Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց ազգային ընտրանու մասնակցությունը վատ չես համարի, մանավանդ եթե նկատի ունենանք վերջին տարիներին հայկական ծանրամարտը համակած ճգնաժամը: Առաջին ծիծեռնակը եղավ 56 կգ քաշային կարգում հանդես եկած Սմբատ Մարգարյանը` երկամարտի բրոնզով (256 կգ) ու պոկում վարժության ոսկով (147 կգ):
Թիմակցի հաջող մեկնարկը զարգացրեց 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը: Սմբատի օրինակով նրա մեդալային ելույթում բարերար ազդեցություն ունեցավ հրում վարժությունը` 175 կիլոգրամ, ինչը արծաթյա դարձրեց նաև երկամարտի 315-ը: Վանիկի արծաթը պիտի դիտել որպես լուրջ ձեռքբերում նախ և առաջ մարզիկի համար, ով տարիներ շարունակ համառությամբ գնում էր իր մեծ մեդալին:
77 կիլոգրամ քաշային կարգում սպասելիքները լուրջ էին Հայաստանի ազգային հավաքականի լիդեր Տիգրան Մարտիրոսյանից, ու սա հակառակ նրա, որ վնասվածքի պատճառով վերջին տարիներին մարզիկը չուներ մեծ մրցահարթակի փորձ: Պոկում վարժության 157 կիլոգրամը, որքան էլ համեստ ցուցանիշ էր, այդուհանդերձ, մարզիկին բերեց ոսկե մեդալ: Ցավոք, զարգացումները հրում վարժությունում չունեցան անհրաժեշտ դինամիկան: Այստեղ գլխավերևում պահված 185 կիլոգրամը թե՛ վարժությունում, թե՛ երկամարտում նրան բերեց ընդամենը չորրորդ տեղ: Շատ ավելի թույլ էր մեր երկրորդ մարզիկի` Առաքել Միրզոյանի մասնակցությունը. 322 (147+175) կիլոգրամով նա դարձավ ընդամենը տասներորդը:
Բարեբախտաբար, ուրախացրեց Ռուսաստանի Դաշնության հավաքականի կազմում հանդես եկող քսանամյա Ռազմիկ Հունանյանը: Պատանիների աշխարհի կրկնակի չեմպիոնը, անկասկած, շատ ավելի բարձր արդյունք ցույց կտար բրոնզ բերած երկամարտի 344 կիլոգրամից (152+192), եթե չլիներ առաջնության կազմակերպիչների անփութությունը, ինչի պատճառով մարզիկն ուժերը մսխեց ավելորդ մոտեցման վրա: Նշենք նաև, որ Ռազմիկը նույն հարգի մեդալ վաստակեց նաև հրում վարժությունում: Քաշային այս կարգում մրցումներն ավարտվեցին ալբանացի մարզիկների առավելությամբ: Նրանց ակտիվում են և՛ ոսկե, և ՛արծաթե մեծ մեդալները, սակայն ակնհայտ է, որ հայազգի հսկան շատ արագ ցույց կտա, թե ով է եվրոպական մրցահարթակում իրական պատվեր տվողը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ