ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Եթե նախագահները խուսափեն հանդիպումից, ուրեմն նրանք ոչ թե ծառայել են հանուն իրենց պետության ու ժողովրդի, այլ` հանուն սեփական կլանային շահերի»

«Եթե նախագահները խուսափեն հանդիպումից, ուրեմն նրանք ոչ թե ծառայել են հանուն  իրենց պետության ու ժողովրդի, այլ` հանուն սեփական կլանային շահերի»
22.10.2013 | 16:00

«Ո՞րն է եղել այսքան ժամանակ մեր իշխանության նպատակը, եթե մենք չենք ապահովում մեր անկախությունը, ապա ինչպես ենք երաշխավորում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Այսօր ՀՀ-ում չկան լուրջ քննարկումներ տարբեր հարցերի շուրջ: Որտեղ ուզում եք վերցրեք` Անվտանգության խորհուրդ, Ազգային ժողով, Կառավարություն: Սրանցից որևէ մեկը պատրաստակամ չէ հակադրվել ՀՀ նախագահի կողմից ասված որևէ երևույթի, հարցը դարձնել քննարկման նյութ և իրենց շրջանակներում իսկապես քննարկել այն: Նման բան ՀՀ-ում չկա: Որտե՞ղ են ընդունվում շատ կարևոր որոշումները, ի՞նչ մակարդակով` ոչ ոք չգիտի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հարցեր բարձրացրեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, ով փորձում է կազմակերպել ՀՀ-ի նախկին և ներկա երեք նախագահների հանդիպումը:

Ըստ Իսագուլյանի, սա միակ լավագույն տարբերակն է, որտեղ մարդիկ կարող են նստել և առանց միմյանցից վախենալու, քաշվելու քննարկել պետությանն ու ժողովրդին առնչվող կարևորագույն խնդիրներ. «Հավատացեք, որտեղ նստած են երեք նախագահներ, ապա որևէ մեկը չի կարող մյուսին պարտադրել իր տեսակետը: Կլինի քննարկում: Կառաջանա մի մարմին, որտեղ պետականությանն առնչվող կարևոր հարցերը հստակ քննության կառնվեն: Հիմա բոլորը իրար հարցնում են` որտե՞ղ է որոշվել, որ պետք է մտնենք մաքսային միություն, կամ որտե՞ղ է որոշվել, որ պետք է գնանք ստորագրենք ինչ-որ համաձայնագիր: Դրա համար ես առաջարկել եմ քննարկման ֆորմատ,որից հետո Հայաստանում կսկսվի առողջ գործընթաց»,-վստահեցրեց բանախոսը` հավելելով, որ այս դեպքում գործող նախագահը չի կարող ասել, որ բոլոր այսօրվա վատ գործերի մեղավորները նախորդներն են, իսկ նախորդները չեն կարող ասել, որ եկավ հաջորդը և փչացնում է մեր արած լավ գործերը: «Այսինքն`այդ մակարդակում քննարկումը գնալու է ավելի ազնիվ»,-ընդգծեց նա:

Հարց է առաջանում` նախագահների ամբիցիաները թույլ կտա՞ն նստել կլոր սեղանի շուրջ: Իսգուլյանի խոսքով, հանդիպումը անձնական հարցերին չի վերաբերվում, և եթե նրանք հանուն պետության, հանուն ժողովրդի ունակ չեն անձնական ամբիցիաները մի կողմ դնել և նստել կլոր սեղանի շուրջ, ուրեմն այդ մարդիկ ոչ թե ծառայել են հանուն իրենց պետության ու ժողովրդի, այլ հանուն սեփական կլանային շահերի:

«Եթե ամբիցիաները կգերադասվեն և նրանք կփորձեն խուսափել այդ հանդիպումից անձնական նկատառումներով, ապա ժողովուրդը, ով ժամանակին նրանց է հանձնել պետության ղեկը, հանգիստ խղճով ետ կվերցնի այդ իրավունքը նրանցից և նոր կմտածենք նոր առաջնորդի մասին»,-ասաց նա` նշելով, որ նախագահներից յուրաքանչյուրը ժամանակին եղել է պետության գլուխ և պատասխանատու է Հայաստանում ընթացող բոլոր գործերի համար: «Իրենք են պատասխանատու, որ մեր ազգային հզոր պոտենցիալը 19 տարի հտո զրոյացվեց»,-շեշտեց Իսագուլյանը:

Նա հայտնեց, որ շուտով մեկնելու է ԼՂՀ և անձամբ հանդիպելու է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ, և խնդրելու է, որպեսզի նրանք նույնպես օգնեն իրականացնելու այս նախագիծը: Վերջինիս խոսքով, եթե պարզվի, որ մենք չենք կարողանում մեր նախկին և ներկա նախագահներին ընդհանուր սեղանի շուրջ հավաքել, ուրեմն այլևս երբեք չենք կարող ապահովել մեր հասարակության անվտանգությունը:

Նշենք, ՀՀ երեք նախագահներին Գառնիկ Իսագուլյանը ուղարկվել է նույն բովանդակությամբ նամակներ, որոնց մեջ վերջիններիս առաջարկել է, հանուն երկրի և ժողովրդի, հանդիպել միմյանց հետ: «Արձագանքներ եղել են բոլոր գրասենյակներից: Երևում է, որ ուզում են այդ քննարկմանը ընդգրկվեն նաև այլ կառույցների ղեկավարներ, պաշտոնյաներ, բայց ես գտնում եմ, որ միայն նախագահները պետք է հանդիպեն այդ սեղանի շուրջ»,-եզրափակեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ