Հունիսի 12-ին Բրազիլիա-Հորվաթիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի թվով քսաներորդ առաջնությունը: Իհարկե, դրան նախորդեց մարզական այս մեծ տոնախմբության բացման հանդիսավոր արարողությունը, սակայն առանձնապես եկեք չծանրանանք դրա վրա, որքան էլ հիշատակման արժանի ու ուսուցողական շատ բան կար նրա մեջ հատկապես խոշոր հանդիսությունների կազմակերպիչների համար: Էլ չեմ խոսում խնդրո գեղագիտական կողմի մասին:
ՍՊԱՍՎԱԾ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Առաջնության առաջին խաղում (A խումբ) Բրազիլիան 3:1 հաշվով հաղթեց հորվաթների ընտրանուն ու մեծ քայլ կատարեց play-off տանող ճանապարհին, քանզի մրցակիցը, ոչ ավելի-ոչ պակաս, խմբայինի թիվ երկրորդ թիմն էր իր ներուժով: Այսպես ասելով՝ բնականաբար չենք թերագնահատում ոչ Մեքսիկայի, ոչ էլ Կամերունի ընտրանիներին (ի դեպ՝ նրանց դիմակայությունն ավարտվել է մեքսիկացիների օգտին՝ 1:0), այլ պարզապես ֆիքսում ենք փաստը, թեպետ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է ու մասնավորապես արդեն եղած խաղերից մի քանիսն արդեն իսկ վկայել են «ամեն ինչ հնարավոր է»-ի գոյության իրավունքը:
Ասում եք՝ կասկածելի՞ էր հորվաթների դարպասին նշանակված տասնմեկմետրանոցը, մրցավարն ու Նեյմարը համատեղ ուժերով ապահովեցին տանտերերի հաղթանա՞կը: Չեմ ուզում վիճել, քանզի հարցը շատ ջուր քաշողներից է, իսկ մենք առանձնապես ծավալվելու տեղ չունենք, որքան էլ աշխարհի առաջնությունն այս օրերի թիվ մեկ իրադարձությունն է ու, ինֆորմացիոն առումով, հետին պլան է մղել անգամ աշխարհաքաղաքական բախտորոշ զարգացումների հանգամանալից ներկայացումը: Ինչևէ: Փաստենք Բրազիլիայի ընտրանու հաղթանակն ու գնանք առաջ:
Իսպանիա-Հոլանդիա խաղը (B խումբ) ապշեցրեց իր աներևակայելի հաշվով: Չէ, այնպես չէ, թե իսպանացիները 5:1-ից պակաս հաշվով պարտված չկան: Նույնիսկ մերոնք են ավելի խոշոր հաշվով պարտվել (լավն է՞ր անհամեմատելիների համեմատությունը): Հիշեք Գերմանիայի ընտրանու հետ 1:6-ը: Սակայն, այսքանով հանդերձ, թույլ տվեք ասել՝ դե կներեք, էլի… Հինգ անգամ Կասիլյասը գնդակ է հանում դարպասից, այն Կասիլյասը, ով չոր խաղերի տպավորիչ վիճակագրություն ուներ մինչ այս չարաբաստիկ հանդիպումը: Բայց դե խաղ է, ամեն ինչ էլ լինում է: Նույնիսկ տարին ունի նահանջ հասկացությունը, ու նրանք, ովքեր կարծում են, թե աշխարհն է փուլ եկել, չարաչար սխալվում են: Ի գիտություն բոլոր հուսահատվածների ու անտեղի հրճվողների՝ Իսպանիան կհավաքվի ու դեռ լուրջ ճակատ կտա: Սա անվիճելի է նույնքան, որքան յուրաքանչյուր կնոջ համար անվիճելի է դիմացի տիկնոջ դիետայի բաղադրատոմսի առավելությունը: Այստեղ (նկատի ունեմ կանանց բարեկազմության գերկարևոր խնդրից անցումը ֆուտբոլին) մի հարց է միայն մութ մնում. ի վերջո ո՞ր տեղով է Իսպանիան դուրս գալու խմբայինից: Եթե երկրորդ, ապա play-off-ում խաղալու է Բրազիլիայի հետ (եթե վերջինս խմբայինից առաջին տեղով դուրս գա), իսկ սա, ոչ ավելի-ոչ պակաս, կնշանակի վաղաժամկետ եզրափակիչ: Իհարկե, դրանով առաջնության ինտրիգը չի մարի, որովհետև առաջնությունում պակաս հավակնություններ ունեցող թիմեր չկան: Սակայն նման զարգացումների դեպքում իսպանացիներին հավասար մտածելու բան ունեն և բրազիլացիները: Իսկ ո՞վ է ասել, որ եթե հոլանդացիները չէին մոռացել իսպանացիներից չորս տարի առաջ կրած պարտությունն ու մուռը լիուլի հանեցին, ապա իսպանացիները պատմության գիրկն են հանձնել բրազիլացիներից կրած պարտության վիրավորանքը: Հնարավոր չէ՞: Լավ էլ հնարավոր է: Բա որ մյուս կողմից էլ հանկարծ այնպես եղավ, որ իսպանացիների հետ խաղից հետո հոլանդացիների «գազը» վերջացած եղա՞վ…
Ինչպես տեսնում եք, լիքը հարցեր կան, իսկ դուք, առանց նախապես ճշտած լինելու հանգուցյալի ինքնությունը, շտապում եք չիմացածի դին հանձնել հողին: Մի՛ մոռացեք «Վռազողը տղա չի բերի» ժողովրդական իմաստնությունը ու խոսքը վարպետորեն մի շրջեք, թե երեխա բերելու մենաշնորհը բացառապես կանանցն է: Չմոռանաք սեռախեղումների ահագնացող փաստի առկայությունն ու կոնչիտաների որակ կազմելու հստակ միտումը: Այ, այստեղ ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ նմաններին քիչ է միայն ցցի հանելը: Իհարկե՝ ոչ մի Կոնչիտա: Մենք նման սատանայական բաների զահլան չունենք:
ԱՌԱՆՑ ԿԾԱՆԻ ԴԺՎԱՐ Է
Շատ էլ ճիշտ հասկացաք՝ խոսքս ՈՒրուգվայի հավաքականի մասին է (D խումբ), իսկ որ հաղորդման ռեժիսորը ֆուտբոլից հասկացող մարդ էր, կարծում եմ, չեք կասկածում. թե չէ ինչու Կոստա Ռիկայի (խաղն ավարտվել է 3:1 հաշվով ու հօգուտ հենց այն ընտրանու, ում շանսերն այս առաջնությունում ամենացածրն էին գնահատվում) ամեն գոլից հետո տեսախցիկն ուղղում էր պահեստայինների նստարանին գլուխն ափերի մեջ առած Լուիս Սուարեսի վրա: Հիմա այս հանրահայտ կծանի առողջականը հնարավորություն կտա՞ անգլիացիների հետ հանդիպումում խաղադաշտ դուրս գալու, թե ոչ, դարձյալ մնում է հարցական, բայց, որ երկրորդ պարտությունն ուրուգվայցիների համար միանշանակ կնշանակի տունդարձի տոմսեր պատվիրել, ոչ միայն փորձառու Օսկար Տաբարեսին, այլև պառվի եզան մոզուն էլ պարզ է: Սակայն երկրորդ պարտությունը նույնքան ողբերգական ավարտ կարող է ունենալ և անգլիացիների համար, ովքեր 2:1 հաշվով զիջեցին իտալացիներին: Ի դեպ՝ այս խաղն ամենագեղեցիկն էր մինչև այժմ եղածների մեջ ու, խնդրում եմ չընդդիմանալ ասածիս, որովհետև ոչ միայն առարկությունները չեմ ընդունի, այլև խոշոր ջրբաժան կառաջանա մեր միջև ու ոչ մի փրկարարական ծառայություն Արմեն Երիցյանի տեսքով չի օգնի միջադեպը հարթելուն: Մահվան խմբի այս երկու խաղից հետո ինտրիգն արդեն իսկ հասել է գագաթնակետին ու այստեղ հսկայական անելիք կարող են ունենալ ֆուտբոլային անվտանգության ծառայության աշխատակիցները: Փակագծեր չբացեմ, որովհետև առևտրի պարարտ հող է ստեղծվում, իսկ մեզանում հայտնի տարբերակով կարմիր գծեր քաշողներ ու նրանց հովանավորողներ հիմա ամենուրեք կան:
Առաջնությունից է՞լ ինչ ասենք, ժողովուրդ ջան, որ նեղացած չմնաք:
C խմբում Կոլումբիան 3:0 հաշվով պատժիչ գործողություններ իրականացրեց խաղամարկարդակով 2004 թվի վրա մնացած Հունաստանի ընտրանու նկատմամբ, Կոտ դ’Իվուարը ճապոնացիներին համոզիչ բացատրեց, որ թեև արևը մրցակցի երկրում է առաջինը ծագում, բայց սույն փաստը կապ չունի ֆուտբոլային արևի հետ, և 2:1 հաշվով պակաս կարևորության դաս չտվեց: B խմբում Չիլին հաղթեց ավստրալացիներին (3:1), ու երեք միավորով ընկերակցեց Հոլանդիային՝ վերջինիս հետ հընթացս նաև իսպանացիներին հասկացնելով, որ դիտորդի կարգավիճակով չի եկել Բրազիլիա: Ինչ վերաբերում է օրերով մեզ ավելի մոտ կանգնած խաղերին, E խմբում Շվեյցարիան Էկվադորի դեմ խաղում վերջին վայրկյաններին պոկեց հաղթանակը (2:1), Ֆրանսիան Հոնդուրասի դարպասը գրավեց երեք անգամ՝ սեփականն անառիկ պահելով (ավելորդ չհամարենք նշել, որ տասնվեց տարի շարունակ ֆրանսիացիները աշխարհի առաջնության մեկնարկային խաղերը չէին կարողանում սկսել հաղթանակով): Ի դեպ, խաղից առաջ այստեղ եղել է կուրյոզային դեպք՝ տեխնիկական անսարքության պատճառով չեն հնչել երկրների հիմները:
Առաջնությունը հաղթանակով սկսեցին և F խումբը ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիները: «Ալբիսելեստեի» մրցակիցը Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին էր: Այդ հաղթանակում (2:1) էական էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի ներդրումը թե որպես խաղի կազմակերպչի, թե որպես գոլերից մեկի հեղինակի: Այստեղ ուշագրավ մի փաստ արձանագրենք: Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, սա աշխարհահռչակ արգենտինացու առաջին խաղն էր նույնքան աշխարհահռչակ «Մարականա» ստադիոնում:
Թերևս այսքանով էլ ավարտենք, քանզի անհնար է գրկել անգրկելին: Միայն ավելացնենք, որ երեկ կայացած Իրան-Նիգերիա, Գերմանիա-Պորտուգալիա ու մինչև ուրբաթ հաջորդելիք մյուս խաղերի մասին կխոսենք թերթի հերթական համարում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ