BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ես ինձ «հին» կամ «նոր» կադր չեմ համարում»

«Ես ինձ «հին» կամ  «նոր» կադր չեմ համարում»
06.05.2014 | 00:30

«Իրատես de facto»-ի հյուրն է սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Տիկին Հակոբյան, Դուք վերստին ստանձնեցիք սփյուռքի նախարարի պաշտոնը: ՀՀԿ-ում հատուկ վերաբերմո՞ւնք կա իրենց «հին» կադրերի հանդեպ, թե՞ վերանշանակումն այլ գործոնով է պայմանավորված:
-Ես ինձ «հին» կամ «նոր» կադր չեմ համարում: Ես աշխատող մարդ եմ, իսկ աշխատանքը գնահատվում է: Մանավանդ որ նախարարությունը նորաստեղծ է, ծրագրեր ենք սկսել, որոնք պետք է ավարտին հասցնել: Չպետք է մեխանիկորեն խոսել փոփոխության մասին, այլ պետք է քննարկել, թե տվյալ պաշտոնյան իր տեղում որքան աշխատանք է կատարել, ինչ ձեռքբերումներ ունի, որոշակի առաջընթաց գրանցե՞լ է համակարգում, թե՞ ձախողվել է: Կարծում եմ, կառավարությունում նոր նշանակվածների և արդեն փորձառու նախարարների համատեղումը կարող է աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: Ամեն ինչ ջնջել և սկսել զրոյից անընդունելի է: Մեր երկիրը բոլոր ոլորտներում շարունակականություն պիտի ապահովի:
-Ասում են՝ նոր կառավարությունում այսինչ նախարարը Տիգրան Սարգսյանի կադրն է, մյուսը` Հովիկ Աբրահամյանի, երրորդը` Ռոբերտ Քոչարյանի և այլն: Դուք Ձեզ ո՞ւմ կադրն եք համարում:
-Ես Հրանուշ Հակոբյանն եմ, ով իր ողջ քաղաքական, մասնագիտական ճանապարհը հարթել է աշխատանքի շնորհիվ: Առանց անհամեստության կարող եմ նշել, որ ունեմ կառավարման աշխատանքի մեծ փորձ, գիտելիքներ, ինչի համար ինձ գնահատել են: Քսաներկու տարի ինձ գնահատել է ժողովուրդը, հավատալով ու վստահելով, մրցակցային ընտրության պայմաններում ինձ վեց անգամ անընդմեջ ընտրել է պատգամավոր: 2008 թ. վերջին հանրապետության նախագահն ինձ վստահել է ամենածանր բնագավառներից մեկը, որտեղ զրոյից պետք էր ստեղծել պետական կառավարման մարմին` սփյուռքի նախարարություն: Նախարարությունը պիտի կարողանար սփյուռքում աշխատանքներ կազմակերպել, վստահություն և հավատ ներշնչել սփյուռքյան կառույցներին, համահայկական կազմակերպություններին: Անցնող տարիներին, սփյուռքի հետ աշխատանքը կազմակերպելիս, համագործակցության մնայուն կառուցակարգեր ստեղծվեցին: Մեր բոլոր ծրագրերը կայացել են, սփյուռքը մշտապես համագործակցել է մեզ հետ, հենց դա հաշվի առնելով է, որ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահն ինձ վերանշանակել է:
ՈՒզում եմ ավելացնել նաև, որ ցանկացած ձեռնարկ իրականանում է, եթե սփյուռքն ու Հայաստանը երկուստեք համաձայնության են գալիս: Եթե սփյուռքը մեզ չվստահեր, չաշխատեր մեզ հետ, մեր ծրագրերը չէին իրականանա: Մեր նախարարության առանձնահատկությունն այն է, որ մենք գործ ունենք ոչ թե հայաստանյան կառույցների հետ, որ նրանց հավաքենք և ծրագրեր իրականացնենք, այլ սփյուռքի կառույցների: Եվ եթե մեր հայրենակիցները չգան, չմասնակցեն մեր առաջարկած ծրագրերին, ոչինչ չի ստացվի: Իսկ այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե առաջին մեկ-երկու տարում յուրաքանչյուր ծրագրին մասնակցում էր 100-200, ապա այսօր՝ 1000-1500 հոգի: Եթե սկզբնական շրջանում մասնակցում էին 5-6, այսօր 30-40 երկրում ապրող մեր հայրենակիցներն են մասնակցում, եթե սկզբում մասնակցում էին մեկ տասնյակ կազմակերպություններ, այսօր հազարավորներն են մեզ հետ կապի մեջ: Ես շնորհակալ եմ սփյուռքյան մեր բոլոր կառույցներին իրենց հայրենանվեր գործունեության համար:
-Նախկին և ներկա վարչապետների գործելաոճում տարբերություններ արդեն նկատո՞ւմ եք:
-Երբ կառավարության ծրագիրը հաստատվի, այն ժամանակ կտեսնենք, թե ինչպիսի տարբերություններ կլինեն: Պարոն Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ կառավարության ծրագիրն ավելի կոնկրետ կլինի, որպեսզի նաև չափելի լինի և իրականանալի:
-Անձամբ Ձեր աշխատանքում ինչպիսի՞ փոփոխություններ են հնարավոր:
-Մեր ծրագրերը բոլորն էլ շարունակական են, միաժամանակ նոր գաղափարներ, ծրագրեր միշտ էլ լինելու են: Այս անգամ ավելի շեշտադրվելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրերը, իսլամացած և ծպտյալ հայերի հետ տարվող աշխատանքները, սիրիահայերի ինտեգրման գործընթացը: Միաժամանակ ՀՀ նախագահը 2013-ի վերջում ստորագրել է հրամանագիր, որով առավել հստակեցվել է Հայրենիք-Սփյուռք գործակցության պետական քաղաքականությունը, ինչն էլ ենթադրում է հրամանագրի կատարման ուղղությամբ հետևողական աշխատանք:
-Ավելի կհստակեցնե՞ք՝ ինչպիսի ծրագրեր են նախատեսվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-Այս ապրիլին Բրյուսելում տարածաշրջանների հանձնախմբերի ղեկավարների, ներկայացուցիչների հավաք-հանդիպում կազմակերպեցինք: Ի մի բերեցինք այն ծավալուն աշխատանքները, որ սկսել են մեր համայնքները, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովները: Մենք մշակել և գործողության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների համալիր ծրագիր, որը ներառում է քաղաքական, լոբբիստական աշխատանքներ, կրթամշակութային միջոցառումներ, համայնքներում իրականացվող քայլեր, ինչպես նաև երիտասարդության հետ տարվող աշխատանք, որովհետև հենց նրանք են շարունակելու Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար մղվող պայքարը: Մեր նպատակն է հիշել, հիշեցնել բոլորին և պահանջել աշխարհից: Ինչպես գիտեք, սփյուռքի մեր համայնքները շատ տարբերվում են միմյանցից, և յուրաքանչյուրի հետ առանձին աշխատելը շատ բարդ է: Նրանք մեր աշխատողները չեն, նրանք հրամաններ կատարողներ չեն, նրանց աշխատանքը կամավոր է: Մենք պետք է նրանց հետ յուրաքանչյուր հարցի շուրջ երկխոսենք, քննարկենք: Երկրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ յուրաքանչյուր նախարարություն, իր ծրագրերն իրականացնելիս, հստակ գիտի, թե Հայաստանում քանի մարդ կարող է մասնակցել դրանց: Մեր պարագան այլ է, մասնակիցների թիվը կանխատեսելի չէ: Որպես կանոն, որքան նախատեսում ենք, դրա կրկնապատիկն է գալիս, այստեղ էլ ֆինանսական հարցեր են առաջանում, քանի որ մենք ոչ մի հայորդու չենք ուզում մերժել: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ծագած բոլոր խնդիրներին շտապ լուծումներ տալու, արագ գործելու: Մեր թիմն արդեն ձևավորվել է, ունի որոշակի կապեր, հարաբերություններ, աշխատանքի համապատասխան փորձ:
-Որոշ նախարարների վերանշանակումը հանրության շրջանում, սոցցանցերում բուռն քննադատությունների տեղիք տվեց: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում, դժվար չէ՞ այսպիսի մթնոլորտում աշխատելը:
-Միշտ էլ միլիոնի մեջ կգտնվեն տասնյակներ, հարյուրներ, որոնց բավարարելը հնարավոր չէ, յուրաքանչյուրը իր ճշմարտությունն ունի, իր կարծիքը: Սա բնական է: Չի կարող լինել մի մարդ, որին 10 միլիոնն էլ սիրի: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում սոցցանցերում արտահայտվելու մշակույթը հեռու է բավարար լինելուց: Շատ հաճախ, ուրիշների անվան տակ, իրենց նեղ, անձնական չլուծված խնդիրների պատճառով մարդուն չարախոսում են՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի: ՈՒստի դրանց պետք է վերապահումով վերաբերվել: Իսկ ցանկացած կառուցողական առաջարկ, խելամիտ քննարկում ողջունելի է: Ի դեպ, մեր ազգի մեջ անհատականությունը շատ ընդգծված է: Գրելիս մարդը պետք է խելացի առաջարկներ անի, օգտակար խորհուրդներ տա, չէ՞ որ յուրաքանչյուր արտահայտություն նախ և առաջ բնութագրում է իրեն: Մարդուն կարելի է քննադատել, սխալները ճակատին ասել: Ես ընդունում եմ օբյեկտիվ քննադատությունը, կառուցողական քննադատության կողմնակից եմ: Չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում: Հետևաբար, ճիշտ է ասված` արհամարհիր զրպարտությունը, և այն կմեռնի: Ես կարող եմ նշել, որ մեր աշխատանքները թափանցիկ են, բոլորին հասանելի, մեր գործընկերները դժգոհ չեն մեր աշխատանքներից, և սփյուռքի հետ համագործակցությունը հիմնականում ստացվել է: Չեմ բացառում, որ պատահական, գործին ոչ ծանոթ մարդը ոչ ճիշտ եզրակացություններ անի, չէ՞ որ ապրում ենք ժողովրդավարական հասարակությունում, և ես դրան նորմալ եմ վերաբերվում:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ