Դեռ նոր էին հայերիս համար դանդաղորեն մարել Վեյկ ան-Զեեի TATA STEEL գերմրցաշարի հաղթական ծնծղաների ախորժալուր հնչյունները, և ահա փորձությունների, սպասումների մի նոր փոթորիկ՝ Ցյուրիխի շախմատային գերմրցաշարը, որը վարկանիշային առումով ռեկորդային է՝ քսաներեքերորդ կատեգորիայի:
Կատակ բան չէ՝ ցյուրիխյան մրցապայքարին մասնակցում են աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կառլսենը, բոլորովին վերջերս գահընկեց արված աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (թագի համար պայքարից հետո երկուսի համար էլ սա առաջին մրցաշարն է), Վեյկ ան-Զեեի մրցաշարի քառակի հաղթող, աշխարհում արդեն քանի տարի երկրորդ վարկանիշն ունեցող մեր շախմատային հանճարը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում կայունորեն գրանցված Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, շախմատային թագի համար մշտապես պայքարող, այդպես էլ հավերժորեն չծերացող, համաշխարհային թագի հավերժական հավակնորդ Բորիս Գելֆանդը, ով, անկախ այն բանից, թե ինչ մարզավիճակում է, պատրաստի «դինամիտ» է յուրաքանչյուրի համար:
Մրցակիցներն արդեն խաղացել են չորս տուր: Աշխարհի չեմպիոնի անվան դիմաց միակ ոչ-ոքին երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանի հետ խաղից հետո է գրանցվել: Նորվեգացու առաջ հաջորդաբար ծնկել են Բորիս Գելֆանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան (այստեղ թույլ տվեք դեպքերից փոքր-ինչ առաջ ընկնելով ասել, որ իտալացու նկատմամբ տոնած հաղթանակը Մագնուսը ներկայացրեց որպես բացառապես իրավիճակի թելադրանք՝ Լևոնը հաղթել էր, չէր կարելի նրանից հետ մնալ. կարծում եմ՝ լրացուցիչ բացատրության հարկ չկա նրա, որ Կառլսենը շախմատում իր թիվ մեկ մրցակից տեսնում է Լևոն Արոնյանին):
Կառլսեն-Արոնյան դիմակայությունը ժամանակավորապես թողնելով մի կողմ՝ աշխարհի չեմպիոնի երեք հաղթական պարտիաներից հատկապես առանձնացնենք հանդիպումը Նակամուրայի հետ, որտեղ վերջինս ակնհայտ հաղթած դիրք ունենալով (երեսունվեցերորդ քայլին համակարգիչը ցույց էր տալիս ծնունդով ճապոնացի ամերիկացու հաղթանակի հեշտ ուղին), չկարողացավ տեսնել լավագույն շարունակությունը, ինչից էլ հրաշալիորեն օգտվեց շախմատի երիտասարդ հանճարը՝ ցմրուր քամելով մրցակցին: Այո, պարտությունը ամերիկացու սխալի պատճառով էր, բայց, ի վերջո, ինչ-որ մեկը սխալվում է, չէ՞: Հիմա եղածը միստիկա՞ է, թե՞ Նակամուրան պարզապես չհավատաց հաղթելու իր հնարավորությանը, դժվար է ստույգ պատասխանել, բայց որ նույն այդ Կառլսենը քայլերի կրկնության գնով, միայն ոչ-ոքիի համաձայնություն կորզեց մեր Արոնյանից, ոչ թե միստիկա է, այլ չոր ռեալություն: Իսկ այս ռեալությունը խոսում է շախմատային երկու բացառիկ տիտանների ունեցած ներուժի հավասարության մասին: Այլ բան է, որ նրանցից մեկը հասցնում է, հասցրել է շախմատային թագի համար պայքարում իրեն ռեալիզացնել, մյուսը, տարբեր պատճառներով, դեռևս մնում է չիրացված, թեպետ ավելի քան դրա հնարավորությունն ունի:
Մինչև վերջնականապես Լևոն Արոնյանին անդրադառնալը (Վեյկ ան-Զեեի նախավերջին տուրից հետո մենք գրեթե ոչինչ չենք ասել նրա հաղթական ելույթի մասին), նորից դառնանք Նակամուրա-Կառլսեն պարտիային ¥որը վերջին տասնամյակի ամենահետաքրքրականը լինելու բոլոր հավակնություններն ունի, սակայն խոսքի իրավունքը բացառապես աշխարհի չեմպիոնին վերապահելով. «Այո՜, դա իսկական պարտիա էր: Իսկական թրիլլեր: Սկզբնախաղում ես փոքր-ինչ թերագնահատեցի դիրքը, չհաշվարկեցի, որ նրա հարձակումը կարող է այդպես արագ ծավալվել: Հետո ինձ մնում էր կամ հանձնվել, կամ, քանի դեռ չկար կոնկրետ պարտությունը, անել միակ քայլերը, որոնք ինչ-որ կերպ պահում էին պաշտպանությունը: Ինձ շատ զարմացրեց Հիկարուի սխալը, չէի կարողանում հավատալ աչքերիս, որ ավերակները վերածվում են ամրոցի: Իսկ հետո իմ զինվորներին պարզապես անհնար էր զսպել: Հավանաբար դա վերջին տարիների ամենադրամատիկ պարտիան էր»:
Նման պարտություններն առհասարակ դժվար են մարսվում: Հոգեբանական շոկից դուրս գալն ամերիկացու համար անհամեմատ թեթև կլիներ, եթե հաջորդ խաղում մրցակիցը գոնե մեր գրոսմայստերը չլիներ, ով առաջինում Վիշվանաթան Անանդի դեմ տարած հաղթանակից ու երրորդում Գելֆանդի հետ ոչ-ոքիից հետո չորրորդ տուրից առաջ մեկ միավորով հետ էր մնում իր թիվ մեկ ախոյանից (հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվում է երկու, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր): Սակայն, եթե ճակատագիրը տրամադրված է դաղելու, դաղում է մինչև վերջ: Նակամուրան ոչինչ չկարողացավ հակադրել Արոնյանի վիրտուոզ խաղին և ստիպված էր, ի նշան պարտության, ժամացույցը կանգնեցնել:
Ինչ խոսք, Արոնյանից Նակամուրայի կրած պարտությունը միայն Լևոնի ուժեղ լինելով չպիտի բացատրել: Պայմանավորվենք՝ ակնհայտ ճշմարտություններից չենք խոսում: Սակայն որ այդ օրը կանխավ մեր գրոսմայստերի բարձր տրամադրությունն ապահովվեց, երկու կարծիք լինել չի կարող: Դեռևս մրցաշարի առաջին օրվա առաջին վայրկյաններից խոսվում էր այն մասին, որ Ցյուրիխի մրցաշարը հնարավոր է ունենա չափազանց հեղինակավոր հյուր: Անուն չէր նշվում, սակայն ասվում էր, որ անակնկալ հյուրը շախմատային աշխարհի ներկայացուցիչ չէ: Եվ ահա միայն չորրորդ տուրից առաջ հայտնի դարձավ նրա ով լինելը: Այդ մարդը լեգենդար Շառլ Ազնավուրն էր, ով իր ներկայությամբ եկավ իր հայրենակցի խաղը պատվելու, իսկ բացարձակ ճշմարտություն է` որտեղ Շառլ Ազնավուր, այնտեղ հաղթանակ: Այսքանից հետո ասացեք, խնդրեմ, Լևոն Արոնյանն ուրիշ ի՞նչ աներ, իր խորին հարգանքն ու երախտագիտությունն ուրիշ ի՞նչ կերպ հայտներ, ուրիշ ի՞նչ կերպ մեծարեր Մեծագույնին, որ կարողանար նրա սիրտը հաճելիորեն շոյել:
Ամփոփենք: Ցյուրիխյան չորս մրցախաղից հետո մեր գրոսմայստերը վեց միավորով առայժմ երկրորդ հորիզոնականում է: Վերջին տուրը երեկ էր: Հանդիպման արդյունքների մասին կարող եք տեղեկանալ թերթի կայքէջից, իսկ մինչ այդ ասենք, որ զույգերը հետևյալներն են՝ Նակամուրա-Գելֆանդ, Կարուանա-Արոնյան, Անանդ-Կառլսեն: Իհարկե, Կարուանան կփորձի ճակատ ճակատի տալ Արոնյանի հետ, սակայն պակաս մոտիվացված չէ և Անանդը իրեն գահազուրկ արած աշխարհի ներկայիս չեմպիոնի հետ պայքարում: Իսկ գուցե նա այս մրցաշարին եկել է մասնակցելու ոչ այնքան պրակտիկ խաղի հուն մտնելու, որքան վրեժխնդիր լինելո՞ւ նպատակով:
Ինչևէ: Կապրենք, կտեսնենք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- ՈՒշադիր ընթերցողը գուցեև հարցնի՝ բա Վեյկ ան-Զեեի մասին խոստացել էիք բա՞ն ասել: Ասեմ: Դա փառահեղ հաղթանակ էր: Անգամ վերջին տուրի վրիպումը, որը, ի դեպ, ոչնչով չէր կարող խոչընդոտել Արոնյանի միանձնյա հաղթանակին, անգամ այդ վրիպումը չազդեց հաղթանակի փայլի վրա: Իսկ այդ պարտությունը պարզապես տեսողական խաբկանքի արդյունք էր, ինչպես պարտիայի ավարտից հետո բացատրեց Արոնյանը: Իհարկե, մենք ուզում ենք, որ այդօրինակ խաբկանքներ այլևս չլինեն, իսկ թե լինելու են, ապա միայն այն դեպքում, եթե չեն ազդելու նրա վերջնական հաղթանակի վրա: