ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Դերբիներով «քաղցրացված» առաջնություններ

Դերբիներով «քաղցրացված» առաջնություններ
24.09.2013 | 11:45

Եվրոպայի ֆուտբոլային առաջատար տերությունների առաջնությունները շարունակում են աշխույժով լցնել մարզաձևի սիրահարների հոգին` պարգևելով գեղեցիկի հետ հանդիպման հաճելի զգացողություններ: Իհարկե, այդ առաջնությունները նոր-նոր են դուրս գալիս մեկնարկային փուլերից ու անիմաստ է դրանք դիտարկել առաջին եռյակները կազմածների դիրքերից, քանզի դրանցում լուրջ տեղաշարժեր անխուսափելիորեն կլինեն, սակայն առաջատար ակումբների խաղին չանդրադառնալն էլ կնշանակի առանձնապես անհարգալից լինել ֆուտբոլասերների նկատմամբ:
Պարզից էլ պարզ է, որ, սկսած այս մրցաշրջանից, միանգամայն հասկանալիորեն մեր սևեռված ուշադրության կենտրոնում են լինելու բունդեսլիգայի առաջնությունն ու մասնավորապես Դորտմունդի «Բորուսիայի» խաղը: Այո, այս ակումբում Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը Յուրգեն Կլոպի թիմը դարձրել է մեզ համար ավելի քան ցանկալի: Ինչ խոսք, կիսատված զգացողություններ կունենայինք, եթե մեր ներքին առաջնությունն էլ լիներ բունդեսլիգայի առաջնության կարգի, բայց, ինչպես տեսնում եք, ճողված կամ երկու քարի արանքում ապրելու տագնապը մեզ չի սպառնում ու դրա համար, իհարկե, խորին շնորհակալություն հայրենական ֆուտբոլի մատյան գնդին` յուր պետով ու ծետով:
Անընդմեջ հինգ հաղթանակից հետո վեցերորդ տուրում «Բորուսիան» փոքր-ինչ դանդաղեց: «Նյուրնբերգի» հետ խաղացած ոչ-ոքին (1:1) հնարավորություն տվեց 4:0 խոշոր հաշվով «Շալկեին» հաղթած «Բավարիային» միավորներով հասնելու դորտմունդցիներին ու աղյուսակում հաստատելու երկիշխանություն: «Բորուսիայի» ոչ-ոքին պարզունակ կլինի բացատրել Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ, քանզի, եթե մարզիչը մեր տղային դաշտ չէր հանել, դրա համար, հարկավ, հիմքեր ուներ: Թողնենք դրանք մի կողմ, միայն ասենք, որ այս պահի դրությամբ Մխիթարյանի խփած գոլերը երեքն են:
Ի դեմս մանչեստրյան դերբիի, բացառիկ հետաքրքիր խաղ մատուցեց Անգլիայի պրեմիեր լիգան, և այստեղ բնավ էլ նշանակություն չուներ, թե թիմերն ինչպես են մեկնարկել առաջնությունում, մրցաշարային աղյուսակում ինչ տեղեր են զբաղեցնում: Առաջ անցնելով ասենք, որ «Սիթին» պարզապես հմայեց իր կոմբինացիոն խաղով, հաղթելու անսանձ կրքով: 4:1 հաշվով հաղթանակը չափազանց խոսուն է` խաղի վերաբերյալ այլևս ոչինչ չասելու համար, ուստի խոհեմաբար լռենք ու Անգլիայի գործող չեմպիոնի վերքերի վրա հավելյալ աղ չցանենք: Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին» ու «Տոտենհեմին», նրանք իրենց «սև» գործն անում են հաղթական երեքական միավորներ ձեռք բերելով: Առաջինը սեփական հարկի տակ չխնայեց «Սթոք Սիթիին» (3:1), երկրորդն «անհարգալից» հյուր եղավ տանտերերի` «Կարդիֆ Սիթիի» համար (1։0):
Ոչ պակաս կատաղի դերբի էլ գրանցվեց իտալական առաջնությունում: «Ռոման» երկու չոր գնդակի առավելությամբ լուծեց «Լացիոյի» հարցերն ու չորս խաղից հետո նույնքան հաղթանակով բազմեց աղյուսակի գլխին: Նման մեկնարկ «Ռոման» ունեցել էր սրանից մեկ էլ մի հիսուն տարի առաջ: Ի դեպ, նույնպիսի գերազանց մեկնարկ է վերցրել նաև «Ինտերը» (արտագնա խաղում 7։0 հաշվով ջախջախել է առաջնության նորեկ «Սասուոլոյին»): Մյուս խաղերից հիշատակենք սեփական հարկի տակ 1:2 հաշվով «Միլանի» կրած պարտությունը «Նապոլիից» (իր մարզական կարիերայի ընթացքում Մարիո Բալոտելին կամ սուպեր Մարիոն առաջին անգամ չկարողացավ պաշտոնական խաղում իրացնել տասնմեկմետրանոցը) ու արտագնա խաղում գործող չեմպիոնի` «Յուվենտուսի» նվազագույն հաշվով հաղթանակը «Վերոնայի» նկատմամբ:
Ֆրանսիայի առաջնությունից անդրադառնանք միայն ՊՍԺ-«Մոնակո» դիմակայությանը ու այսպես վարվենք ոչ միայն նրա համար, որ հակառակ հերթականությամբ հենց այս թիմերն են գլխավորում մրցաշարային աղյուսակը (վեց խաղից հետո «Մոնակոն» ունի տասնչորս, մայրաքաղաքայինը` տասներկու միավոր): Հայտնի է, որ երկու թիմերն էլ սարսափելի փողատերեր են, երկուսն էլ տրանսֆերային ակումբում մեծ ծախսեր են իրենց թույլ տվել ու դեռ կարող են թույլ տալ, որովհետև «քանի քեռին կա, էրեխեն պիտի շոկոլադ ուտի»: Հասկանալի է, որ «քեռին» կամ, տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, «քեռիները» ոչ այլ ոք են, եթե ոչ արաբական շեյխերն իրենց նավթաբույր փողերով: Ինչով է ավարտվել «փողի քսակների» հանդիպո՞ւմը: 1:1 հաշվով: Նախ Իբրահիմովիչն է դարձել գոլի հեղինակ, ապա «Մոնակոյի» այս տարվա ամենաթանկ ձեռքբերումը` Ռադամել Ֆալկաոն:
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները ներկայացնելիս, սովորույթի ուժով մենք սովորաբար իսպանականը թողնում ենք վերջում` որպես աղանդեր: Դե, հիմա սա էլ մեր թուլությունն է կամ էլ թերությունը: Ինչևէ, առանձնապես չխորանանք, թեպետ չեմ էլ կարող չասել` թերություն կամ թուլություն ունենալուց մարդս պիտի այդպիսին ունենա: «Ռայո Վալեկանոյի» հետ արտագնա խաղում «Բարսելոնը» անակնկալ մատուցեց: Չէ, անակնկալը խաղի 4։0 հաշիվը չէ, այլ Մեսիի գոլ չխփելը: Թե դա ինչով է բացատրվում, թույլ տվեք չասել, որովհետև ինքս էլ չգիտեմ, բայց որ Պեդրոն կարող է մի խաղի ընթացքում երեք գոլ խփել, փոքր-ինչ անսպասելի էր գոնե համեստ անձիս համար: Նույնքան անգամ մրցակցի` «Խետաֆեի» դարպասը գրավեց և Մադրիդի «Ռեալը»` մեծահոգաբար մեկն էլ սեփականն ընդունելով: Ինչ վերաբերում է տասնհինգ միավորով «Բարսելոնի» հետ աղյուսակի առաջին երկու հորիզոնականները կիսող Մադրիդի «Աթլետիկոյին», այն հյուրընկալվելիս երկու չոր գնդակի առավելությամբ գերազանցել է «Վալյադոլիդին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ