Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից առանձնակի լարվածությամբ են առանձնանում հատկապես անգլիականն ու իսպանականը, որտեղ չեմպիոնության համար պայքարը սպառնում է շարունակվել մինչև վերջին տուրը:
Անգլիայի առաջնությունում թեպետ տուրը փոփոխություններ չմտցրեց առաջատար եռյակի դասավորությունում, սակայն չափազանց կարևոր էր ուժերի հարաբերակցությունը որոշելու տեսանկյունից: Մասնավորապես առանձնակի լարվածությամբ էր սպասվում «Լիվերպուլ»-«Մանչեստր «Սիթի» առճակատումը, ուր հաղթանակը մերսիսայդցիների դիրքերն ավելի էր ամրապնդում չեմպիոնական մրցավազքում: Գերգրավիչ պայքարում «Լիվերպուլը» հաղթեց 3:2 հաշվով ու 77 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանից երկու միավորի հեռավորության վրա է արտագնա խաղում նվազագույն հաշվով «Սոունսի Սիթիի» նկատմամբ առավելության հասած «Չելսին»: 70 միավոր ունի երկու խաղ պակաս անցկացրած «Մանչեստր Սիթին»:
Իսպանական պրեմիեր լիգայում աններելիորեն սայթաքեց «Բարսելոնը»` 0:1 հաշվով պարտություն կրելով «Գրանադայից» և ունեցած 78 միավորով նահանջեց երրորդ հորիզոնական: Եթե նկատի ունենանք Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը, սա կատալոնյան ակումբի երկրորդ անընդմեջ անհաջողությունն էր ու երկրորդ անընդմեջ գոլազուրկ հանդիպումը, ինչը չի կարող օրակարգային չդարձնել թիմի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոյին թիմի ղեկին ունենալու աննպատակահարմարությունը: Բարսելոնցիների վրիպումից հրաշալի օգտվեցին մայրաքաղաքային երկու ակումբները` «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Առաջինը հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ, երկրորդը սեփական հարկի տակ ծնկի բերեց «Ալմերիային»: 82 միավորով «Աթլետիկոն» առաջին հորիզոնականում է, երեք միավոր է զիջում նրան երկրորդ տեղում գտնվող «Ռեալը»:
Անդրադառնանք նաև բունդեսլիգային, որտեղ առանձնակի հնչողություն ուներ «Բավարիա»-«Բորուսիա» դիմակայությունը, և բնավ էլ նշանակություն չուներ, որ մյունխենցիները վաղօրոք են ապահովել չեմպիոնությունը, իսկ դորտմունդցիները համառ պայքար են մղում երկրորդ տեղի համար: Այնպես որ, կողմերից և ոչ մեկը մոտիվացիայի պակաս չուներ առավելագույնս հաջող հանդես գալու հարցում, որովհետև վերջին տարիներին այս ակումբների առճակատումը ձեռք է բերել չափից ավելի սկզբունքային բովանդակություն:
Հանդիպումը չափազանց հաջող ընթացք ունեցավ հյուրերի համար: Դրանում նշանակալի էր Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի ներդրումը, ով դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Մեր մարզիկի համար գոլը խիստ կարևոր էր մասնավորապես հոգեբանական տեսանկյունից, որովհետև վերջին խաղերի անհաջող ելույթների ֆոնին էապես սասանվել էր նրա հեղինակությունը: Հենրիխի հաջող ելույթը հատկապես կարևոր էր «Բավարիայի» նման ահեղ մրցակցի հետ դիմակայությունում: Դորտմունդցիները հաղթեցին 3:0 հաշվով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ