Սեպտեմբերն եկավ, դրա հետ մեկտեղ էլ ավելացան հայաստանաբնակ ծնողների հոգսերն ու խնդիրները: Սկսվեցին դպրոցներ երեխա ճանապարհող ծնողների «դաժան» օրերը: Թե ինչո՞ւ են վերջիններս այդքան սարսափում դպրոցի անունը լսելիս, դժվար չէ կռահել: Ամառային երեքամսյա արձակուրդի ընթացքում խեղճ ծնողները փոխանակ հանգստանալու, լիցքաթափվելու, օրնիբուն վազքից մի փոքր շունչ առնելու, ողջ արձակուրդի ընթացքում գումար են «հավաքում», որպեսզի սեպտեմբերի գալուն պես դպրոցների պահանջները կարողանան բավարարել: Այդ պահանջները միայն դրամահավաքի հետ չեն կապված, այլ այն ծախսերի, որոնք դպրոցի պատերից դուրս են` դպրոցական համազգեստ, գրենական պիտույքներ, վճարովի գրքեր (ի դեպ, բավականին թանկ, օրինակ` մեկ գիրքը կարող է արժենալ 5000, 6000, 7-8000 և ավելի դրամ): Ի՞նչ անի ծնողը, ով, ասենք, ունի մեկից ավելի դպրոցահասակ երեխա:
Ամեն տարի, ուսումնական տարին սկսվելուց առաջ, թե’ ԿԳ նախարարությունը, թե’ քաղաքապետարանը հայտարարում են, թե դպրոցներում տիրող դրամահավաքը արգելված է, ծնողական ֆոնդ ասվածը նույնպես, բայց թե ինչ է իրականում կատարվում. բառերով չես նկարագրի:
Երեսունութամյա Անահիտը երեք երեխաներին այս տարի դպրոց ճանապարհեց: Մեծը վեցերորդ դասարանում է սովորում, միջնեկը` չորրորդ, փոքրը` երրորդ: Նրանք սովորում են թիվ 119 դպրոցում: Մեր հարցին, թե որքան գումար է ծախսվել երեխաներին դպրոց ուղարկելու համար, նա դառնորեն ժպտաց` «միայն ծաղիկներին` մոտ 7 հազար դրամ»: Մեր դիտարկմանը` թե պարտադի՞ր էր ծաղիկը, մանավանդ մեր օրերում, երբ այդ գեղեցիկությունը ինչպես որ հարկն է չի գնահատվում, այնքան էլ չի գրավում մեր մանկավարժներին, զրուցակիցս ասաց. «Բոլորի ձեռքին ծաղիկ կա այս օրը, ինչո՞ւ իմ երեխաները վատ զգան, անհարմար վիճակում հայտնվեն. եթե մյուսները չտանեն, իրենք էլ չեն տանի»: Ինչ վերաբերվում է համազգեստին` Անահիտի խոսքով, անցած տարվանը դեռ հագնում են, իսկ կոշիկներ այս տարի բոլորի համար է գնել. «Ընդհանուր 17 հազար էլ կոշիկների համար ծախսեցի, գրենական պիտույքներ ճիշտ է գնել եմ` տետրեր, նկարչական ալբոմներ, մատիտներ, մնացած մանր-մունրը…բայց գիտեմ, որ սա վերջը չէ, շուտով դասատուներն իրենց պահանջները կներկայացնեն: Ամեն դպրոց իր տետրն ու օրագիրն է պահանջում, միանման, միագույն, մեր ժամանակ, որ դրանք տարբեր էին, վա՞տ էինք սովորում: Չեմ հասկանում, ինչու են սենց տանջում թե մեզ, թե երեխաներին»,-սրտնեղեց նա` նշելով, որ 12 հազարից ավելի էլ` գրենական պիտույքի վրա է ծախսել. «Էս խանութներն էլ ստեղ են իրանց հոր գները դնում, ախր հեչ խիղճ չունեն, մի հատ ստից սրիչը կամ ռետինը 150 դրամ են վաճառվում էս օրերին: Մարդիկ ասում են՝ գնա չգիտեմ որ խանութից էժանը առ, ես էդքան ճանապարհ կտրեմ, տրանսպորտին փող տամ, նույն բանը չի գալի՞ս»,-պատմում էր երեք երեխաների մայրը: Վերջինս չմոռացավ նշել, որ այս տարի աղջկան նոր պայուսակ էլ է գնել 7 հազար դրամ արժողությամբ, քանի որ հինը մաշվել է: Նասկիներ, սպորտային համազգեստ, տղաներին բոթասներ (վճարովի գրքերը չհաշված). Ընդամենը` 90 հազար դրամ, ընդամենը…
Ի դեպ, ցանկացած ծնողի ամենից շատ վրդովեցնում է վճարովի գրքերի փաստը, որոնք շատ թանկ արժեն. «Վերնիսաժից» հինգ գիրք պիտի գնեմ: Մի գիրքը 7000 դրամ է, երկուսը` 5000 , մյուս երկուսը` 2,500-3000: ՈՒզենք-չուզենք պիտի գնենք: Ախր գոնե կարողանանք հետո վաճառել կամ վերնիսաժում փոխանակել, կասենք դե ոչինչ, բայց կոպեկներով էլ չենք կարողանում վաճառել. 7 հազարանոց գիրքը 300 դրամով են վերցնում, պատկերացնո՞ւմ եք: Ինչի՞ համար է էս առուծախը, ի՞նչ են ուզում էս դպրոցականներից, էս ի՞նչ օր են գցել էս»,-դժգոհեց մեկ ուրիշ ծնող:
Ինչպես ասում են, սա դեռ սկիզբն է: Դեռ դպրոցի շեմը ոտք չդրած` մարդիկ այսքան գումարներ են անիմաստ վատնում: Սա` լավագույն դեպքում, եթե, իհարկե, փորձում են «համեստ» ծախսեր անել: Իսկ թե ինչ է սպասվում նրանց ուսումնական տարին սկսվելուց հետո, դպրոցի պատերի ներսում, կարելի է միայն ենթադրել:
Հ.Գ. Դպրոցներին առնչվող այս հիմնախնդիրը, վերջին տարիներին հայաստանաբնակ յուրաքանչրյուր ծնողի թիվ մեկ մտահոգությունն է, որը տարեցտարի ոչ թե լուծվում, այլև ավելի է ահագնանում: Խնդրի առնչությամբ մոտ 20 օր առաջ irates.am-ը հարցեր ուղղեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությանը: Հարցն այսպիսին էր`
«Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին: Ինչպիսի՞ մեթոդներով եք պատրաստվում պայքարել կրթական ոլորտում, մասնավորապես, հանրակրթական դպրոցներում տիրող դրամահավաքի, ավելի ճիշտ` թալանի դեմ (որը քողարկվում է ֆոնդ, դասագրքեր, տետրեր, անհասկանալի և վճարովի ֆակուլտատիվներ, մաքրություն, «ախրանա» և այլն պատճառաբանությամբ), որի համար ծնողներից պահանջվում է անհիմն և անօրինական գումարներ:
Ինչպե՞ս եք պատրաստվում վերահսկել «Էլիտար» դպրոցների ղեկավարության ինքնագործունեությունը: Եթե ինքնագործունեություն չէ, ապա պետական ո՞ր կառույցներն են տեղյակ այդ ամենից»:
Քաղաքապետարանի ցանկացած պաշտոնյա, որպես օրենք, պարտավոր է մեկ շաբաթվա ընթացքում պատասխանել լրագրողի հարցերին: Անցել է շուրջ քսան օր. Դեռ սպասում ենք:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ