Թեպետ օրն ու ժամը վաղօրոք էին հայտնի, ու առանձնապես տագնապելու բան չկար, այդուհանդերձ, վերջապես եղավ օլիմպիական խաղերի այնքան երկար սպասված մեկնարկն իր անբաժանելի մաս բացման հանդիսությունով: Որ այն իրոք շքեղ էր ու ներկայանալի, մշակութային հիմնավոր ավանդներ ունեցող, դրանց գինն ու առհասարակ իր գինն իմացող երկրին վայել, երկու կարծիք լինել չի կարող: Սա իսկապես այն դեպքերից է, որ չես կարող առանց նախանձի դատել թե՛ մտահղացման հեղինակների, թե՛ այն իրականություն դարձրածների մասին:
ՓՈՂ ՈՒՆԵՔ՝ ՁԵՐԸ ՀԱՇՎԵՔ
Որքան է ծախսվել այդ ամենի համա՞ր:
Ծախսվել է ճիշտ այնքան, որքան հարմար է գտնվել, որովհետև այնտեղ, որտեղ երկրի հեղինակության, նրա ներկայանալիության հարցն է, գնի մասին խոսելը չարչիություն է, մանր ժուլիկություն: Չենք բացառում` շատ հնարավոր է, որ «ճռռալով» է արվել այդ ամենը (նկատի ունենանք օլիմպիադան նաև առհասարակ), բայց այդ «ճռռոցը» կամ «ճռռոցից» ո՞ւմ ինչ: Իսկ թե շա՜տ եք ուզում, որ շատ ավելի որոշակիանամ, այդ դեպքում պիտի հարցնելու պես ասեմ` հայ լրագրության մատյան գնդի՞ն ինչ, որ գեղցու հոգեբանությամբ ուրիշի ծախսած փողերն է հաշվում։ Փող ունեք` ձերը հաշվեք, ինչո՞ւ շատ ավելի կարևորը չեք տեսնում, որ այդ «ճռռոցից» աշխարհը հմայված է, այդ «ճռռոցից» աշխարհը շշմած է, որովհետև ցնցող, հեքիաթային մակարդակի բացում էր (բուն խաղերն էլ այդպիսին են լինելու` չկասկածեք), ու թեև ունեն մեզնից շատ ավելի բարձր որակի տՏտրՈ կոչվածը, բացումն արեցին առանց մեզանում այնքան մոդայիկ բացքամակների ու մերկատոտիկների, ինքնամատույց կամ դրանից բոլորովին զրկված կրծքավորների, առանց ձայնազուրկ, առավելագույնը սաունաների ձգող յարանների ու սիրասուն բալիկների (երեխեքին խնայենք)` ապացուցելով, որ հասարակության ճաշակն ուղիղ համեմատական է մատուցվածին ու մատուցողի ճաշակին (ասածս տեսնես կհասնի՞ հայկական հեռուստաընկերությունների պատասխանատուներին, թե՞ «առողջ» իներցիայի ուժով շարունակելու են հաշտ ու խաղաղ մսխել իրենց գոյությունը` այդպես էլ ցկյանս հարմարված մնալով ռետինե խողովակի ինքնակամ ստանձնած դերին):
ՄՐՑՈՒՄՆԵՐԸ
Որ օլիմպիական խաղերը հմայք են, կարծում եմ, հերթական անգամ համոզվում եք: ՈՒ բնավ էլ կապ չունի, որ այն նոր-նոր է սկսվել, և կամ որ հայերս դրանց մասնակցում ենք «Կարևորը մասնակցությունն է» մաշված կարգախոսով: Էդ ի՞նչ հիմնազուրկ երազանքներ ունեիք, որ, ասենք, մեր Սերգեյ Միքայելյանը կամ Արթուր Եղոյանը (առայժմ նրանք են մրցելույթ ունեցել, թեպետ Կատյա Գալստյանից ու Արման Սերեբրյակյանից էլ առանձնապես սպասելիքներ չունենք) պիտի կարողանային ճակատ տալ մարզաձևի աշխարհի երևելիներին:
Լավ է, լավ է, մի հուսահատվեք նրանց զբաղեցրած ցածր տասնյակներից: Դրանք իրենց արդյունքը տալու են, հետո են տալու: Մի մոռացեք` միշտ էլ պետք է լինեն ճանապարհ բացողներ, որ հետո հայտնվեն այդ ճանապարհը լայնացնողներ ու խորացնողներ: ՈՒրիշ բան, եթե հարցնենք, թե ինչո՞ւ ենք այսքան ուշանում: Բայց այդ հարցը ոչ թե մեր լեզվի վրա պիտի դժժա, այլ ոլորտի պատասխանատուների ականջում պիտի ղժժա: Իսկ թե սրանք ե՞րբ պիտի արթնանան ձմեռաքնից, խիստ դժվարանում եմ ասել, որովհետև սրանց մինչև «դժոխքը ցույց չտաս, արքայությունը միտները չի ընկնի»։
Սակայն եկեք դժոխքը թողնենք մի կողմ ու տեսնենք, թե ի՞նչ է կատարվում օլիմպիադայում, բնականաբար, սևեռվելով մեդալային ցուցանիշների վրա, որովհետև, հանգամանքների բերումով, առանձնապես շատերին չի հետաքրքրի զորօրինակ այն, որ, ասենք, Ֆելիքս Լոխը դարձել է օլիմպիական չեմպիոն (գերմանացին նաև նախորդ օլիմպիական խաղերի չեմպիոն է), մինչդեռ նա մարզիկ է, ում մարզաձևում կնքել են լեգենդար ավտոարշավորդ Շումախերի անունով, ու սա նրա ընդամենը քսաներեք տարեկանում: Նույն կերպ կարող եմ հիշատակել լեհ Կամիլ Ստոխի ֆանտաստիկ ցատկն ու օլիմպիական չեմպիոն դառնալը, սակայն մտավախությունս ավելի քան հիմնավոր է մանրամասների մեջ չմտնելու առումով, ուստի, թերևս, բավարարվենք մրցումների առաջին երկու օրվա կտրվածքով երկրների միջև ծավալված մեդալային պայքարի վիճակագրությունը ներկայացնելով:
Առաջին եռյակի առաջին հորիզոնականում նորվեգացիներն են՝ երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալով: Նրանց հաջորդում են հոլանդացիները` նույնքան ոսկե, սակայն մեկական արծաթե ու բրոնզե մեդալով: Երկուական ոսկե ու բրոնզե մեդալներ են առաջատար եռյակը եզրափակող ԱՄՆ-ի ընտրանու ակտիվում: Թերևս բացառության կարգով հիշատակենք նաև ռուսներին, որոնց համար մրցումների երկրորդ օրը միայն եղավ մեդալային: Նրանց ունեցած չորսից միայն մեկն է ոսկե, և դա շնորհիվ գեղասահքում ունեցած թիմային հաղթանակի: Բայց` փառահեղ հաղթանակի:
Արդ` փորձենք պատասխանել այն հարցին, թե թիմային պայքարում ո՞ր երկրները կարող են բարձր արդյունքներ ցույց տալ:
Անվիճելի է, որ Նորվեգիայի ընտրանին լինելու է տոն տվողների մեջ, ու դա առաջին հերթին շնորհիվ դահուկորդների, բիաթլոնիստների, ոստնացատկորդների: Մոտավորապես նույն պոտենցիալով կներկայանան նաև ավստրիացիներն ու գերմանացիները, սակայն վերջիններիս թիմայինում լուրջ ներդրում կունենան նաև սահնակային ձևերը ներկայացնողները: Ամերիկացիներն ու կանադացիները ավանդական ձևերի կողքին կառանձնանան մեզ համար գոնե էկզոտիկ ներկայացող մարզաձևերում: Որոշակի բազմազանություն կապահովեն նաև ռուսները, ովքեր իրենց հաղթաթղթերն ունեն ի դեմս գեղասահքի, հոկեյի, բիաթլոնի, դահուկային սպորտի, չմշկորդների: Օլիմպիադայից մեդալների առյուծի բաժնով տուն կդառնան հոլանդացիները ու դա կանեն ի հաշիվ չմշկորդների: Ինչ վերաբերում է մերոնց, արդեն ասել եմ: Չկրկնեմ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ