ՈՒղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց, որ քաղաքապետարանն իրականում չի ցանկանում բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Նրա խոսքով, դրանք ընդամենը հայտարություններ են, քանի որ երեկվա դրությամբ ուղեվարձի սակագինը բարձրացնելու` քաղաքապետարանին ուղղված իրենց դիմումը մնացել է անպատասխան. «Մեր բոլոր գործողությունները արդյունք չեն տալիս և չի բացառվում, որ մի գեղեցիկ օր կհայտնվենք փակուղում: Եթե քաղաքապետարանը շուտափույթ միջոցներ չձեռնարկի, հետևանքը շատ վատ կլինի»,-ասաց նա` նշելով, որ իրենց վիճակն անհուսալի է: Բանախոսն իրենց խնդիրը համեմատեց եռանկյունու հետ, որի մի կողմում ժողովուրդն է, մյուսում` ուղևորափոխադրողները, իսկ երրորդում` քաղաքապետարանը: «Միայն մի բան է պարզ` այդ ուղևվարձով աշխատելն ուղղակի մահ է մեզ համար»,-շեշտեց նա:
Թե ինչու գծատերերը գործադուլ չեն անում, Հ. Եղիազարյանն ասաց, որ ինքը դա պայքարի ձև չի ընդունում. «Գործադուլը նշանակում է աշխատանքի դուրս չգալ, բայց մենք դուրս կգանք, պարզապես ուղևոր չենք փոխադրի: Այսինքն ` ռևանշ ենք անելու»,-հայտարարեց նա:
Նորմալ վիճակում չեն փոխադրող մեքենաների անվադողերը, մարտկոցները: Հարկերի-տուրքերի խնդիրը ևս ծանր կացության մեջ է դրել ՍՊԸ-ին: Ինչպես բանախոսն է նշում` երթուղայինների ծախսերը հոգալու համար 20-25 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ: «Մեքենաների ծախսերի 90 տոկոսը գծատերերն են հոգում: Չենք ուզի՞, թող վարորդները փոխեն անվադողերն իրենց միջոցներով և շարունակեն աշխատել նույն ուղեվարձով»:
Ինչևէ, ուղևորափոխադրողների միության պահանջ-խնդրանքը քաղաքապետարանից հետևյալն է` ուղեվարձը դարձնել 150 դրամ, թեև 200-ի դեպքում նոր միայն նրանք կարող են իրենց առջև ծառացած խնդիրներին լուծում տալ:
Ի դեպ, մեկ ավտոբուսը ձմռանը նախապատրաստելու համար անհրաժեշտ է 580 հզր դրամ, իսկ մեկ միկրոավտոբուսի համար` 400 հազար դրամ:
«Մեզ զոռով մեր ժողովրդի թշնամին են դարձնում: Հերիք է, էլի՛, տվեք մեզ անհրաժեշտ գումարը, հանգիստ աշխատենք»,-դիմելով քաղաքապետարանին` ասաց փոխադրողների միության նախագահը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ