Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների առաջատար եռյակները կազմածների (և ոչ միայն) մասնակցությամբ խաղերը որքան էլ տեղային նշանակության էին, այդուհանդերձ դրանց մեջ անհնար է չտեսնել այսօր-վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան հանդիպումների ազդակները:
ԻՍՊԱՆԻԱ
Պրեմիեր լիգայի տուրի հանդիպումները հաղթանակներով ավարտեցին առաջին եռյակը կազմող Մադրիդի «Աթլետիկոն», Բարսելոնը», Մադրիդի «Ռեալը»: «Վիլյառեալի» հետ խաղում երեք միավոր վաստակելու համար Սիմեոնեի թիմին լիովին բավարարեց Ռաուլ Գարսիայի խփած գոլը: Հաշվի արդյունավետության առումով «Բարսելոնն» ավելի տպավորիչ եղավ «Բետիսի» հետ խաղում՝ 3:1: Այստեղ երկու գոլ Մեսիի ակտիվում է: Քսանհինգ գնդակով ռմբարկուների ցուցակում արգենտինացին երկրորդ-երրորդ տեղերն է բաժանում «Աթլետիկոն» ներկայացնող Դիեգո Կոստայի հետ, ով վնասվածքի պատճառով, ըստ նախնական ինֆորմացիայի, բաց է թողնելու կատալոնյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի անչափ կարևոր պատասխան հանդիպումը: Ռոնալդուի բացակայության պայմաններում (28 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը) «Ռեալը» չորս անպատասխան գնդակ անցկացրեց «Ռեալ Սոսիեդադի» դարպասը:
ԳԵՐՄԱՆԻԱ
«Վոլֆսբուրգի» հետ խաղում ձեռք բերած երեք միավորը (2:1) Դորտմունդի «Բորուսիային» օգնեց ոչ միայն մնալու երկրորդ հորիզոնականում, այլև որոշակի հաղթական տրամադրություն պահպանելու Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան խաղում, թեպետ առաջինում 0։3 հաշվով կրած պարտության հետքերը չեզոքացնելը գրեթե անհնարինության շարքից է: Տեսնենք թե դորտմունդցիների խաղում որակական ինչ փոփոխություն կմտցնի Ռոբերտ Լևանդովսկին, ով առաջին խաղը որակազրկման պատճառով բաց էր թողել: Մեղքերի որոշակի քավություն սպասում ենք և մեր Հենրիխ Մխիթարյանից:
Երրորդ տեղում ընթացող «Շալկեն» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Վերդերի» հետ: Տուրից հետո այն «Բորուսիայից» հետ է մնում արդեն ամբողջ երեք միավորով, ինչը բնավ էլ քիչ բան չէ, եթե, իհարկե, Կլոպի սաները հերթական խենթության պատճառով չմսխեն այդ առավելությունը: Առաջին պարտությունը կրեց Մյունխենի «Բավարիան», սակայն արտագնա խաղում «Աուգսբուրգից» կրած նվազագույն հաշվով պարտությունը ոչնչով չի կարող ազդել մրցաշարային աղյուսակում ակումբի ունեցած դիրքերի վրա, որովհետև բավարացիները չեմպիոնությունն ապահովել են վաղօրոք, իսկ «Մանչեստր Յունայթեդի» հետ խաղից առաջ ուժեր խնայել պետք է, մանավանդ որ վերջինս, ի հաշիվ անփառունակ անցկացվող մրցաշրջանի, լիովին ձերբազատված է ներքին առաջնությունում գլուխկոտրուկներ լուծելու հոգսից:
ԱՆԳԼԻԱ
Համաձայն Մոուրինյոյի, «Չելսին» իրեն հանգստանալու ազատություն չտվեց «Սթոք Սիթիի» հետ խաղում՝ 3:0, չնայած քթի տակ էր Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում այսօրվա առավել քան պատասխանատու հանդիպումը «Պարի Սեն Ժերմենի» հետ, ում անկրկնելիի թիմը Փարիզում պարտվել է 3:1 հաշվով ու հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում:
Առաջնության թիվ մեկ թիմի իրավունքը վաստակելու պայքարում «Մանչեստր Սիթին» ևս մեկ կարևոր քայլ կատարեց՝ խոշոր 4:1 հաշվով առավելության հասնելով «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Նրանից ոչնչով հետ չմնաց և «Լիվերպուլը»: Արտագնա խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տոնած 2:1 հաշվով հաղթանակն ավելի քան տեղին էր նրա չեմպիոնական նկրտումների ֆոնին: Իհարկե, փոքր-ինչ տխրեցրեց Լուիս Սուարեսը՝ ունեցած 29 գնդակի հաշվարկն այդպես էլ անփոփոխ թողնելով, բայց մեկ-մեկ այդպես էլ է լինում:
ԻՏԱԼԻԱ
Այստեղ «առավոտները» շարունակում են խաղաղ մնալ, և խանգարող ոչինչ չկա, որ «Յուվենտուս», «Ռոմա», «Նապոլի» եռյակն այս հերթականությամբ էլ հատի եզրագիծը: Պարզապես որպես սոսկական փաստ արձանագրենք, որ երկրորդ տեղում ընթացող «Ռոման» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Կալյարիին», իսկ «Նապոլին» զիջել է «Պարմային»: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», «Լիվոռնոյի» հետ տուրի նրա հերթական հանդիպումն ավարտվել է երեկ ուշ երեկոյան:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջնությունում 32-րդ տուրի հանդիպումն անցկացրեց և երկրորդ տեղում ընթացող «Մոնակոն»՝ հանդիպելով «Նանտի» հետ: Արձանագրվեց սպասված հաղթանակ, ինչն այդպես էլ փոփոխություն չմտցրեց ՊՍԺ-ի ու «Լիլի» հետ ունեցած դասավորությունում: Սա` որպես փաստ, սակայն հասկանալի է, որ ֆուտբոլասեր Ֆրանսիան այս օրերին առավելապես համակված է «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայության սպասումով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ