«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ոչ միայն պետությունը, այլև գործատուները շահագործում են աշխատողներին. «Գործատուներն իրենց աշխատողներին նրանց աշխատանքին համապատասխան չեն վարձատրում, ինչի հետևանքով վերջիններիս աշխատավարձը չի բավականացնում հոգալու սեփական խնդիրները»:
«Մեր հարցումներից պարզվեց, որ որոշ մարդկանց համար մեկ շնչին 50 դոլարը «ծով է», մարդ կա, որի համար 1500 դոլարը քիչ է: Դա կախված է սուբյեկտիվ պայմաններից և մարդու ապրելակերպից»,-ասաց նա` դիմելով լրագրողներին. «Օրիակ, ձեր աշխատավարձը ձեզ հերիքո՞ւմ է, որ շաբաթը գոնե մի երեք անգամ լողանաք, օրը երկու անգամ գոնե նորմալ սնվեք, վարսավիրանոց գնաք, հագուստ գնեք, տրանսպորտի ծախսեր անեք, ձեր արտաքին տեսքին հետևեք, չէ՞ որ հանդիպումներ եք ունենում, դուրս եք գալիս…հատկապես, երբ ձեզնից շատերը վարձով են ապրում»,-թվարկեց նա: Պարոն Ադիբեկյանը, պարզվում է, ոչ միայն լավ տեղեկացված է, այլև մտահոգված է լրագրողների կյանքով ու առօրյայով: Անդրադառնալով ուսանողական խղճուկ թոշակին` ասաց. «ՈՒսանողը 5 հազար դրամ է ստանում, իսկ ասպիրանտը ` 20 հազար. ուղղակի ամո’թ է, չի’ կարելի»:
Սոցիոլոգի փոխանցմամբ, շատ դեպքերում, հարցումներին մասնակցող մարդիկ չեն խոստովանում, որ իրենց վիճակը լավ է: Դա հայերի խորամանկությունն է, ինչը թույլ չի տալիս ասել, որ լավ են ապրում: Իրականում նրանք այնքան էլ վատ չեն, պարզապես սիրում են լաց լինել: «Երբ հարցնում ես` գործերդ ինչպես են, հայերը սիրում են պատասխանել` «դե ոչինչ, յոլա ենք գնում»: Մեր հարցին «ի՞նչն է պատճառը, որ հայերը սիրում են «լաց լինել», Ադիբեկյանն ասաց` «որ աչքով չտան»: Մյուս պատճառն, ըստ նրա, հայկական մենթալիտետն է. «Հայերը իրականում այնքան էլ դժբախտ չեն, ինչպես իրենք են ցույց տալիս»,-վստահեցրեց նա: Հարց է առաջանում, իրականում հայերը միգուցե նաև գործազո՞ւրկ էլ չեն, արտագաղթը, երևի, նույնպե՞ս թվացյալ է:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ