Շախմատային թագի համար օրերս հնդկական Չենայ (նախկին Մադրաս) քաղաքում ավարտված աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդ-հավակնորդ Մագնուս Կառլսեն մրցապայքարում նորվեգացի երիտասարդ գրոսմայստերը համոզիչ կերպով ցույց տվեց, որ կա ու մնում է աշխարհի թիվ մեկ շախմատիստը, և որ վարկանիշային դասակարգում կոչվածը ոչ թե ֆիկցիա է, այլ առավել քան ռեալություն, իսկ նա վերջին երկու-երեք տարում աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է:
Հերթականով, ինչ խոսք, քսաներկուամյա Մագնուս Կառլսենը աշխարհի տասնվեցերորդ չեմպիոնն է (ի դեպ, չեմպիոնական է եղել նաև Գարի Կասպարովի քսաներկուսը), սակայն անգամ այս տասնվեցի մեջ կա լավագույնից լավագույնը կամ, քանի որ բազմաթիվ չափորոշիչների բերումով գուցե թե իսկապես չափազանց դժվար է առանձնացնել հատկապես մեկին, համենայն դեպս, լավագույն եռյակը: Իսկ նա անվիճելիորեն այդ լավագույն եռյակի մեջ է:
Հարց կարող է հնչել` լավագույն ի՞նչ ունեցող եռյակի մեջ:
Պատասխան` վայրի հանճար:
Դեռևս մինչև մրցամարտն աներկբա էր, որ, չլինի ֆորսմաժորային իրավիճակ, Կառլսենը կհաղթի Անանդին, որ նա մրցամարտի բացահայտ ֆավորիտն է: Ի դեպ, նույնքան բացահայտ, որքան ժամանակին Բոբի Ֆիշերն էր, նույնքան ակնհայտ, որքան Գարի Կասպարովը: Սակայն, եթե Ֆիշերի մեջ ի վերուստ դրված էր ամեն ինչ քանդել-ավերելու դիվային ուժը, Կասպարովը մնացածներին գերազանցում էր խաղատախտակի վրա ստեղծագործելու կատաղի թափով, Կառլսենն ավելի քան չոր պրագմատիկ է, ում հաղթաթուղթը մրցակցի հնարավոր աննշան սխալն է, որի շուրջ համբերատարությամբ գործում է իր նուրբ սարդոստայնն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի հասկացել, որ այնտեղից ելք այլևս չի՛ք: Կառլսենի գերագույն արժանիքը խաղալուց չհոգնելն է, և նա նվազագույն առավելություն բերած դիրքից առավելագույնը քամելու համար կարող է անվերջորեն երկար խաղալ: Իհարկե, սրա համար պիտի ունենալ անջատված նյարդային համակարգ, երկաթյա առողջություն ու պողպատյա համբերություն:
Այո, 2013-ն իր կյանքում Կառլսենը նշանավորեց շախմատային թագին տիրանալով, սակայն հարց է մնում` որքա՞ն ժամանակով: Սրա հետ մեկտեղ օրակարգում է և այն հարցը, թե ներկա շախմատային սերնդից թագի համար ո՞վ կարող է մրցակցել նրա հետ: Ընտրյալների թիվը խիստ սահմանափակ է, անհուսալիության աստիճանի սահմանափակ: Եթե մի պահ բացառենք, որ այդ մեկը նոր-նոր է անում իր առաջին շախմատային քայլերը, ապա նորվեգացու, թերևս, միակ ռեալ մրցակիցը մնում է մեր Լևոն Արոնյանը, սակայն մի պայմանով, որ գոնե առժամանակ ամբողջովին իրեն նվիրաբերի շախմատին` միաժամանակ խստորեն հետևելով ֆիզիկական պատրաստվածությանը: Կանի՞ այդ բանն Արոնյանը, Կառլսեն շախմատային մեքենան անզոր կլինի նրա ստեղծագործական թռիչքի առաջ, չի՞ անի` կմնա ժամանակ առ ժամանակ վերջինիս պարտության դառնահամը զգացող սակավաթիվ անհատներից մեկը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ