Երկու օրից Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը: Ասել է թե՝ մեկ ամիս շարունակ հնարավորություն կունենանք դիտելու աշխարհի ուժեղագույն ընտրանիների խաղերը, հաղորդակից լինելու բացառիկ գեղեցիկ այս մարզաձևի հմայքին: Ցավոք, ուժեղների մեջ չկա մեր հավաքականը, որը առաջնությունն ավելի սպասված ու ավելի ցանկալի կդարձներ: Բնականաբար մեզ, բացառապես մեզ համար, քանզի նման որակի ֆուտբոլ երկրպագելու համար առնվազն մեկ դրդապատճառ կարող ես ունենալ, որի թարգմանությունն է նեղ պատրիոտիզմ ու ուրիշ ոչինչ: Ինչ վերաբերում է ուժեղների հաղթահանդեսին երբևէ մասնակցելու մեր հնարավորությանը, առնվազն տեսանելի ապագայում այն դժվար էլ լինի:
Շատ եմ թերահավա՞տ: Ավաղ՝ ոչ:
Հարկավ, կլինեն մտածողներ, թե տրամադրությանս անկումայնությունը գալիս է մեր ընտրանու վերջին խաղերից, այդ վերջի վերջն այդպես էլ չբերած այս վերջին ընկերականներից: Ես այսպես կպատասխանեմ՝ երանի ձեզ ու ձեր լավատեսությանը: Ինչ վերաբերում է այդ ընկերականներին, որքան էլ ինֆորմատիվ կարգով, դրանցից երկուսի մասին արդեն իսկ խոսել եմ: Թե դրանք ինչ ցույց տվեցին, ինձնից լավ դուք գիտեք, և չեմ կարծում, թե առանձնապես ոգևորվել եք Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից, թեպետ կարողացանք չորս անգամ մրցակցի դարպասը գրավել:
Ճիշտ հասկացեք՝ հարցը բնավ էլ խփած այդ չորս գոլը չէր: Հարցը շատ ավելի շատ սեփականն ընդունած երեքն էր, որի հայելային արտահայտությունը եղան մյուս երկու հանդիպումներն Ալժիրի ու Գերմանիայի հավաքականների հետ, որոնց, ի ցավ ամենքիս, պարտվեցինք համապատասխանաբար 1։3 ու 1:6 հաշիվներով:
Գիտե՞ք՝ այս աշխարհում ամենասարսափելին հորթի հրճվանքն է: Հարկավ, լավ է, որ կարողանում ենք աշխարհի ուժեղագույնների դարպասը գրավել, բայց որ այդ գրավումն ուղեկցում ենք հակառակորդի ուզած թվով ու չափով ուղեկցող գրավումներով, չափազանց տխուր է: Իհարկե, արդարանալու տենդով կարող ենք մատնանշել այդ հանդիպումների ընկերական բնույթը, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է, նրանց համար դրանք պաշտոնակա՞ն էին, մասնավորապես Գերմանիայի ընտրանուն «վիզ» պե՞տք էր այդքան գոլ մեր դարպասը լցնելը: Հը՞: Տեսնում ե՞ք, որ խնդիրն իրականում այլ հարթությունում է:
Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է արմատական փոփոխություն: Առաջին հերթին՝ կազմակերպական առումով, ու ընտրանու ղեկակալ փոխելը հարցի երևութական կողմն է, ռուսերեն ասած՝ «պակազուխան»:
Շալանդի մասին դատողություններ չեմ անի: Մարզիչ է, մարդ, ով, եթե ոչ ուրիշ բանի, գոնե սեփական անձի նկատմամբ հարգանքից ելնելով, մեզ մոտ է եկել ինչ-որ բան հայկական ֆուտբոլում փոխելու ցանկությամբ: Չեմ էլ կասկածում՝ դեպի լավը փոխելու ցանկությամբ: Սրտանց հաջողություն եմ մաղթում, բայց կկարողանա՞ ինչ-որ բանի հասնել մի տեղ, որտեղ կարմրած թիկունքով ֆուտբոլիստ է հանդերձարանից խաղադաշտ պոկվում ու փութով լքում խաղն ու խաղադաշտը, իսկ մարզիչն անտեղյակ է… տեղյակից, որտեղ միջանձնային անհասկանալի բարքեր են տիրում: Հիշում ե՞ք, թե ատամներով ինչպես էին ոմանք պաշտպանում Վարդան Մինասյանին, ու սա այն դեպքում, երբ մարդն ինքնակամ ուզում էր լքել գլխավորի պոստը՝ ավելի քան ռեալ հասկանալով, որ ուժ չունի ղեկավարելու: Ես վայրկյան իսկ չեմ կասկածում, որ Վարդան Մինասյանը, հնարավոր է, շնորհալի մարզիչ էր կամ է, և իրականում շան գլուխը միանգամայն այլ տեղ է հորած: Հիշո՞ւմ եք, թե տարեվերջից դեռ շատ առաջ նոր գլխավոր մարզիչ ձեռք բերելու առնչությամբ ի՜նչ թեմաներ էին հրապարակ նետված, բանակցային ի՜նչ բուռն գործընթացներ էին հիշատակվում ֆուտբոլային բոսերի շուրթերով, հավաքականի գլխավորի թեկնածուի առիթով ի՜նչ լայն ընտրություններից, որոնողական ի՜նչ լայն աշխատանքներից էին խոսում ու հետո, երբ աղվեսի դունչը խաղողին ակնհայտորեն չհասավ, ի՜նչ նոր երգեր սկսեցին երգել ապագա մարզչին տրվելիք միլիոն-միլիոնուկեսն ավելի նպատակահարմար ծախսելու վերաբերյալ, թեպետ գումարի չափից մինչ այդ ոչ ոք ոչ տեղյակ չէր: Ֆրանսիայի առաջնությունում (ուշադիր եղեք՝ Ֆրանսիայի ու ոչ թե Հայաստանի առաջնությունում) «Մոնակոյին» փոխչեմպիոնության հասցրած խե՜ղճ Ռանիերի՝ ութ հարյուր հազար դոլարով անցավ նոր աշխատանքի՝ այդպես էլ չիմանալով, որ մեր ընտրանու գլխավորի ընտրության փողի բազարը մենք անում էինք միլիոն-միլիոնուկես ամերիկյան դոլարի մակարդակով:
Բազում բաներ կարելի է հիշատակել, սակայն բավարարվենք այսքանով ու կեսբերան հարցնելով՝ գիտե՞ք իրականում հայկական ֆուտբոլի ցավը որտեղ է: Մի անգամ իրար կողք դրեք հայաստանյան ֆուտբոլային բոսերի հեռուստատեսային ելույթների տեսագրություններն ու ձայնագրությունները, և ամեն ինչ ավելի քան պարզ կտեսնեք:
Ինչ վերաբերում է Գերմանիային պատասխան գոլը չխփելուն ու դրանով իսկ բոռի, թե բզեզի բունը չքանդելուն, այդ իմաստությունը պետք էր ունենալ խաղի առաջին յոթանասուն րոպեների ժամանակ ու համար, երբ ներբողներ էին ձոնվում մեր կատարմամբ չֆուտբոլին: Իսկ եթե կուզեք շատ ավելի ճիշտը իմանալ, դա պետք էր անել ֆուտբոլային «ստրատեգներին» հաղորդումների հրավիրելիս, որտեղ ոչ թե պիտի ստրկահաճ, պլանավորված, միջի փուշը հանած հարցեր տալ ու վախից մշուշված աչքերով նայել եկածին, այլ պահանջատերի դիրքերից խոսել ֆուտբոլային տնտեսությունում ստեղծված վիճակի մասին:
Ավարտեմ: Քանի դեռ հայաստանյան ֆուտբոլային մտածողությունում առկա են բազազարտեմականությունն ու գիքորականությունը, հայկական ֆուտբոլ չի լինի, իսկ իրականությունը կբանաձևվի թումանյական պարզ ճշմարտությամբ, որը մեծ լոռեցու շուրթերով դրված է վերնագրի մեջ՝ օրեր են, կմթնեն, անց կկենան:
Ասել է թե՝ յոլա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ