«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ամեն ինչ իրենց ձեռքում է

Ամեն ինչ իրենց ձեռքում է
29.11.2013 | 11:50

Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների հինգերորդ տուրի խաղային երկրորդ օրն աչքի ընկավ բացառիկ արդյունավետությամբ` երեսունվեց գոլ ութ խաղում, ինչը նշանակում է միջինը չորսուկես գոլ: Ֆուտբոլասերի համար գոլային նման հրավառությունը կատարյալ ցնծություն է, հատկապես եթե այն արձանագրվում է ոչ իր երկրպագած թիմի դարպասում: Սակայն ֆուտբոլային երկրորդ օրվա հանդիպումների տեսությունը առժամանակ առկախենք, որովհետև նախօրեին ելույթ էր ունենում «մեր» «Բորուսիան»:

Չգնանք նաղլասացների երկար-բարակ ճանապարհով ու միանգամից լուսավորենք աշխարհագրությունից ակնհայտ թույլ իրազեկվածներին. պետք չի խաբվել «մեր «Բորուսիան» բառակապակցությանն ու Դորտմունդ քաղաքը փնտրել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական քարտեզի կամ էլ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միացյալ քարտեզի վրա, որն արդի հայ իրականության միակ ռեալ ձեռքբերումն է: Գերմանական այս քաղաքն այս պահին հայկական է այնքանով, որքանով տեղի թիմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանն ու, խոստովանենք, հանդես է գալիս գերազանց: Առհավատչյան` «Նապոլիի» հետ «Բորուսիայի» երկուստեք գերկարևորությամբ խաղը, որտեղ մեր տղան, մեղմ ասած, պարզապես փայլեց: 3:1 հաշվով հաղթանակից հետո դորտմունդցիները միավորներով հասան իտալացիներին և F խմբում անհամեմատ լավ հնարավորություններ են պահպանում փլեյ օֆ դուրս գալու համար, քանզի վերջին խաղում նրանց մրցակիցը միավոր չվաստակած, ակնհայտ թույլ խաղ ցուցադրող «Մարսելն» է, իսկ «Նապոլին», բաղձալի նպատակին հասնելու համար, պիտի երեք գնդակի առավելությամբ հաղթի «Արսենալին» նրա իսկ դաշտում, ինչը, լոնդոնյան ակումբի այսօրվա պատրաստվածության պայմաններում, պարզապես անհավանական է: Ասենք, որ այստեղ «Արսենալն» էլ 2:0 հաշվով հաղթել է «Մարսելին», ու գնանք առաջ:

E խմբում ամեն ինչ հիմնավորապես գլխիվայր շուռ եկավ այն բանից հետո, երբ «Բազելը» սեփական հարկի տակ «կտցահարեց» անգլիական «Չելսիին» (1:0)` երկու հանդիպումների արդյունքով վերջինիցս խլելով միավորների առավելագույն քանակը, մինչդեռ հաղթեր Մոուրինյոյի թիմը, արդեն իսկ խմբայինից դուրս գալու հարցը լուծած կլիներ: Ինչևէ, հաղթանակը «Բազելին» ութ միավորով (ընդամենը մեկով պակաս անգլիացիներից) հանեց երկրորդ հորիզոնական, ու սրանում նրան մեծապես օգնեց նաև «Շալկեն»` արտագնա խաղում 0:0 խաղալով «Ստյաուայի» հետ: Խմբից, բոլոր դեպքերում, «Չելսին» դուրս կգա փլեյ օֆ, որովհետև այդպիսին է աղյուսակային դասավորությունը, միայն թե հարց է` ո՞ր տեղում: Ինչ վերաբերում է գերմանացիներին, դեռևս նախորդ տուրում, լոնդոնցիներից կրած պարտությունից հետո, նրանց մարզիչը մարգարեացել էր` ասելով, որ ամեն ինչ իրենց ձեռքում է: Իսկապես էլ` ամեն ինչ նրանց ձեռքում է, սակայն նույն կերպ ամեն ինչ նաև շվեյցարացիների ձեռքում է:
G խմբում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ իր համար ոչինչ չասող մրցակցությունում «Աթլետիկոն» (մադրիդցիները վաղօրոք են լուծել իրենց հարցերը), փաստորեն, պահուստային կազմով հասավ ոչ-ոքի արդյունքի (1:1)` ռուսներին երկրորդ ուղեգրի համար պայքարելու շանս ընձեռելով: Սակայն ցանկալի ուղեգիրն ունենալու հնարավորությունը պահպանում է նաև «Աուստրիայի» դիմադրությունը կոտրել չկարողացած պորտուգալական «Պորտուն»: Այս թիմերի ողբերգությունն ու միաժամանակ ուրախությունն այն է, որ երկուսն էլ վերջին տուրում ունեն մրցակիցներ, որոնց, մրցաշարային աղյուսակի տրամաբանությունից ելնելով, բացարձակապես չի հետաքրքրում առաջիկա հանդիպումների արդյունքը: Սակայն պորտուգալացիների համեմատ ռուսների առավելությունը մեկ ավելի միավորն է, որը կարող է դառնալ ճակատագրական: Բայց այստեղ մի խոշոր հարցական է մնում. ասենք, «Զենիթը» դուրս եկավ փլեյ օֆ, հետո ի՞նչ է անելու:
H խմբում «Այաքսի» հետ հանդիպումում տհաճորեն զարմացրեց «Բարսելոնը», ոչ այնքան պարտություն բերած 1։2 հաշվով, որքան խաղի որակով: Առաջին խաղակեսում հոլանդացիները միանշանակ գերազանցեցին կատալոնացիներին, իսկ երկրորդում, ունենալով մեկ խաղացող պակաս, թույլ չտվեցին գոնե հավասարեցնել հաշիվը: Ինչ վերաբերում է «Միլանին», «Սելտիկի» հետ խաղում նրանց արձանագրած 3:0-ն, եթե ոչ «քրքրել», ուրիշ ի՞նչ է նշանակում: Մի խոսքով, այստեղ էլ բավական հետաքրքիր դասավորություն է` «Բարսելոն», «Միլան», «Այաքս»՝ միավորների 10, 8, 7 հաջորդականությամբ:
A խմբի նախորդ տուրի գոլազուրկ ոչ-ոքիների հենքի վրա հինգերորդ տուրը վերածվեց գոլային հեղեղի: Նախ առանձնակի դաժանություն դրսևորեց «Մանչեստր Յունայթեդը»` հինգ անպատասխան գնդակի առավելության հասնելով «Բայերի» նկատմամբ, որը, ի դեպ, բունդեսլիգայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հատկանշական է, որ բոլոր հինգ գոլերում էլ առկա է Ռունիի մասնակցությունը ու բոլորն էլ գոլային փոխանցման տեսքով: Տասնմեկ միավորը պիտի որ կասկած այլևս չհարուցի անգլիական ակումբի փլեյ օֆ դուրս գալու հարցում: Այստեղ երկրորդ տեղի համար կռիվը գնալու է նույն «Բայերի» և ուկրաինական «Շախտյորի» միջև (համապատասխանաբար ունեն յոթ և ութ միավոր), որը չորս անպատասխան գոլով երջանկացրեց իր ու տխրեցրեց «Ռեալ Սոսիեդադի» երկրպագուներին:
B խմբի անառարկելի առաջատար Մադրիդի «Ռեալը» մի անգամ էլ ոտքերի տակ առավ թուրքական «Գալաթասարային»` նախորդ 6:1-ի դիմաց այս անգամ հաղթելով 4:1 հաշվով ու սա այն դեպքում, որ խաղի արդեն քսանվեցերորդ րոպեից խաղում էր տասը հոգով (կոպիտ խաղի համար մրցավարը դաշտից հեռացրել էր Սերխիո Ռամոսին): Իր իսկ վրիպումների պատճառով աղյուսակում բավական ծանր վիճակում հայտնված «Յուվենտուսը» հաղթեց «Կոպենհագենին» ու վեց միավորով արդեն երկրորդն է: Սակայն այս խմբում երկրորդ ուղեգրի հարցը որոշվելու է Ստամբուլում, որտեղ իտալացիներին միանգամայն բավարարում է ոչ-ոքի արդյունքը:
D խմբում Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ Մյունխենի «Բավարիան» արեց այն, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմում չհաջողվեց գերմանացիների այն ժամանակվա «մարզիչ» Ադոլֆ Հիտլերին: Մոսկվայի բանակայինները պարտվեցին 1։3 հաշվով, ինչը միանգամայն բնական էր ուժերի նման հարաբերակցության պայմաններում: Սակայն Եվրոպայի լիգայում հանդես գալու ռուսների շանսերը դեռևս պահպանվում են, քանզի «Մանչեստր Սիթին» հաղթանակով ավարտեց «Վիկտորիայի» հետ հանդիպումը` 4:2: Պահպանվելը, այո, պահպանվում են, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ԲԿՄԱ-ն գոնե չպարտվի չեխական ակումբին:
Եվ, վերջապես, C խումբը: Նախորդ տուրում «Անդերլեխտի» նկատմամբ դրսևորած բացառիկ հանդուրժողականությունը (1:1) այս անգամ փարիզցիները հավասարապես կիրառելի չհամարեցին հույների նկատմամբ ու նրանց զրկեցին միավոր վաստակելու հնարավորությունից` 2:1: Ստեղծված իրավիճակն իր համար առավելագույն հատույցով օգտագործեց «Բենֆիկան»` բելգիացիների նկատմամբ առավելության հասնելով 3:2 հաշվով: Հաղթական գոլն այստեղ խփվել է հանդիպման իննսուներորդ րոպեին, ինչը խոսում է խաղի բացառիկ լարված լինելու մասին: Վերջին տուրից առաջ պորտուգալացիներն ու հույներն ունեն հավասար` յոթական միավոր: Թե այստեղ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը ո՛ր թիմին բաժին կհասնի, հուշում է նյութի վերնագիրը:
Ահա այսքանը Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի հանդիպումների մասին, որոնք ևս մեկ անգամ դարձան գեղեցիկի հետ անմոռաց հանդիպման հաճելի զգացողություններ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ