«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ֆուտբոլ խաղում են բոլորը, հաղթում են... գերմանացիները

Ֆուտբոլ խաղում են բոլորը,  հաղթում են... գերմանացիները
30.07.2013 | 11:45

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնությունը: Եզրափակչում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Գերմանիայի ու Նորվեգիայի ընտրանիները: Հետաքրքրական է, որ այս հավաքականները միմյանց հետ են խաղացել նաև խմբային փուլում, որտեղ, թող որ նվազագույն հաշվով, հաղթել էին Սկանդինավյան թերակղզու ներկայացուցիչները` դուրս գալով առաջին տեղ:
Մեկ որ անդրադարձել ենք թերակղզուն, ասելիքն այս մասով ավարտենք, նոր անցնենք առաջ:
Առաջնությունը ցույց տվեց, որ կանանց ֆուտբոլում թերակղզիաբնակները լավ էլ առաջատար դիրքերում են: Համենայն դեպս, կատակ բան չէ` առաջին քառյակը ներկայացնող երեք հավաքականները աշխարհագրական այս տարածքն են ներկայացնում: Փաստորեն էնտեղ տակը մնում է մի Ֆինլանդիա, նրա բանն էլ խեր է:
Գերմանիայի ու Նորվեգիայի ընտրանիներն ամենից հաճախ են միմյանց հանդիպել Եվրոպայի եզրափակիչներում:
Երեք անգամ:
Երեք հանդիպումն էլ ավարտվել է գերմանացի ֆրաուների հաղթանակով: 1987-ի առաջին ու 2005-ի վերջին հանդիպումների արանքում եղել է ևս մեկ եզրափակիչ` 1989-ինը: Մեջներից հենց այս մեկն է եղել առավել լարվածը: Անգամ պահանջվել է լրացուցիչ խաղակես, որի ժամանակ գերմանացիները առավելությունը դարձյալ դարձրել են շոշափելի: Չորրորդ այս եզրափակչում գերմանուհիները կարողացան ի չիք դարձնել խմբայինում կրած պարտության դառնահամը: Դարձյալ գրանցվեց նվազագույն հաշիվ, բայց այս նվազագույնի արժեքը եղավ աշխարհամասի չեմպիոնի կոչումը:
Ինչ խոսք` վիճակագրությունը սերունդներին ի պահ կհանձնի այս հաշիվը, որովհետև այն մանրամասների սիրահար չէ, ու տարիներ անց մարդիկ չեն էլ հիշի, որ նորվեգուհիները մի քիչ բախտավոր լինեին, խաղը կավարտեին 2:1 հաշվով ու իրենք կտիրանային աշխարհամասի ոսկուն, բայց թե նրանք, իրենցից զատ, ոչ մեկին մեղադրելու իրավունք չունեն, որովհետև դա էլ մի առանձին հունար է. երկու տասնմեկմետրանոցներն էլ այնպես իրացնել, որ գնդակը բաժին դառնա մրցակցի դարպասապահին: Այնպես որ, ինչպես տեսնում եք, խոշոր բլեֆ է հայի բախտ ասվածը, և եթե դա իսկապես իրեն հաստատած սինդրոմ է, ապա զուտ հայկական երևույթ չէ. պարզապես մենք մի քիչ հնոտ ազգ ենք, մեր ունեցած թարսությունները, ժամանակային գործոնով պայմանավորված, ավելի շատ են եղել: Առհասարակ:
Իհարկե, այստեղ կարելի էր մի քիչ ընկնել երազների գիրկը և, ի հակակշիռ վերը հիշված առհասարակին, մասնավորապես երևակայել մեզանում կանանց ֆուտբոլ ունենալու հեռանկարի մասին, բայց թե խնդրո առնչությամբ բոլորս էլ գիտենք նման ֆուտբոլի մասին մեր ֆ-ի (ամոթ է ֆեդերացիա բառն այս պարագայում ամբողջական գրելը) նախագահի կարծիքը: Բա ո՜նց. մենք ադաթով, աբուռ-նամուսով մարդ ենք (էդ հո մենք չենք համարյա պետական մակարդակով նրանց աշխարհի բերանը տվել), մեր աղջիկներին, կնանոց բա վայե՞լ է մայկա-տրուսիկով խալխի տղամարդկանց դեմ տռճիկ տալը… ստադիոններում, երբ ս-ով սկսվող ժամանցի այլ վայրեր էլ կան: Համ էլ` տղաներն իբր դորդ-բեշ են արել, մնում է մի հատ էլ կանանց իքիբիրների մեջ խրվել: Ախպե՜ր, պետք չէ:
Լավ, էստեղ դնենք վերջակետ, թե չէ «Իրատեսի» մի երդվյալ ընթերցող կա Ռազմիկ Աբրահամյան անունով (իմ բուն աշխատատեղի կտրվածքով համընկեր, գործընկեր), ով կարող է ֆեյսբուքյան իր էջում էս անգամ էլ գրել, թե ֆուտբոլի մասին խոսելիս բա ինչո՞ւ չեմ արձագանքել տրանսպորտի թանկացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ընդունած որոշմանն ու այդ որոշման հետողորմյային:
Բա որ ֆուտբոլ չունենք` ես ի՞նչ անեմ: Խալխի կանանց ու աղջիկների գո՞վքը անեմ, նրանց գոլ խփելու պատեհ առիթն օգտագործեմ ու, ձեռքի հետ, մեղա՜-մեղա՜…
Բա ես մեղք չե՞մ:
Ավելի ի՞նչ եք ուզում ինձնից: Ասացի, էլի, որ Գերմանիան 1:0 հաշվով հաղթել է Նորվեգիային ու դարձել Եվրոպայի չեմպիոն:
Վերջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Մի երկու բան էլ կուզենայի գրել Արաս Օզբիլիսին ձեռք բերելու ռուսական «շինելի» վարած «միամիտ» դիվանագիտությունից ու ակումբի վրացի նախագահի կինտոյավարի արած հայտարարությունից, բայց թե եղածը մեջս պահեմ. իրենք գիտեին ինչ արժեք են ձեռք բերում, դրա համար էլ ամեն ինչ մինչև վերջին վայրկյանը թաքուն էին պահում:



Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ