Ստեփանավան-Վանաձոր թունելը չի փակվում Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Ոսկանյանն իր էջում հետևյալ տեղեկությունն էր տեղադրել և խնդրել լրագրողներին պարզել, թե ինչու է թունելը փակվում: «Շուտով փակում են Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը, ինչը ճանապահը երկարացնելու է ավելի, քան մեկ ժամով։ Թունելը վերջերս են վերանորոգել, վերանորոգման կարիք չունի։ Բոլորն ասում են, որ թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որպեսզի հանի ջրահեռացման և Սովետից մնացած խողովակները։ Վերջերս նա արատավոր հակում է ձեռք բերել տարբեր տրամաչափի խողովակների նկատմամբ։ Տեղական ՀԷԿ-ն էլ է, ասում են, տեռորով փակել, խողովակները վերցրել։ Բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվել են։ Հիմա էլ Ստեփանավան ու Տաշիր քաղաքների և հարակից գյուղերի ամբողջ բնակչությունը մի քանի ամիս շարունակ անհարմարություն է կրելու, բոլորը ատամնաբույժի անգամ Վանաձոր են գնում, կանայք Ստեփանավանում վախենում են ծննդաբերել, հղիները կոնսուլտացիաների համար էլի Վանաձոր կամ Երևան են գնում։ Չհաշված, որ ջրահեռացման համակարգի օտարումը էդ թունելը շարքից կհանի։ Չհաշված, որ դա միջպետական ճանապարհն է»։ irates.am-ը փորձեց կապի ու տրասնպորտի նախարարությունից տեղեկանալ, թե ինչ պատճառով է փակվում թունելը: Նախարարության մամուլի խոսնակը փոխանցեց, որ այս տեղեկությունը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը չի փակվում: Այս պահին նաև ոչ մի տեղեկություն չկա, որ աշխատանքներ են նախատեսված այդ հատվածում, իսկ եթե նման բան լինի, նախարարության ներկայացուցչի պնդմամբ, իրենք համապատասխան ծանուցում կտան, ճիշտ այնպես, ինչպես նախորդ օրը հայտարարություն էին տարածել Ծովագյուղ-Դիլիջան թունելի փակման առնչությամբ. «2014թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած ճանապարհահատվածը։ Նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 16-ի ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի: Սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4»: Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ