ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր

Օ՜  ժամանակներ, օ՜ բարքեր
06.09.2013 | 12:49

Անցած ժամանակահատվածում, քանի դեռ թերթը վաստակած հանգստի ռեժիմում էր, համաշխարհային սպորտում պակաս իրադարձություններ չեղան հիշատակման արժանի, որոնց մասին սիրով կխոսեինք, եթե ինչ-որ չափով կոկորդներս բռնած չլինեին դրանք ներկայացնելու նույնքան ինչ-որ չափով ժամանակավրեպության հանգամանքն ու մեր… փոքր ածու լինելը:

Չէ, այս «փոքր ածու» լինելու մեջ չարախնդություն չկա, ոչ էլ մեծ Պատմահոր հետ բանավեճի մեջ մտնելու անպտուղ ցանկություն (քաշային կարգերը չափից դուրս անհավասարարժեք են): «Փոքր ածու» լինելու մեր հառաչանքի մեջ պարզապես խոր ցավ կա, քանզի համաշխարհային այդ մրցահանդեսներում մենք անգամ սոսկական ներկայությամբ չնշմարվեցինք, թեպետ մեզանում էլ հիշատակելու արժանի բաներ կան. զորօրինակ` սպորտի նախարարություն…
Լավ, չթունավորվենք: Անցնենք անվնաս բաներից խոսելուն:
Համաշխարհային սպորտում կյանքը եռում էր ու եռում է: ՈՒ որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան ու որչափ է եռում, ես մեծադղորդ հիշատակումների հետևից չընկնեմ, պարզապես ասեմ. ոչ պակաս փոքր ածու լինելով` մի քանի օր առաջ ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում վրացի ձյուդոիստները թիմայինում հաղթեցին Ռուսաստանի ընտրանուն ու տիրացան… ի՞նչը ինչին` աշխարհի գավաթին: Ներող կլինեք, սակայն զուտ ստուգելու առողջ մղումով ուզում եմ հարցնել` հասկանո՞ւմ եք, թե խոսքս ուր է թռչում «քաջ որսկանի գյուլլի պես»:
Անկեղծ ասած, ես իսկապես էլ չգիտեմ` Վրաստանն ունի՞, թե՞ չունի սպորտի նախարարություն, բայց վրացի տղերքը աշխարհի գավաթը Վիրաց աշխարհ տարան: Հասկանո՞ւմ եք` Վրաստան տարան: Նախանձո՞ւմ եմ: Հա՛: ՈՒ չուզողի աչքն էլ հանում եմ: Բա չէ` մեզ նման, որ, բան ու գործ թողած, մի տևական ժամանակ նախարար ու նախագահ հարցեր էինք լուծում (ամա՜ն, սխալ չհասկանաք` ՀԱՕԿ-ի նախագահն էլ է նախագահ) ու, նույնքան ճիշտն ասած, չգիտեմ (արձակուրդի անվան տակ երկրից թեթևամտորեն բացակայում էի)` լուծել-պրծե՞լ ենք, թե՞ գործընթացը շարունակվում է:
Է՜, կյանքից հետ ենք մնում: Հետ մնալը, հասկանում եք, մեր սպորտի թագավորությանն ու այնտեղ առկա իրողություններին չի վերաբերում, այլ բացառապես ինձ, թեպետ կգտնվեն մարդիկ, ովքեր տողատակում ավելի ճիշտ հասցեատեր կգտնեն, քան սեփական անձս է: Ցավոք, այս պարագայում ես կատարելապես անզոր եմ, ու ոչինչ չի մնում ասելու, բացի հառաչելուց` օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր:
Համաձայնեք, որ սույն «թևավորը» լավ էլ ֆինալ էր նյութի համար, սակայն կայքէջում դրված «Ձեռքներդ հեռու Կասիլյասից» ինֆորմացիայում ընթերցողին խոստացել էինք լրացուցիչ տեղեկատվություն:
Հա, ուրեմն, մենք մնում ենք այն համոզմունքին, որ Ժոզե Մոուրինյոն դանդաղ գործողության ական էր իսպանական ֆուտբոլում: Հարկավ կլինեն տաքգլուխներ, ովքեր մեր ասածի մեջ չարակամություն կտեսնեն: Սխալվում եք, բարեկամներս, չարաչար սխալվում եք: Ես նույնքան համոզված եմ, որ պորտուգալացին կա ու մնում է մեր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը: Պարզապես անձի գոհացվածության լուրջ խնդիր ունի այս մարդը, ում թվում է` եթե մրցակցությունում հաղթողն իր թիմը չէ, իր նկատմամբ համաշխարհային դավադրություն է նյութված: Առհավատչյան` Եվրոպայի սուպերգավաթի վերջին հանդիպումը: Սակայն եկեք ավելի մոտենանք բուն նյութին:
Մոուրինյոյի ռեալմադրիդյան «նվաճումներից» մեկը կարելի է որակել ակումբի ու երկրի ազգայինի թիվ մեկ դարպասապահ Իկեր Կասիլյասի վնասվածքի առիթն օգտագործելն ու նրան պահեստայինների նստարանին հիմնովին նստեցնելը: «Բարսելոն»-«Ռեալ» մրցակցությունում չկարողանալով հասնել իր համար ցանկալի արդյունքի` պորտուգալացին սկսեց դավադիրներ փնտրել ֆուտբոլիստների շրջանում, ու դրա թիվ մեկ թիրախ դարձավ Կասիլյասը, ով համարձակորեն վեր կանգնեց ակումբային նեղ շահերից ու ամեն ինչ արեց հնարավոր պառակտումն ազգային ընտրանի չտեղափոխելու համար, քանզի հայտնի է` Իսպանիայի ընտրանին իր իննսուն տոկոսով երկրի երկու գերակումբների պատվիրակներից է կազմված: Մոուրինյոն չկարողացավ կուլ տալ Կասիլյասի անկախ պահվածքը, ինչն արտահայտվեց նրան ակումբի ավագի պարտականություններից զրկելու ձախողված քայլերով, բայց դե, հայտնի է, Իսպանիան ավանդույթներ հարգող երկիր է, իսկ ավանդույթն ասում է, որ թիմի ավագ կարող է լինել ամենամեծ խաղային պրակտիկա ունեցող անձը:
Սակայն, թեպետ Մոուրինյոն արդեն Իսպանիայում չէ, նրա «գործը» շարունակվում է: Կասիլյասի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: Բանն անգամ հասավ նրան, որ «հավերժ» թշնամի «Բարսելոնի» ղեկավարությունը հայտարարեց դեպքերի նման զարգացման արդյունքում անվանի դարպասապահին իր շարքերում տեսնելու պատրաստակամության մասին: Ի դեպ, Կասիլյասի առնչությամբ վերջերս արտահայտվեց նաև Իսպանիայի հավաքականի գլխավորը՝ ի մասնավորի ասելով. «Ես երբեք չեմ ասել ու չեմ ասում, որ նա պարտավոր է անպայման խաղալ «Ռեալում», սակայն ես նրան իմ պաշտպանության տակ կառնեմ: Ես դա կանեմ նրա համար, որովհետև նա հավաքականի ավագն է և իսպանական ֆուտբոլի կարևորագույն մասը: Սրանով չեմ ուզում ասել, թե արտահայտվում եմ ընդդեմ այլոց: Ոչ, ես պարզապես արտահայտվում եմ հօգուտ Իկերի: Ես միշտ կլինեմ Կասիլյասի կողքին»: Բոսկեի բռնած դիրքը հարկավ ողջունելի է, սակայն հետաքրքիր է, հիշո՞ւմ է նա արդյոք, թե ժամանակին ինչպես վարվեց իսպանական ֆուտբոլի մեկ այլ լեգենդի` Ռաուլի հետ` հավաքական չհրավիրելով:
Չէ, ոնց գցում-բռնում եմ, այս նյութի ավարտական ակորդը շարունակում է մնալ «օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր» արտահայտությունը: Նախախնամություն է` ի՞նչ կարող ես անել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ