Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ով վշտանում է, ով՝ ուրախանում, ով էլ՝ հույսեր փայփայում

Ով վշտանում է, ով՝ ուրախանում,  ով էլ՝ հույսեր փայփայում
08.11.2013 | 12:12

Չնայած Չեմպիոնների լիգայի խմբայինների ավարտին դեռ երկու տուր էլ կա, արդեն իսկ պարզ է, որ Մադրիդի «Աթլետիկոն» փլեյօֆյան փուլում է՝ առաջին տեղով: Գործնականում խնդիրը լուծված է նաև Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Ռեալի», «Մանչեստր Սիթիի», ՊՍԺ-ի, «Բարսելոնի» համար: Եվրոպական առաջատար մյուս ակումբները դեռ չարչարվելու բան ունեն:

«ՌԵԱԼԸ» ՇԱՆՍ ՏՎԵՑ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻՆ»
Երեքշաբթի օրվա խաղերում կարևորությամբ առանձնահատուկ էր «Յուվենտուս»-«Ռեալ» դիմակայությունը, թեպետ խմբի (B) մյուս զույգի` «Կոպենհագենի» ու «Գալաթասարայի» հանդիպումում պակաս նշանակության խնդիր չէր շոշափվում: Պարտությունը «Յուվենտուսի» վիճակը կարող էր դարձնել անմխիթար, բայց հուսալ, թե, սեփական դաշտի առավելությունն օգտագործելով, իտալացիները կարող էին հաղթել մադրիդցիներին, կհանդգներ կանխատեսել միայն սուրճի մրուրում գուշակություն անողը: Այնպես որ, իսպանացիների համար առանձնակի կարևորություն չունեցող հանդիպման առավել տրամաբանական ելքը մնում էր ոչ-ոքին` հեռանկարով, որ «Գալաթասարայը» Դանիայից տուն չի դառնա երեք միավորով. ասել է թե` իտալացիների համար խմբայինում ամեն ինչ գրեթե վերջնականապես անհուսության մատնած: Կոնկրետանանք: «Ծեր սինյորան» արքայական ակումբի հետ խաղում ի վերջո կարողացավ տեր կանգնել բաղձալի մեկ միավորին (2:2), իսկ դանիացիները սառը ջուր լցրին թուրքերի երազանքի վրա` առավելության հասնելով նվազագույն հաշվով:
Արդ, ի՞նչ տվեց այս ամենը կողմերին: «Ռեալի» մասին չխոսենք, որովհետև երեք խաղից հետո երեք հաղթանակը տեսականորեն վաղօրոք էր լուծել փլեյ օֆում հայտնվելու հարցը: Ինչ վերաբերում է իտալացիներին, խմբայինի ավարտական խաղում նրանց սպասում է թուրքական շոգեբաղնիքը, որտեղից պիտի ջանալ դուրս գալ հիգիենայի կանոնները հիմնավորապես պահպանած` մանրամասնորեն «լողացած» ու «կոկված»: Ասել է թե` միայն ու միայն հաղթանակով, այլապես փլեյ օֆի դռները նրանց առջև կփակվեն այնպիսի վճռականությամբ, ինչպես դրանք փակվում են մետրոյում հաջորդ կայարանն ազդարարելուց առաջ: Ինչ վերաբերում է իր այս հաղթանակով խմբում խաղաքարտերն արմատապես խճճած «Կոպենհագենին», «Ռեալի» հետ խաղում անհավատալի է, որ հաջողեն գլխից վեր թռչել, սակայն որ իտալացիների ստամբուլյան հաջող մրցելույթի դեպքում կարող են և Եվրոպայի լիգայի ուղեգրի մասին երազել, սա արդեն, կարծես թե, այնքան էլ անհավանական չէ:
A խմբում գոլազուրկ ոչ-ոքիներով ավարտվեցին երկու հանդիպումներն էլ: Յոթ միավորով աղյուսակը գլխավորող «Մանչեստր Յունայթեդն» արտագնա խաղում չկարողացավ կոտրել մինչ այդ միավոր չունեցող իսպանական «Ռեալ Սոսիեդադի» դիմադրությունը, սեփական հարկի տակ Դոնեցկի «Շախտյորն» անկարող եղավ «Բայերից» ավելին ստանալ ու շարունակում է վերջինիս նկատմամբ պահպանել երկու միավորով հետ մնալու «ակնածանքը»: Արդյունքում խմբում ամեն ինչ մնաց նույնությամբ և հստակ էլ չէ, թե այստեղ մի կարգին ով շահեց, ով կորցրեց: Սակայն պիտի չխաբվել գրանցված արդյունքների կլորիկ զրոներին: Սոսկ մի հիշատակում անենք ու անցնենք մյուս խմբերին: «Ռեալ Սոսիեդադի» խաղում միայն վան Պերսին երկու անգամ կարող էր դառնալ գոլի հեղինակ, եթե հարվածներն իրենց վրա չընդունեին դարպասաձողերը: Իհարկե, բարձր որակավորում ունեցող հարձակվողի համար սա արատավոր սիրո պես բան է, բայց ի՞նչ կարող ես անել` երբեմն լինում են նման մոլորություններ:
C խմբում անսպասելի բարություն էր իջել մինչ այդ մադրիդյան «Ռեալի» ու «Աթլետիկոյի» պես երեք խաղից ինը միավոր ունեցող ՊՍԺ-ի վրա: Համենայն դեպս, «Անդերլեխտի» հետ ոչ-ոքիին (1:1) ի զորու չենք այլ որակում տալու: Ինչ վերաբերում է «Օլիմպիակոս»-«Բենֆիկա» հանդիպմանն ու հույների հաղթական խաղին (1:0), մնում է միայն ծափահարել նրանց: Վերջին երկու խաղից առաջ պորտուգալացիների նկատմամբ ունեցած երեք միավորի առավելությունը շատ բաներով է կանխորոշիչ փլեյ օֆում հանդես գալու ախորժակ ունենալու համար:
D խմբի «Վիկտորիա»-«Բավարիա», «Մանչեստր Սիթի»-ԲԿՄԱ հանդիպումները զուտ արձանագրային բնույթի էին: Ե՛վ անգլիացիները, և՛ գերմանացիները վաղուց են լուծել խմբայինի իրենց հարցերը: Մնում է զուտ վիճակագրության սիրահարներին գոհացնելու համար ասել, որ բավարացիները բավարարվեցին նվազագույն հաշվով հաղթանակով, իսկ քաղաքաբնակները Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ դուրս գալու վերջին երկու տարվա անհաջող փորձերին հրաժեշտ տվեցին գոլային հրավառությունով (5:2): Այստեղ, թերևս, ավելորդ չհամարենք Ալվարո Նեգրեդոյի հեթ տրիկն ու Սերխիո Ագուերոյի դուբլը հիշեցնելը:

«ՄԵՍԻՆ ՇԱՀԵՑ ՄԱՐՏԸ»
Սա կատալոնյան ակումբի գլխավոր մարզչի բնութագրում-գնահատականն է «Միլանի» հետ խաղին, ու սրանով, թերևս, ասված է ամեն ինչ (3:1): Այո, H խմբում հենց «Բարսելոնն» է անառարկելի առաջատարը, և նրան սկզբունքորեն ոչինչ չի մնում, բացի Չեմպիոնների լիգայի մեծ խաղերին պատրաստվելուց: Մեծ խաղեր ասելով` նկատի ունենք փլեյօֆյան հանդիպումները, իսկ եթե ավելի ստույգ, այդ հանդիպումները` սկսած մեկ քառորդի փուլից, երբ դաշտը բացառապես կամ գրեթե բացառապես մնում է կտրիճներին: Իսկ Խերարդո Մարտինոյի արտահայտությունը, որ նյութի համար ծառայել է ենթավերնագիր, գալիս է ասելու` Մեսին կարգի է բերում ժամանակավորապես շարքից դուրս եկած նշանառությունն ու ներքաշվում է դիպուկահարների հեռակա մրցավեճի մեջ (իտալացիների հետ խաղում արձանագրած դուբլից հետո արգենտինացին արդեն վեց գոլ ունի հեղինակած)` «ծանր շնչելով» Քրիշտիանու Ռոնալդուի (8) ու Զլաթան Իբրահիմովիչի (7) թիկունքին: Խմբի մյուս խաղում «Այաքսն» անբարեհամբույր եղավ «Սելթիկի» նկատմամբ (1:0) ու այս հաղթանակով վերջնականապես խճճեց խմբային աղյուսակը, որտեղ վերջին երկու խաղերից յուրաքանչյուրը շատ թանկ գին է ստանում:
Չափազանց ուշագրավ իրավիճակ է F խմբում: Լոնդոնում կրած ծանր պարտությունից հետո «Արսենալը» կարողացավ հավաքվել ու պատասխան հարված հասցնել Դորտմունդի «Բորուսիային»: Այս 0:1-ը կարող է շատ ցավագին դառնալ գերմանական ակումբի համար, որը երեք միավորով զիջում է ոչ միայն Արսեն Վենգերի թիմին, այլև 3:2 հաշվով սեփական դաշտում «Մարսելի» նկատմամբ առավելության հասած «Նապոլիին», որտեղ սկսել է փայլուն զգալ Մադրիդի «Ռեալից» տեղափոխված Գոնսալո Իգուաինը (երկու գոլ է հեղինակել): «Բորուսիան» եթե Չեմպիոնների լիգայի այս խաղարկության հետ ինչ-ինչ հույսեր է կապում, ապա վերջին երկու խաղում պարզապես դատապարտված է հաղթելու: Ինչևէ, չհուսահատվենք, մեր Մխիթարյանից էլ ապագա հանդիպումներում սպասենք ավելի վառ ինքնադրսևորում:
E-ում ««Շալկեն» ու «Չելսին» միմյանց հետ վիճարկեցին խմբի միանձնյա առաջատարի հարցը: Մոուրինյոյի գլխավորությամբ լոնդոնցիներն ավելի քան համոզիչ տվեցին հարցի պատասխանը, իսկ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Ենս Կելերը շտապեց հայտարարել, որ 0:3 հաշվով պարտությունն իր թիմի համար չդարձավ կործանարար. «Մենք հասկանում էինք, որ այսօր ինչ էլ պատահի, մնում ենք խմբից դուրս գալու հավակնորդների շարքում: Նախկինի պես ամեն ինչ կախված է մեզնից: Այդ առումով ոչինչ տեղի չի ունեցել: Իհարկե, լավ կլիներ, որ այսօր միավոր վաստակեինք, մյուս կողմից` մենք միշտ ասել ենք, որ «Չելսին» այս խմբում ուժեղ է բոլորից, առաջին տեղի համար պայքարի ֆավորիտն է»: Ինչ վերաբերում է «Բազել»-«Ստյաուա» հանդիպմանը, երկրորդ տեղի համար պայքարում սեփական հարկի տակ ոչ-ոքին (1:1) կարող է չափազանց թանկ արժենալ շվեյցարական ակումբի համար:
G խմբում ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ այստեղ պարզապես չկա թիմ, որն ի զորու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ մրցակցելու: Այս պարզ ճշմարտությունն իր վրա կրկին զգաց «Աուստրիան»` չորս անգամ գնդակը հանելով սեփական դարպասից: «Զենիթ»-«Պորտու» խաղում կողմերը բավարարվեցին ոչ-ոքի` 1:1, հաշվով ու արդեն հեռակա մրցավեճում են որոշելու, թե խմբայինում իրենցից որ մեկին է վերապահված երկրորդ թիմը լինելու երջանկությունը: Այս պահին այդ երջանկությանն ավելի մոտ են ռուսները, զի մեկ միավորի առավելությունը տալիս է այդ հնարավորությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ