիճակին, մինչդեռ նահանջն ավելի քան ակնհայտ է ձեռքերը ծալած չնստած մեր հարևանների համեմատությամբ, ովքեր, որպես երկիր, առանձնապես ոչնչով լավ վիճակում չեն նույնքան բազմաթիվ մյուս ուղեկից պարամետրերով, սակայն հաջողացնում են ավելի ներկայանալի լինել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ. -1. Ի դեպ, հուլիսի 14-ի առավոտյան երեքն անց քառասունհինգի դրությամբ էլ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղյակ չէր, որ աշխարհում ուսանողական խաղեր են անցկացվում, մինչդեռ այնտեղ նախարարի շուրթերով, ի մասնավորի, ասվում է. «Հուսով եմ, որ այստեղ դուք կարող եք գտնել սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող Ձեզ հետաքրքրող ողջ ինֆորմացիան, և մեր նախարարության կայքը Ձեզ համար կդառնա լավագույն տեղեկատվական աղբյուր»:
Հ. Գ.-2. Հուսալով, որ իմ նախորդ նյութից Ձեր չտեղեկացվածությունը միջազգային իմպերիալիզմի դավադիր ձեռքի գործն է, պարոն նախարար, հուսով եմ այս մեկը կանցնի Ձեր աչքի տակով և համապատասխան կառույցին կկարգադրեք Ձեզ չապատեղեկացնել: Ավելի խիստ չեմ գրում, քանզի դեռ հավատում եմ, որ եղածը դավադիր իմպերիալիստների ձեռքի գործն է, իսկ նրանց ձեռքերը երկար են:
Հ. Գ.-3. Հուսով եմ նաև, որ կհանձնարարեք կայքէջի պատասխանատուներին պատշաճությունը պահպանել ու եթե «Ձեզ» բառը գրում են մեծատառով, նույնն անել նաև «Դուք» բառի հետ: Այլապես կարող է տպավորություն ստեղծվել, թե մեջբերվածի այլագրությունը թերթի սրբագրիչների մեղքով է, իսկ նրանք, որպես գաղտնիք, շտապեմ տեղեկացնել, չափից ավելի դիտողունակ են: Երբեմն` այդ չափից էլ չափից ավելի: Այս վերջինը` ի միջի այլոց:

Դիտվել է՝ 1093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ