Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

ՏՏ մասնագետները կարծում են, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը պետք է հետաձգվի

ՏՏ մասնագետները կարծում են, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը պետք է հետաձգվի
26.11.2013 | 18:28

2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն անհանգստության ալիք է բարձրացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մոտ։ Ըստ նրանց՝ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի պատճառ դառնալ։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։

Թեմայի շուրջ զրուցեցինք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ, ով իր մտահոգությունները հայտնեց կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ։ Ըստ Կարեն Վարդանյանի՝ նման խոշոր համակարգեր ներդնելուց առաջ շատ կարևոր է հանրության շրջանում վստահության մթնոլորտի ստեղծումը։ Ներդրումները պետք է կատարվեն տնտեսության իրական հատվածում՝ արդյունաբերությունում, էներգետիկայում։ «Լավ կլիներ, որ ձևավորված լինեին ներդրումային նախագծեր, և հստակ նշվեր, թե որ պրոյեկտների մեջ են կատարվելու ներդրումները։ Այդ նախագծերը կարող են առնչվել ատոմակայանին, էլեկտրացանցերին, Հայռուսգազարդի մեջ մեր պետական մասնաբաժնին, Որոտանի, Սևանի կասկադներին, ջէկերին. այսինքն՝ տնտեսական այն օբեյեկտներին, որոնք վաղուց ինքնածախսածածկվել են և շահույթով են աշխատում։ Այդ գումարները կարող էին ուղղվել օպերատիվ ներդրումներ կատարելուն։ Եվ ակնհայտ է, որ այդ օբյեկտները Հայաստանից չեն փախչի ու կարող են հանդիսանալ ներդրումներների թիրախ»,- ասում է Կարեն Վարդանյանը՝ ավելացնելով, որ եթե հանրության շրջանում չկա վստահություն նոր համակարգի նկատմամբ, ավելի կսրվի իրավիճակը թե՜ տնտեսական, թե՜ քաղաքական առումներով։

Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրենի՝ ՏՏ ոլորտում տարեկան 22 տոկոս աճ է գրանցում, և այն միակ ոլորտն է, որը ցույց է տալիս այդ աճը։ Աճը պայմանավորված է նաև մասնագետների քանակով։ «Դա նշանակում է՝ որքան գումար ներդրվի տեխնոլոգիական ոլորտում կրթության մեջ, ապարդյուն չի լինի։ Պետությունը պետք է ձևավորի ենթակառուցվածքների մեծ նախագծեր, որոնք խթանում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, և ցույց տա, որ այդ նախագծերը պատրաստ են կենսաթոշակային ներդրումների համար։ Պարտադիր կուտակային համակարգը խթանում է ստվերային աշխատավարձը։ ՏՏ ոլորտը բացարձակ մեծամասնության մեջ աշխատում է բաց՝ սպիտակ դաշտում։ Ըստ էության, ստիպում են, որպեսզի ոլորտը գնա ստվերային դաշտ։ Էլ չեմ ասում այն սոցիալական կացությունը, որ ստեղծվում է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար։ Ճիշտ է, այս ոլորտի աշխատակիցները ստանում են բարձր աշխատավարձ, բայց դրանք հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, ու այդ բարձր աշխատավարձով արդեն իսկ հիփոթեքային վարկեր են վերցրել՝ բնակարաններ գնելու և այլ խնդիրներ լուծելու համար։ Այս պայմաններում լրացուցիչ 70-100 հազար դրամի փոխանցումը կենսաթոշակային ֆոնդին նրանց բյուջեի վրա լրացուցիչ բեռ է»,- ասում է Կարեն Վարդանյանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ երիտասարդ մասնագետների վրդովմունքը նաև այն պատճառով է, որ չի պահպանվում պետության և անհատի հավասար ներդրումը։ Եթե աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա ներդրման մեծ մասն ընկնում է աշխատողի վրա, ընդհուպ մինչև աշխատավարձի 11-12 տոկոս։ Մինչդեռ պետությունն այդ դեպքում 25 հազար դրամից ավելի չի ներդնում։ Այս տիպի համակարգերում շատ կարևոր է արդարության սկզբունքը, ինչը տվյալ պարագայում չի պահպանվում։ Ըստ Կարեն Վարդանյանի՝ կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրնելիս պետք է հաշվի առնվի նաև 8 տոկոս սոցիալական վճարը՝ որպես կենսաթոշակային հատկացում, որը 2013 թվականից միացվեց եկամտային հարկին։

Կարեն Վարդանյանը նկատում է, որ կենսաթոշակային ֆոնդերը կառավարող մարմինները պետք է հաշվետու լինեն Հայաստանի Հանրապետությանը կամ պետք է մասնավոր չլինեն։ Կարևոր է նաև, որպեսզի կուտակային ֆոնդի միջոցները ներդրվեն բացառապես Հայաստանում։ Մինչդեռ առաջարկվում է՝ այդ գումարների մի մասը ներդնել նաև դրսում, ինչը նշանակում է, որ մենք պետք է ֆինանսավորենք այլ երկրների տնտեսությունները, երբ միևնույն ժամանակ Հայանստանն այդ երկրներից տոկոսներով վարկեր է վերցնում։

ԻՏՁՄ գործադիր տնօրենը կարծում է՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով պետք է հետաձգվի, որոշակի փոփոխություններ պետք է արվեն օրենքում, որոնք կլուծեն վերոնշյալ խնդիրները։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ