Երեկ Վրաստանի «Ազգային ճակատ» կազմակերպությունը Թբիլիսիում բողոքի ակցիա է արել` պահանջով վարչակազմի անդամներից ստեղծել դեօկուպացիոն խորհուրդ և վերադարձնել Վրաստանի մաս կազմող Աբխազիան և Հարավային Օսեթիան:
«Վերաինտեգրումը պետք է վերացվի և վարչապետը պետք է ստեղծի դեօկուպացիոն խորհուրդ, որում կընդգրկվեն ՆԳ-ի, պաշտպանության, էկոնոմիկայի, արդարադատության նախարարներ և կառավարության այլ անդամներ», - լրագրողներին հայտնել է ակցիայի ներկայացուցիչ, «Ազգային ճակատի» նախագահ Եվգենի Միկելաձեն:
Ցուցարարները համոզված են, որ, չնայած Վրաստանի նոր կառավարության` Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մեծ ջանքերին, Մոսկվան շարունակում է իրականացնել իր «իմպերիալիստական ծրագրերը»:
Նրանք կոչ են անում Ներքին գործերի նախարարությանն ու Պաշտպանության նախարարությանը Վրաստանի տարածքում տեղակայել զորամասեր, հատկապես օկուպացված գոտու շուրջ, որպեսզի թույլ չտան տարածքի հետագա յուրացումը:
Ցուցարարները համոզված են, որ Վրաստանը պետք է բոյկոտ հայտարարի Սոչիի Օլիմպիական խաղերին և արտաքին գործերի նախարարությունը պետք է ջանք չխնայի, որպեսզի Վրաստանի դաշնակիցները նույնպես նույնը անեն:
Հանրահավաքի ընթացքում նրանք այրել են ռուսական դրոշը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ