ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

ՈՒմ համար` սովորական, ում համար էլ` հույսի երեքշաբթի

ՈՒմ համար` սովորական, ում համար էլ` հույսի երեքշաբթի
10.09.2013 | 11:48

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին ընդառաջ եվրոպականի անցած շաբաթվա խմբայինների ամենամեծ ուրախությունը մեր հաղթանակն էր Չեխիայի հավաքականի նկատմամբ (B խումբ): Բնականաբար` մեզ համար:
Չեմ թաքցնում` ցանկանալով հանդերձ, չէի հավատում այդ հաղթանակին, ու դա իր օբյեկտիվ հիմքերն ուներ. «Եվրոպա-2012»-ի խմբայինում Ռուսաստանին միավոր, այն էլ ի՜նչ կարևորության միավոր զիջելու համար մինչև հիմա վիրավորված եմ մեր քաղաքական ու ֆուտբոլային թերխաշ գործիչներից, ովքեր, մնում եմ համոզմունքիս, մի ողջ ֆուտբոլային սերնդի ճակատագրի հետ խաղացին կարևորագույն այդ հանդիպումից առաջ` «Հաղթում է բարեկամությունը» ստրկամիտ ուղղորդիչ-կարգավորիչ լոզունգը մեջտեղ հանելով: Սրա մեկ այլ դրսևորում էլ եղավ իռլանդացիների հետ խաղում մրցավարի բացահայտ խուլիգանական պահվածքը, ու մեր դեմ վերջնականապես փակվեց եզրափակիչ տանող ճանապարհը: Այսքանից հետո պիտի ավելի քան հավուր պատշաճը մատուցել մեր տղաներին` առհասարակ դաշտ դուրս գալու ու խաղալու ուժ գտնելու համար:
Ինչևէ: Դառնանք օրվա խաղին:
Հաղթե՛լ ենք: ՈՒ եթե կուզեք ճիշտն իմանալ, հաղթել ենք ոտքներս գազին դրած, մինչև վարդապետի վերջին խազը հուպ տված, առանձնապես անհասկացողների համար, տո, «Վույ ամանն» էլ քոքած, ու էս անգամ ասածիս մեջ նախորդ նյութի իրոնիան չկա (կարծում եմ` վերը տրված բացատրությունը բավարար է անգամ չհասկանալու մոլուցքով տառապողների համար):
Հիմա` չեխերը նստա՞ծ էին, թե՞ պպզած էին մեր դարպասին, խաղի առյուծի բաժինը մեզ գամե՞լ էին գամելիքին, թե՞, «Շենգենի» մեր իրավունքներից չօգտվելով, ինքներս էինք նախընտրել մեր կիսադաշտը` նախապատվությունը տալով թրատումներին, նույնքան իններորդական հնչողության խնդիր է, որքան նույն ցուցիչով անցնող է` սենսացիո՞ն էր հաղթանակը, թե՞ օրինաչափ, երեք հարյուր հարվածի դեպքո՞ւմ է նման գոլ արձանագրվում (Չեխի բնութագրումն է), թե՞ մեկից մեկի: Կարևորը, հարգելի բարեկամներս, նորին մեծություն փաստն է, իսկ փաստը (գոհություն Աստծուն) մեր օգտին է: Փշրելուն փշրելով, կսկծացնելուն կսկծացնելով ենք պատասխանել: Ասել է թե` տղամարդավարի: Թե իրենք հուսավառվել էին մեկ խաղ առաջ, մենք հուսավառվել ենք մեկ խաղ հետո, իսկ սա «մաթեմից» քաջ հայտնի «գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում» այնքան էլ պարզ բանաձևումը չէ, որովհետև մեջտեղում էն անտեր «հոգեբանական գործոն» կոչվածը կա նաև, ըստ որի, մենք հիմա ավելի ենք ձիավոր, քան իրենք:
Սակայն եկեք առանձնապես շատ չծանրանանք չեխերի վրա: Մեր կռիվը հիմա մեկի չէ, միանգամից երեքի հետ է, ու Բուլղարիա, Հայաստան, Չեխիա, Դանիա (վերջիններս 2։1 հաշվով հաղթել են մալթացիներին) քառյակով ենք իրար մեջ որոշելու եզրափակիչ դուրս բերող երկրորդ տեղի հարցը (պարկեշտ լինենք` առաջինի մասին չխոսենք ու իտալացիներին էլ մեր հարգանքի հավաստիքը` բուլղարացիներին մեզնից շատ առաջ պոկվելու շանսից զրկելու համար):
Հա, ինչ էի ասում: Էն, որ ուրբաթն արդեն կայացած փաստ է, և ներկա պահին երեքշաբթին նրա լավագույն շարունակություն դարձնելու հարցն է օրակարգի թիվ մեկ խնդիր: Ընդ որում` չեխերի նախաուրբաթյան էյֆորիան պիտի հրաշալի դաս լինի նաև մեզ համար: Դանիայի նկատմամբ տարած հաղթանակից հարկավ պիտի ոգևորվել ու վառ պահել հաղթական ոգին, բայց և չպիտի մոռանալ, որ մրցակիցները Հայաստան են ժամանել խոցված սրտի վրեժը հանելու անհագ ծարավով, մանավանդ որ, վերն արդեն ասել ենք, քառյակը «Մարականան» տեսնելու հավասար հնարավորություններ է պահպանում: Այստեղ, թեման փակելուց առաջ, մեր սովորույթի համաձայն ասենք` առաջն Աստված ու անցնենք առաջ:
Արդ, տեսնենք, թե ուրբաթն ինչ փոփոխություններ բերեց խմբային մյուս հանդիպումներում:
H խմբում հնարավոր վատագույնն արեցին լեհերը (ճշմարտությունը պահանջում է ասել` մրցավարի ակտիվ միջամտությամբ)` սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղալով առաջատարի` Չեռնոգորիայի հավաքականի հետ: Փոխարենը չվրիպեցին Անգլիայի ու ՈՒկրաինայի ընտրանիները համապատասխանաբար 4:0 ու 9:0 հաշվով պարտության մատնելով Մոլդովայի ու Սան Մարինոյի հավաքականներին: Առաջատարն այստեղ Անգլիայի ընտրանին է` Չեռնոգորիայի հետ ունեցած հավասար` տասնհինգ միավորով, սակայն մեկ պակաս խաղով, իսկ երրորդ հորիզոնականում տասնչորս միավորով ՈՒկրաինայի ընտրանին է` Չեռնոգորիայի նկատմամբ ունեցած մեկ պակաս խաղով:
G խմբում Բոսնիա և Հերցեգովինա-Սլովակիա դիմակայությունում հաղթանակն առաջինին լավ հնարավորություն կտար ավելի հուսավառ նայելու առաջ, սակայն սլովակներն ապացուցեցին, որ այդ օրը տանտերերի օրը չէր (0:1): Տանտերերի օրը չէր նաև լիխտենշտայնցիների համար, ովքեր 0:1 հաշվով պարտվեցին հույներին: Ասենք, որ այստեղ տասնվեցական միավորով առաջին երկու տեղերում գտնվող Բոսնիա-Հերցեգովինայի ու Հունաստանի ընտրանիները չորս միավորի ամրության պաշար ունեն սլովակների նկատմամբ ու դեռևս խաղաղ կարող են նայել ապագային:
Հյուրընկալվելիս D խմբում հոլանդացիները դեմ առան էստոնացիների բուռն դիմադրությանը (2:2), սակայն միավորի կորուստը նրանց ոչնչով չի սպառնում Բրազիլիայում արևկող հյուրանոցի նախնական պատվեր արդեն իսկ իջեցնելու համար: Ռումինիա-Հունգարիա, Թուրքիա-Անդորրա դիմակայություններում հաղթել են տանտերերը (3:0 և 5:0), սակայն, ինչպես նշել էինք նախորդ նյութում, իրենց համար ինչ-որ բան հստակեցնելու համար կողմերն այստեղ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու:
F խմբում Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ պայքարում պորտուգալացիներն ապշելու կամային հատկանիշներ դրսևորեցին մրցակցի հարկի տակ ու իրենց համար չափազանց սկզբունքային նշանակությամբ հանդիպումը շահեցին 4:2 հաշվով: Այդ օրն իսկապես փայլեց Ռոնալդուն` դառնալով հեթ տրիկի հեղինակ: Հաղթանակի իրենց հնարավորությունը բաց չթողեցին և ռուսները` 4:1 հաշվով գերազանցելով Լյուքսեմբուրգի ընտրանուն: Փոխարենը խմբում իրենց վիճակը ծանրացրին իսրայելցիները` ոչ-ոքի` 1:1 խաղալով ադրբեջանցիների հետ: Երևում է, սպառազինության վերջին խմբաքանակը վաճառելիս Իսրայելը լավ «քցել» է եղբայր երկրին, բայց սա, հասկանում եք, ոչ մեր խնդիրն է, ո՛չ էլ պրոբլեմը, մանավանդ որ մենք «չզբաղվել պոլիտիկա»: Իրենց խնդիրն է` ով ումից ինչ է առնում ու ինչքանով է առնում: Մերը կրելն է, կրում ենք: Ի դեպ, այս վերջինը մասնավորապես ու ընդհանրապես:
I խմբում սեփական հարկի տակ խաղացած ոչ-ոքիի դիմաց իսպանացիները վրեժխնդիր եղան ֆիններից (0:2), իսկ ահա վրացիները ֆրանսիացիներին ասացին` մի րոպե՜, ու ընդամենը մեկ միավոր վաստակելու հնարավորություն տվեցին: Այս խմբում էլ, հասկանում եք, հարցերը լուծված են հօգուտ իսպանացիների ու ֆրանսիացիների:
C խմբում անառարկելի առաջատարը Գերմանիայի ընտրանին է, որը սեփական հարկի տակ չոր` 3:0 հաշվով հաղթեց Ավստրիային: Երկրորդը շվեդներն են: Նրանք 2։1 հաշվով պարտության մատնեցին իռլանդացիներին ու տասնչորս միավորով տեղափոխվեցին երկրորդ հորիզոնական` երեք միավորով առաջ անցնելով նույն իռլանդացիներից ու ավստրիացիներից:
E խմբի առաջատար Շվեյցարիան սեփական հարկի տակ գոլառատ հանդիպում ունեցավ Իսլանդիայի ընտրանու հետ: Կողմերը միմյանց դարպասը գրավեցին չորսական անգամ` բավարարվելով մեկական միավոր վաստակելով: Ոչ-ոքին իսլանդացիներին նորվեգացիների ու ալբանացիների հետ հնարավորություն է տալիս դեռևս պայքարելու բաղձալի երկրորդ ուղեգրի համար:
A խմբում մրցաշարային աղյուսակի առումով հետաքրքրություն չէր ներկայացնում Սերբիա-Հորվաթիա հանդիպումը, քանի որ երկրորդ տեղում ընթացող հորվաթներն ամբողջ ինը միավորով առաջ էին մրցակիցներից, սակայն այս խաղը մեկ այլ կարգի հետաքրքրություն ուներ, եթե նկատի ունենանք երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունները: Անվիճելի առաջատարն այստեղ քսաներկու միավոր ունեցող Բելգիայի ընտրանին է:
Ընդհանուր գծերով ահա այսպիսին էր փոթորկուն երեքշաբթիի սպասող ֆուտբոլային ուրբաթը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ