«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

2020-ի օլիմպիադան` Տոկիոյում

2020-ի օլիմպիադան`  Տոկիոյում
10.09.2013 | 11:50

Բուենոս Այրեսում գումարված Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում հայտնի է դարձել 2020 թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Մադրիդի, Ստամբուլի հետ մրցակցությունում հաղթել է Տոկիոն, որը մեկ անգամ, սրանից 49 տարի առաջ, պատիվ ունեցել է հյուրընկալելու մարզական աշխարհի ամենախոշոր, ամենանշանակալի հանդիսությունը: Հօգուտ Ճապոնիայի են արտահայտվել նիստի մասնակիցներից վաթսունը, մինչդեռ ընդամենը երեսունվեցն են արտահայտվել հօգուտ Ստամբուլի (քվեարկության առաջին փուլից հետո, որպես նվազագույն ձայներ հավաքած, դուրս է մնացել Մադրիդը, որը, նկատենք, 2016 թ. օլիմպիադան ընդունելու մրցակցությունում զիջել էր Ռիո դե Ժանեյրոյին):
Հօգուտ Տոկիոյի խոսել են հետևյալ հանգամանքները` օլիմպիական օբյեկտների կուռ դասավորությունը (միայն երեքն են օլիմպիական գյուղակից ութ կիլոմետր հեռավորության վրա), բարձր ու էկոլոգիական տեխնոլոգիաների օգտագործումն այն ամենում, ինչը վերաբերում է օլիմպիական խաղերին: Բացի այդ, Տոկիոն ունի ամենաբարձր մակարդակով անցկացված զանգվածային մրցումների ահռելի փորձ: Թերևս, միակ տագնապը եղել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, սակայն ճապոնացիները տվել են անվտանգության բարձրագույն երաշխիքներ:
Ի հավելումն ասենք, որ վերջին օլիմպիադաներն ընդունելու համար մշտապես պայքարող Թուրքիան այս անգամ ավելի քան ծանրակշիռ էր ներկայացված, ու բանը միայն այն չէր, որ այդ երկրի վարչապետն իր ներկայությամբ հաճել էր պատվել կոմիտեի նիստը: Իրողություններն այսօր այնպիսին են, որ օլիմպիադա հյուրընկալելու համար Ստամբուլը բազմաթիվ պլյուսներ ունի ու, ի դեմս մուսուլմանական երկրների ներկայացուցիչների, համակողմանի աջակցություն քվեարկողների մեջ, սակայն Թուրքիայի մինուսների մեջ են այդ երկրի արտաքին քաղաքականությունը, սառը հարաբերությունները Հունաստանի, Իսրայելի ու մեր երկրի հետ: Չմոռանանք նրանց ագրեսիվ վարքագիծը նաև Սիրիայի դեմ հնարավոր պատերազմի սանձազերծմանը աջակից լինելու համար, իսկ օլիմպիական խաղերը վերականգնելու ավանդույթը, ինչպես հայտնի է, մտահղացվել էր նաև որպես աշխարհը պատերազմներից հետ պահելու միջոց ու բնավ էլ հանուն գեղեցկախոսության չի մտածված «Օ՜, սպորտ, դու խաղաղություն ես» կարգախոսը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի այս գումարումը քննության առավ նաև «սև ցուցակում» հայտնված ըմբշամարտն օլիմպիական խաղերի ցանկում պահելու հարցը, և այն լուծեց հօգուտ մարզաձևի: Սա շատ կարևոր էր նաև հայերիս համար, որովհետև ըմբշամարտը մնում է օլիմպիադաներում մեր հանրապետությունը պատվով ներկայացնելու սակավաթիվ մարզաձևերից մեկը: Կարճ կապելով ասենք` ըմբշամարտը մնում է 2020, 2024 թթ. օլիմպիական խաղերի ծրագրում:
ՄՕԿ-ի այս նստաշրջանը, 2020 թ. օլիմպիադայի անցկացման վայրն ընտրելուց զատ, բնականաբար, օրակարգային այլ խնդիրներ էլ ուներ լուծելու: Դրանցից, թերևս, առանձնացնենք երկրորդ գլխավորը. խոսքը ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում իր վերջին օրերն անցկացնող Ժակ Ռոգեի հնարավոր փոխարինողի մասին է, ում ինքնությունը հայտնի կդառնա այսօր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ