Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի, ձկնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, հրուշակեղենի 0,1-0,3 տոկոս գնաճ, իսկ ձվի, սուրճի, թեյի, կակաոի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ: Թանկացել են նաև բրինձը, կանաչեղենը, միրգ-բանջարեղենը, ծխախոտը: Այսօր, տնտեսական շուկայում գնաճի վերաբերյալ նման վիճակագրություն ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Ըստ նրա, հանրապետությունում արձանագրված գնաճի հիմնական պատճառը գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն է: Օրինակ, կաթնամթերքի ապրանքախմբում գնաճը հիմնակաում պայմանավորվել է «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների գնաճով: Այս ապրանքախմբերում անցած տարվա հունվարի համեմատ արձանագրվել է 9,3 տոկոս գնաճ:
Կանաչու թանկացումը` 41,6 տոկոս, պայմանավորված է սեզոնով: Մրգերից ամենաշատը խնձորի գինն է բարձրացել: Դեկտեմբերի վերջին աճել է նաև կարտոֆիլի գինը, իսկ կաղամբի մեկ կիլոգրամի ամենացածր գինը 150 դրամ է եղել:
Մսամթերքի ապրանքախմբում, նախորդ տարավ նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 0,5 տոկոս գնանկում: 2013-ի դեկտեմբերի համեմատ տավարի և խոզի մսերի գները նվազել են համապատասխանաբար 1-0,3 տոկոսով, հավի բդինը` 0,9 տոկոսով: «Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ մասամթերքի գներն նվազել են 0,4 տոկոսով»,-ասաց բաժնի պետը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ