Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ինչ լինելու էր, եղավ

Ինչ լինելու էր, եղավ
22.11.2013 | 12:07

Նոյեմբերի 19-ի անցումային պատասխան հանդիպումներով հայտնի դարձան ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնություն մեկնող եվրոպական վերջին չորս թիմերը` Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հորվաթիայի, Հունաստանի ընտրանիները:

Պատասխան խաղում ՈՒկրաինայի հավաքականը չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունն ու զիջեց 0:3 հաշվով, ինչն էլ նրա առաջ փակեց Բրազիլիա տանող դռները: Սա գուցե թե ուկրաինացիների համար ողբերգություն է, մանավանդ որ չորրորդ անցումայինն էլ եղավ անհաջող, բայց դե նրանք, իրենցից բացի, չեն կարող մեղադրել ոչ մեկին՝ պարտվեցին խաղով: Սրա հետ մեկտեղ նշենք, որ անցումայինները հրաշալի դաս եղան ֆրանսիացիների համար, ովքեր իսկապես դառը քրտինքով վաստակեցին իրենց բաժին ուղեգիրն ու մազ էր մնացել, որ մեծամտության համար պատժվեին:
Դառնալով հավաքականի առաջատարին` Ֆրանկ Ռիբերիի խաղը, համենայն դեպս, այն տպավորությունը չթողեց, որ նա հենց այն մարզիկն է, ով իրականում արժանի է «Ոսկե գնդակին»: Մեր մեջ ասած՝ ոչ էլ այն մարզիկն էր, ով արժանի էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Խոստովանենք, որ նման, եթե չասենք շատ ավելի բարձր խաղամակարդակի ֆուտբոլիստների պակաս աշխարհամասն առանձնապես չունի: Սա, իհարկե, մեր նեղ անձնական կարծիքն է, ու այն ոչ մեկի վզին փաթաթելու ո՛չ մտադրություն ունենք, ո՛չ էլ առաքելություն: Խոսք էր՝ ասացինք, կարծիք էր՝ հայտնեցինք: Այնպես որ, ոչ առանձնապես տրտմեք, ոչ էլ առանձնապես հիացեք: Գնացինք առաջ:
Ֆրանսիան փրկվեց խայտառակությունից, սակայն դրա նման կամ գրեթե դրա նման մի բան չկարողացավ անել Շվեդիայի ընտրանին, որն ակնհայտորեն ավելի լուսավոր գույներով էր ներկայանում Պորտուգալիայի համեմատ, եթե հիմք ընդունենք խմբայինում ունեցած ելույթները: Իսկ այն, ինչ արեց Ռոնալդուն անցումային խաղերում, իսկապես ծափահարելու բան է: Երկու խաղում չորս գնդակն ավելի քան համոզիչ փաստարկ է բոլոր նրանց բերանը փակելու համար, ովքեր ստեղծված պարագայում (նկատի ունենք Մեսիին դավադրորեն հետապնդող վնասվածքները), դեռ կասկածում են, որ այս տարվա «Ոսկե գնդակը» հենց նրա թևատակի բանն է: Պորտուգալացին գերազանց մրցաշրջան է անցկացնում, խփում է ուզածի չափ և միանգամայն օրինաչափորեն է հավակնում լավագույնի տիտղոսին: Ինչ վերաբերում է իր բացառիկության մորմոքով տառապող Զլատան Իբրահիմովիչին, ապա, հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ նա իսկապես լավն է, բայց ոչ բացառիկության աստիճանի, քանզի բացառիկ չէ անգամ Ռոնալդուն: Բացառիկը, ինքներդ էլ հրաշալի գիտեք, մեկն է, և այդ մեկը ֆուտբոլային գերհանճարն է: Իսկ այն, որ Իբրահիմովիչի բացակայության պայմաններում աշխարհի առաջնությունը զրկվում է իր վառ գույներից մեկից, եկեք ընդունենք, բայց չհամաձայնենք մարզիկի այն կարծիքին, թե նայելու բան այլևս չի մնում:
Հույների հետ խաղում սեփական դաշտի առավելությունը չկարողացավ իրացնել Ռումինիայի ընտրանին (1:1), մինչդեռ այնքան էլ անհավանական չէր թվում նրանց 2:0 հաշվով հաղթանակը: Առանց մանրամասների մեջ խորանալու նշենք, որ նրանք այդպես էլ ուշքի չեկան հույների ընտրած տակտիկայից` կարծելով, որ վերջիններս խաղալու են բացառապես հաշիվը պահելու վրա: Ինչ վերաբերում է հորվաթներին, մրցակցի դաշտում խաղացած ոչ-ոքիից հետո, այս հաղթանակը (2:0) տրամաբանական զարգացումների շրջանակում էր, ուստի զարմանալի չէ, որ հենց նրանք են մեկնում աշխարհի առաջնության եզրափակիչ:
Խիստ ընդհանրական գծերով ահա այսքանը անցումային պատասխան խաղերի մասին, որտեղ սկզբունքորեն ոչ մի անակնկալ էլ չգրանցվեց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ