Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գավաթային բախումներ

Գավաթային  բախումներ
18.04.2014 | 13:35

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնություններին զուգընթաց գավաթային մարտերի ավարտական փուլի ժամանակներն են` մի տեղ արդեն հարաբերությունների վերջնական հստակեցմամբ, մեկ այլ տեղ` ակնկալվող եզրափակչի տաք շնչով: Անդրադառնանք դրանցից երկուսին` իսպանական ու գերմանական գավաթային հանդիպումներին:

Արքայական գավաթի եզրափակչում հերթական անգամ բախվեցին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը»: Հանդիպման լարված լինելու մասին հիշատակելն իմաստ էլ չունի, քանզի եթե դաշտում են համաշխարհային ֆուտբոլի այս գերակումբները, ամեն ինչ առավել քան ակնհայտ է` զիջում չի լինելու, արյուն է թափվելու մինչև վերջ:

Շնորհիվ Անխել դի Մարիայի ու Գարեթ Բեյլի, մադրիդցիները հաղթեցին 2:1 հաշվով ու տիրացան պատվավոր ավարին` կրկնելով 2011 թվի հաջողությունը: Ի դեպ` այն ժամանակ էլ եզրափակչում նույն թիմերն էին մրցակցում: Վալենսիայում կայացած այս հանդիպման արդյունքով արքայական ակումբը տասնիններորդ անգամ դարձավ երկրի գավաթակիր, թեպետ դժվար է ասել՝ ինչ կլիներ, եթե խաղի վերջին րոպեներին Նեյմարի հարվածը դարպասաձողից անդրադառնալու փոխարեն հայտնվեր Կասիլյասի պաշտպանած դարպասում:
«Բարսելոնը» պարտվեց: Որքան էլ փաստը ցավալի է թիմի բազմամիլիոն երկրպագուների համար, այդուհանդերձ, եղածին կարելի է ու պիտի փիլիսոփայորեն մոտենալ հենց թեկուզ միայն նրա համար, որ ոչ ոք ապահովագրված չէ հնարավոր ձախողումներից: Այդպես էլ է լինում: Սակայն անհանգստացնողն ուրիշ բան է: Տատա Մարտինոն ակնհայտորեն ոչինչ նոր չկարողացավ ավելացնել կատալոնյան ձույլ համույթին, եթե չլինենք ավելի խիստ` ասելով, որ թիմը կորցրել է խաղի հմայքը: Իսկ թիրախ ընտրել Մեսիին, թե նա արդեն այն չէ, անլրջությունների շարքից է: Արգենտինացին յուրաքանչյուր խաղում առնվազն երեք հոգու պարտադրում է անհատապես իրենով զբաղվել: Հաշվեք, տեսեք, թե մնացածները մնացածների դեմ քանի հոգով են խաղում: Եթե մարզիչը չի կարողանում ապահովել իր թիմի թվային գերազանցությունը, Մեսիի մեղքը ո՞րն է: Այդ տղան հո մեքենա՞ չէ ամեն խաղում գոլ խփելու համար: Եվ հետո օրգանիզմ է, չէ՞, կարող է ինչ-որ փուլում որոշակի դադարների անհրաժեշտություն ունենալ: Մի խոսքով` փայտը երկու ծայրով է, որքան էլ մեկ ամբողջություն է:
Սակայն բոլոր դեպքերում տագնապեցնող է, որ «Բարսելոնը» երրորդ անընդմեջ պարտությունն է կրում, որից երկուսի հետևանքներն արդեն չես շտկի (նկատի ունեմ Չեմպիոնների լիգայի մեկ քառորդում Մադրիդի «Աթլետիկոյից» ու Արքայականում «Ռեալից» պարտությունները), թեպետ ներքին առաջնությունում «Գրանադայի» հետ խաղն էլ հնարավոր է պակաս աղետալի հետևանքներ չունենա: Երկրի առաջնության մնացած հանդիպումներում ամեն ինչ չէ, որ կախված է բարսելոնցիների գերկենտրոնացումից: Այստեղ դեռ պիտի հաջողեցնեն վրիպել չորս միավորով առաջ պոկված «Աթլետիկոն» ու մեկ միավորով գերազանցող «Ռեալը», որ ինչ-որ բան այլ զարգացում ունենա: Ինչևէ, լավ չէ: Իսկ Մարտինոյին հնարավորինս շուտ փոխելն ավելի քան օրակարգային է: Սակայն եկեք արքայական գավաթի շրջանակում կայացած հանդիպման առնչությամբ լսենք թիմերի մարզիչների խոսքն ու նոր անցնենք առաջ:
ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏԻ («Ռեալ») -Իհարկե երջանիկ ենք այս մրցաշրջանում հաղթելու առիթով: Թիմը խաղաց առավելագույն հատույցով, ինչպես և սպասվում էր այս դիմակայությունում: «Բարսելոնը» փորձում էր ճեղքել մեր պաշտպանությունը, սակայն մենք գիտեինք ինչպես պաշտպանվել: «Ռեալը» միանգամայն արժանի էր հաղթանակի, քանի որ պայքարում էր շատ ուժեղ մրցակցի դեմ: Խաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք, մամլիչի էինք դիմում մրցակցի կիսադաշտում` անցկացնելով հակագրոհները: Կարծում եմ, որ այս «Բարսելոնի» փուլը դեռ ավարտված չէ:
ԽԵՐԱՐԴՈ ՄԱՐՏԻՆՈ («Բարսելոն») -Մեծ ցավ եմ զգում այս պարտության ու մեր երկրպագուների համար: Մեր թիմը պիտի անցնի երկար ճանապարհ և հասնի մեծ հաջողությունների: Կարող եմ ասել, որ ապագաս կախված չէ այս խաղից: Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք փորձում էինք չեզոքացնել Անխել դի Մարիային ու Գարեթ Բեյլին: Շատ հարցերում դա հաջողվեց մեզ, իսկ «Ռեալը» գոլերը խփեց իր ոճով: Շատ թանկ վճարեցինք մրցակցի երկու հակագրոհի դիմաց:
«Բավարիա»-«Կայզերսլաուտեռն» հանդիպումից պարզ դարձավ (թեև այլ ելք սպասելն անհնար էր), որ գերմանական գավաթային եզրափակչում անխուսափ է «Բավարիա»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունը: Հաշվետու հանդիպումում մյունխենցիները հեշտ հաղթանակի հասան: Համենայն դեպս, խաղի 5:1 հաշիվն այդ մասին ավելի քան առարկայական է վկայում:
Արդ` ի՞նչ կարելի է ակնկալել «Բավարիա»-«Բորուսիա» դիմակայությունից: Բնականաբար` արյան գետեր: Մյունխենցիները կփորձեն սրբել Կլոպի սաներից երկրի առաջնությունում վերջերս կրած դաժան պարտության հետևանքները, որտեղ, ի դեպ, փայլուն խաղաց Հենրիխ Մխիթարյանը: Իհարկե, Դորտմունդի «Բորուսիան» «Բավարիայի» նման գերակումբ չէ, բայց ֆուտբալասեր հանրության կողմից այս խաղը պակաս լարվածությամբ չի սպասվում: Մեզ համար` առավել ևս: Ի՞նչ իմանաս` մեկ էլ տեսար Հենրիխ Մխիթարյանը վերցրեց ու նորից փայլուն խաղ անցկացրեց մյունխենցիների հետ` ապացուցելով, որ առանձնահատուկ կայֆ է ստանում հատկապես «Բավարիայի» դարպասը գրավելուց, մանավանդ որ մեր տղայի անկումային տրամադրությունները կարծես թե իրենց վերջն են գտել, ու մարզիկը մտել է նորմալ խաղային ռեժիմ: Այնպես որ` զինվենք համբերությամբ. մայիսի տասնհինգն այնքան էլ հեռու չէ:
Քանի որ մեր լավագույն ֆուտբոլիստի հիշատակումով գավաթային խաղերի առնչությամբ այսպես թե այնպես անդրադարձ կատարեցինք ֆուտբոլում հայ տարրի առկայությանը, եվրոպական ֆուտբոլային մյուս գերտերությունների համանման հանդիպումների հիշատակումը թողնենք մի կողմ ու գանք հայոց հողերի կողմ, որովհետև մեզանում էլ այդօրինակ բաներ լինում են: Հայաստանյան եզրափակչում միմյանց հետ կմրցեն գավաթային եզրափակչի բազմակի փորձ ունեցող «Փյունիկն» ու բոլորովին անփորձ «Գանձասարը»: Թե ինչն ինչպես է լինելու, այդ հանդիպումից հետո Եվրոպա որ թիմն ենք գործուղելու, հստակ պատասխան կտա մայիսի յոթը:
Ի միջի այլոց նկատենք, որ այս լուսնի տակ «Գանձասարը» միակ թիմը չէ, որն առաջին անգամ գավաթային խաղերի եզրափակչում հանդես գալու իրավունք է ձեռք բերել: Նման մի երջանիկ էլ կա Ռուսաստանի առաջնությունում: Այդ բախտավորը Կրասնոդարի «Կրասնոդարն» է, որը կիսաեզրափակչում նվազագույն հաշվով առավելության է հասել շատ ավելի հեղինակավոր ԲԿՄԱ-ի նկատմամբ: Բնականաբար` ռուսական ստանդարտներով: Եզրափակչում նրան կսպասի «Ռոստով»-«Լուչ-Էներգիա» դիմակայության հաղթողը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ