Տարվա այս սեզոնը Հայաստանի մարզական կյանքում տխուր ավանդույթի ուժով մեռյալ է, քանզի, մեկ-երկու բացառությամբ, ձմեռային մարզաձևեր գրեթե չունենք, թեպետ ունենք ծաղկաձորյան հոյակապ մարզահամալիր ու, գազի գների սարկաստիկ բարձրացման ֆոնին ժողովրդի համար իսկական պատուհաս դարձած, առատ ձյուն ու ձմեռ: Հա, մեկ էլ, քիչ էր մնացել մոռանայի, ունենք մարզական կառույցներ, դրանց գլխին կանգնած մարդիկ, ովքեր վերջին մեկ տարում ողջ թափով լծվել են բզկտման, հոշոտման, ոչնչացման սուրբ գործին:
Ո՞Ւմ:
Իրենց:
Տարեվերջյան ամփոփիչ նյութում այս մասին որոշ չափով անդրադարձել էի՝ աղոտ ակնկալիքով, որ գոնե Ամանորին ընդառաջ բաժանարար գծերը կվերացվեն, կողմերը վայր կդնեն ամբիցիաները, կգան մեկ ընդհանուր հայտարարի:
Ցավոք, դուրս եկա միամիտ լավատես:
Չէ, այնպես չէ, որ ամեն ինչ անհույս կորած է: Քավ լիցի: Իրար փոխադարձաբար մերժելու մեջ, այնուամենայնիվ, լուսավոր բան եղել է: «Կարապի», «խեցգետնի» ու «գայլաձկան» հակասություններն ու այդ հակասության հենքի վրա միմյանցից առաջ ընկնելու ցանկությունը, այդուհանդերձ, մեր սիրելի մարզիկ-մարզուհիներին երեք օր իրար վրա լավ քեֆ անելու հնարավորություն են տվել: Մասնավորապես՝
ա. Ռուբեն Հայրապետյանի գլխավորած ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան պատվել է ֆուտբոլիստներին ճոխ սեղանով, թաշախուստով, պարգևներով, բանով.
բ. Յուրի Վարդանյանի ղեկավարած սպորտի նախարարությունը պատվել է առհասարակ մարզիկներին՝ դարձյալ ճոխ սեղանով, թաշախուստով, պարգևներով, բանով.
գ. Գագիկ Ծառուկյանի շահած-պահած ՀԱՕԿ-ը ¥արդեն ավանդույթի ուժով¤ մեծագույն քեֆ է սարքել՝ էլ ավելի ճոխ սեղանով, թաշախուստով, պարգևներով, բանով:
Մի խոսքով, զիլ է եղել: Մարզիկներն ուրախացել են, ու արժանի էր, որ ուրախանային, որովհետև քիչ թե շատ, առավել հաջող թե պակաս իրենց գործն են արել ու երկրի գոյությունն են հիշեցրել աշխարհին: Սակայն այս ամենի մեջ վատն էն է եղել, որ Ռուբեն Հայրապետյանի գցած սեղանը չեն հարգել Յուրի Վարդանյանի նախարարությունն ու Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ-ը` իրենց «գլուխներով»: Յուրի Վարդանյանի նախարարության գցած սեղանը չեն հարգել Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ-ն ու Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլի ֆեդերացիան` իրենց «գլուխներով»: Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ-ի գցած սեղանը չեն հարգել Յուրի Վարդանյանի նախարարությունն ու Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլի ֆեդերացիան` իրենց «գլուխներով»: Ստացվում է` կա՛մ ժողովրդական հայտնի «Մի ղազանում երկու գլուխ չի խաշվի» ասացվածքի բանաձևումի (չնայած մեր պարագայում գլուխները երեքն են), կա՛մ հայտնի ֆիլմի հերոսի` «Слушай, этот ГАИ тебя совсем не уважает» ասածի պես:
Իհարկե, մարդ ես և մարդկային թուլության շրջանակներում կարող ես դիմացինիդ նկատմամբ համակրանք էլ, հակակրանք էլ ունենալ: Սակայն սա` անձնակա՛ն հողի վրա, որը, ինչ խոսք, նույնպես ցանկալի չէ: Բայց երբ պետական պաշտոնյա ես կամ հասարակական գործիչ, երբ ինչ-որ մեկի կամոք կամ իրերի բերումով «գլուխ» ես ինչ-որ բանի, պարտավոր ես քեզ այլ կերպ պահել, այլ կերպ դրսևորել, որովհետև դու ու քո ներքնաշապիկը չեք կամ դու ու քո թաղի տղերքը: Չեք մտածո՞ւմ, որ ձեր փոխադարձ անզիջողությունը, իրար գոյությունը կուլ տալ չկարողանալու անկարողությունը կործանում են ոլորտն ու բնագավառը: Էսպես մինչև ո՞ւր: Էս մի տեղն է, որտեղ քիչ թե շատ թպրտում ենք, քիչ թե շատ մեր գոյության մասին հիշեցնում գլոբուսի վրա, էստեղից էլ ե՞նք ուզում վայր ընկնել: Եթե ուզում եք ազատ անկման ցուցիչ g-ն հաշվել, շտապեմ տեղեկացնել, որ այն արդեն հաշված է, ու դա մարդիկ արել են դեռևս տասնվեցերորդ դարում: Ձեր արածը լրիվ ուրիշ բան է: Սթափվեք:
ՈՒզում եք մի ուրիշ բան էլ հիշեցնե՞մ:
Հիշեցնեմ:
«Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմի հայտնի մի դրվագում այսպիսի հիշատակում կա. «Հարսնացուն կարող է դիմադրել, քացի տալ, նույնիսկ կծել, միլիցիա կանչել, բղավել` ես կբողոքեմ, սակայն ուշադրություն մի դարձրեք: Դա հինավուրց, գեղեցիկ սովորույթ է»:
Հիշեք՝ քացի տալն ու կծելը բնավ էլ հինավուրց, գեղեցիկ սովորույթ չեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ