ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ով ցնծում է, ով էլ` տխրում

Ով ցնծում է, ով էլ`  տխրում
26.07.2013 | 13:03

Գաղտնիք չէ, որ եվրոպական ակումբային ֆուտբոլի այս փուլում սպասվող ամենամեծ իրադարձությունը «Բավարիա»-«Բարսելոն» հանդիպումն էր, և բնավ էլ նշանակություն չուներ, որ իր կարգավիճակով այն ընդամենն ընկերական էր: Ո՞Ւմ հայտնի չէ, որ համաշխարհային ֆուտբոլի գերակումբների դիմակայություններում նման դասակարգումները երկրորդական-երրորդական բան են, իսկ այս դեպքում` առավել ևս, երբ մարդկանց հիշողության մեջ դեռևս չի հասցրել մարել Եվրոպայի չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունում «Բավարիայից» «Բարսելոնի» կրած ամոթալի երկու պարտությունը: Թե ինչո՞ւ դրանք եղան, ինչի՞ հետևանք էին, թողնենք մի կողմ, որովհետև եղածին ժամանակին առավել քան հանգամանալից անդրադարձել ենք ու ավելի քան միտումնավոր ենք եղել բացատրությունների մեջ, քանի որ կանք ու մնում ենք կատալոնյան ակումբի հավատավոր երկրպագուն ու աջակիցը:

Դառնանք այս խաղին:
Հանդիպմանը հետաքրքրության մի նոր ալիք էր բերել ու որակ հաղորդել այն հանգամանքը, որ այս «Բավարիան» կատալոնյան ակումբի հետ ուժերը չափելու էր Խոսեպ Գվարդիոլա մարզչի գլխավորությամբ, մարզիչ, ով բացառիկ վաստակ ունի իր նախկին թիմի նվաճումներում, և դրանք անտեսելը պարզապես անհնար է: Իհարկե, ընթացիկ տրանսֆերային պատուհանում իր ձեռքբերումներով էապես ուժեղացած ու նոր մրցաշրջանին ընդառաջ խաղային ավելի հարուստ պրակտիկա ունեցող «Բավարիան» դեռևս խաղից առաջ նկատի առավելություն ուներ «Բարսելոնի» նկատմամբ, որը նոր-նոր է լուծել գլխավոր մարզչի հարցը (Խերարդո Մարտինոն թիմին նույնիսկ դեռ չի էլ ներկայացվել) ու նոր-նոր է անցնում արձակուրդայինից աշխատանքային ռեժիմին:
Խաղը, ինչպես և սպասվում էր, լարված ընթացք է ունեցել, և այս փուլի համար առավել կազմակերպված մյունխենցիները սեփական հարկի տակ հաղթել են 2:0 հաշվով` յուրաքանչյուր խաղակեսում դառնալով մեկական գոլի հեղինակ (Ֆիլիպ Լամ, Մարիո Մանջուկիչ):
Արդ` 2:0-ն վստա՞հ հաղթանակ էր, թե՞ մեկ այլ որակում ունեցող բան, թողնենք մի կողմ, պարզապես լսենք, թե խաղավարտից հետո, ի մասնավորի, ինչ է ասել Պեպ Գվարդիոլան. «Ես չեմ ուզում ժխտել, որ դա ինձ համար առանձնահատուկ խաղ էր ընդդեմ ֆուտբոլիստների, որոնց շատ լավ եմ ճանաչում, ովքեր ինձ շատ են օգնել: «Բարսան» միշտ էլ մնում է ծանր մրցակից: Երկու թիմերն էլ ձգտում էին տիրել գնդակին, ժամանակ առ ժամանակ դա մեզ հաջողվում էր: Դա լավ փորձություն էր ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունից առաջ»:
Սակայն, հարգելի ընթերցող, հրաշալի հասկանում ես, որ այսքանով չի կարելի բարսելոնյան թեման ավարտված համարել. օրակարգային թիվ մեկ թեման` ակումբի գլխավոր մարզչի բաց մնացած հարցը, բնավ էլ երկրորդական չէ, որովհետև ակումբն ինչքան էլ մեծ, հեղինակավոր լինի, մարզչի դերը բացառիկ է: Տեղեկացնենք, որ արդեն հայտնի է կատալոնյան ակումբի նոր ղեկակալը: Այդ մարդը Խերարդո Մարտինոն է (լուսանկարում), ում գլխավոր մրցակիցը, մեզ անհայտ տրամաբանությամբ, համարվում էր Գուս Հիդինկը` ռուսական «Անժիին» հրաժեշտ տված հոլանդացի մասնագետը: Ասենք, որ Մարտինոյի հետ, ով ֆուտբոլասեր հասարակայնությանը քաջածանոթ է նաև Տատա մականունով, պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով:
Ի՞նչ է հայտնի Մարտինոյի մասին:
Մարզիկի իր կարիերան նա ամբողջությամբ անցկացրել է Հարավային Ամերիկայում, եթե հաշվի չառնենք իսպանական «Տեներիֆեի» կազմում ունեցած ելույթը, այն էլ` ընդամենը մեկ մրցաշրջան: Արգենտինայում նա ունեցել է ճանաչված մարզիկի համարում: Տասնչորս տարի հանդես է եկել «Նյուելս օլդ բոյզ» թիմի կազմում, որի սանն է եղել: 2003 թվին ճանաչվել է ակումբի պատմության ամենաարժեքավոր ֆուտբոլիստ:
Մարզչական կարիերան Մարտինոն սկսել է արգենտինական համեստ թիմերից: Մարզչի իր ամենամեծ ճանաչումը ձեռք է բերել այն բանից հետո, երբ մեկնել է հարևան Պարագվայ: Ակումբային մակարդակով այստեղ ունեցած մի շարք հաջողություններից հետո 2006-ի վերջին գլխավորել է երկրի հավաքականը և, ձեռք բերած հաջողությունների համար, պարգևատրվել է մարզական ծառայությունների համար պատվավոր շքանշանով: Նրա ղեկավարությամբ Պարագվայի ընտրանին 2011-ին հանդես է եկել Ամերիկայի գավաթի եզրափակչում, զիջել ՈՒրուգվայի ընտրանուն:
Ի՞նչ է սպասում Տատային իր նոր թիմի ղեկին` որոշակիորեն դժվար է ասել, բայց որ «Բարսելոնի» նման թիմը ընտրության հարցում կանգ է առել նրա թեկնածության վրա, շատ բանի մասին է խոսում:
Տատան «Բարսելոնի» պատմության մեջ արգենտինացի չորրորդ մարզիչն է: Շատերը նրա ընտրության գործում հակված են տեսնելու Լիոնել Մեսիի ձեռքը: Սակայն լեգենդար արգենտինացին արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ անիմաստ է սույն հարցում տեսնել իր մասնակցությունը, առավել ևս` դերակատարությունը. ««Բարսելոնի» հետ Խերարդո Մարտինոյի կնքած պայմանագրի հետ ես կապ չունեմ: Ես չեմ պատրաստվում մեկնաբանելու այդ որոշումը: Նման բաներով զբաղվում է ակումբի ղեկավարությունը: Կարող եմ նշել, որ ասել եմ` Մարտինոյին համարում եմ լավ մարզիչ: Ես անձամբ նրան չեմ ճանաչում, նրա հետ չեմ հանդիպել: Ես լավ եմ վերաբերվում նրա նշանակմանը, որովհետև Պարագվայի հավաքականում ու «Նյուելս օլդ բոյզում» նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ունակ: Հուսով եմ, որ «Բարսելոնում» էլ ամեն ինչ լավ կդասավորվի»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ