Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեծ առաջնությունների մեծ ֆուտբոլը

Մեծ առաջնությունների մեծ ֆուտբոլը
04.03.2014 | 12:00

ԻՍՊԱՆԻԱ
Իսպանական պրեմիեր լիգայի թիվ մեկ հանդիպումը մայրաքաղաքային երկու ակումբների՝ «Աթլետիկոյի» ու «Ռեալի» դիմակայությունն էր: Հաղթանակը վերջինիս սկզբունքորեն հնարավորություն կտար չեմպիոնական մրցավազքում միակ թեկնածու դիտարկել «Բարսելոնին», որովհետև վեց միավորի տարբերությունն ավելի քան զգալի առավելություն կլիներ: Ասենք նաև, որ խաղից առաջ «Ռեալն» ուներ որոշակի հոգեբանական առավելություն՝ ի մասնավորի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցակցի նկատմամբ երկու հանդիպումներում էլ տոնած հաղթանակի: Երևի դրա ազդեցությունն էր, որ խաղի սկզբնամասում «Աթլետիկոն» բաց թողեց շատ արագ գոլ (Բենզեմա): Սակայն թիմը կարողացավ հավաքվել ու եթե չլիներ խաղավերջում Ռոնալդուի խփած գոլը, «Աթլետիկոն» ավելի վաղ իրեն հասցված անպատվության հարցը մասամբ լուծած կլիներ: Այնուամենայնիվ 2:2 հաշիվը կողմերից ոչ մեկի ակտիվում էլ չի կարող դիտարկվել որպես հեշտ ձեռք գցած միավորի արտահայտություն: Ինչ վերաբերում է «Բարսելոնին», աղյուսակի ստորին հորիզոնականներում հանգրվանած «Ալմերիան» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ահեղ մրցակցին ու պարտվեց 1:4 հաշվով: Այստեղ տուգանայինից չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին: Այս հաղթանակի շնորհիվ կատալոնյան ակումբը բարձրացավ մաքուր երկրորդ հորիզոնական ու ընդամենը մեկ միավորով է զիջում արքայական ակումբին:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջնության նախորդ տուրում «Համբուրգից» կրած պարտությունից հետո Դորտմունդի «Բորուսիան» ուշքի եկավ և երեք չոր գնդակի առավելությամբ հաղթեց «Նյուրնբերգին»՝ հնարավորություն ստանալով բարձրանալու մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Ի դեպ, սույնում նրան սիրահոժար «ընդառաջեց» «Բայերը»՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Մայնցին»: Դառնալով «Բորուսիայի» հանդիպմանը՝ ասենք, որ կրկին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես Չեմպիոնների լիգայի խաղերի շրջանակում «Զենիթի» հետ հանդիպումում էր, այստեղ էլ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը թե գոլ խփեց, թե գոլային փոխանցում կատարեց: Եթե նույնը նա կարողանա անել նաև մարտի հինգին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղում, չեմ կարծում, թե դժգոհությամբ կընդունվի ֆուտբոլասերներիս կողմից: Տուրի շրջանակներում ավելի քան վստահ հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիան». 5:1 հաշիվը դրա խոսուն ապացույցն է: Ասենք նաև, որ «Շալկեի» դարպասում հայտնված այդ հինգից երեքը Ռոբենի ակտիվում է:

ԱՆԳԼԻԱ
Հերթական տուրը նոր խմբագրումներ մտցրեց Անգլիայի առաջնության աղյուսակում: «Արսենալի» տեղում «վազքը» (նվազագույն հաշվով զիջել է «Սթոք Սիթին») «Լիվերպուլին» հնարավորություն տվեց բարձրանալու երկրորդ հորիզոնական («Սաութհեմփթոնին» հաղթել է 3:0 հաշվով) և չորրորդ տեղ մղելու «Մանչեստր Սիթիին», սակայն եկեք չմոռանանք, որ մանչեստրյան ակումբը երկու հանդիպում պակաս է անցկացրել իրեն երկու միավորով գերազանցող նույն «Լիվերպուլից» ու «Արսենալից»: Չմոռանանք նաև, որ եթե այդ երկու պակաս խաղերից մեկը հնուց եկող «պարտք» է, ապա այս վերջինը պայմանավորված էր նրանով, որ թիմը հրատապ գործեր ուներ անգլիական լիգայի գավաթի եզրափակչում, որը, ի դեպ, հաջողությամբ է ավարտին հասցրել՝ 3:1 հաշվով հաղթելով «Սանդերլենդին»: Իսկ Մոուրինյոյի գլխավորած «Չելսիի» առնչությամբ ասենք հետևյալը. արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության է մատնել «Ֆուլհեմին» ու լավ էլ իրեն հարմարավետ է զգում աղյուսակի առաջին հորիզոնականում:

ԻՏԱԼԻԱ
Եթե Մյունխենի «Բավարիայի» հետ կապված անսխալ կարող ենք ասել, որ բավարական ակումբը վաղաժամկետ փակել է երկրի չեմպիոնության հարցը, ապա առանձնապես սխալված չենք լինի, եթե նման կարգի մի պնդում էլ անենք «Յուվենտուսի» առնչությամբ: Որքան էլ հին ու բարի ավանդույթի ուժով «Միլանը» ջանաց դիմադրություն ցույց տալ «Ծեր սինյորային», այդուհանդերձ հարկադրված եղավ դաշտից հեռանալ պարտված (0:2), որքան էլ դաշտն իրենն էր: Տուրում խաղաղասիրաբար էին տրամադրված թե՛ «Ռոման», թե՛ «Նապոլին»: Առաջինը «Ինտերի» հետ բավարարվել է գոլազուրկ ոչ-ոքիով, երկրորդը «Լիվոռնոյի» հետ փոխանակել է մեկական գնդակ: Ի դեպ, թիմերն այս առաջնահերթությամբ էլ իրար են հաջորդում մրցաշարային աղյուսակում:

ՖՐԱՆՍԻԱ
Որոշակի դադարից հետո շարք վերադարձած Կավանին «Մարսելին» հաղթելու գործում չզլացավ գոլի տեսքով իր համեստ նպաստը բերել հարազատ ՊՍԺ-ին (2:0), որը «Սենտ Էտիենից» նույն հաշվով «Մոնակոյի» կրած պարտությունից հետո ավելի հանգստավետ է իրեն զգում աղյուսակի գլխամասում: Ինչ վերաբերում է «Լիլին», «Այաչոյի» նկատմամբ տարած 3։2 հաշվով հաղթանակը նրան հնարավորություն տվեց պահպանելու երրորդ հորիզոնականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ