Հոլանդիայում շարունակվող շախմատային գերմրցաշարի իններորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց երկրորդ տեղում ընթացող ու մինչ այդ իրեն ընդամենը կես միավորով զիջող Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերը շատ ջանաց չեզոքացնելու Արոնյանի ունեցած զինվորի առավելությունը, սակայն այդպես էլ չկարողանալով գտնել փրկության ելք՝ վաթսունմեկերորդ քայլում ստիպված ընդունեց իր պարտությունը: Մեր գրոսմայստերի ակտիվում է արդեն յոթ միավոր: Նա շարունակում է հպարտ միայնության մեջ միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Տասներորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Դոմինգեսը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ