Այս շաբաթը եվրոպական ակումբային ֆուտբոլի խմբային հանդիպումների շաբաթ է ու բնականաբար չէր կարող իր կնիքը չդնել ներքին առաջնությունների վրա, թեպետ ֆուտբոլային գերտերությունների առաջատար ակումբները վաղուց վարժվել են խաղային օրացույցի խիստ գրաֆիկին: Եվ այդուհանդերձ դրանք հանդիպումներ էին առաջահայացով:
ԻՍՊԱՆԻԱ
Չեմպիոնական գրաֆիկով շարժվող «Բարսելոնը» ոչ միայն ջանում է հղկել խաղային օղակների փոխկապակցվածությունը (կատալոնյան ակումբում նորեկները շատ-շատ են), այլև աշխատանքներ է տանում ֆուտբոլիստների նշանառությունը ճշգրտելու ուղղությամբ: Այդ գործընթացի իր համար տհաճ մասնակիցն այս անգամ եղավ «Գրանադան»: Վեց անգամ հյուրերը ստիպված եղան գնդակը հանել սեփական դարպասից ու թեև խփած գոլերի քանակով Նեյմարը գերազանցեց Մեսիին (հարաբերակցությունը 3:2 է), միևնույն է, դափնիների առումով առավելությունը մնաց արգենտինացու կողմը, ով խփեց իր ֆուտբոլային կարիերայի 400-րդ ու 401-րդ գոլերը: Խոստովանենք՝ տպավորիչ ցուցանիշ է:
Տասնչորսական միավորով կատալոնցիներին են հետապնդում փառահեղ մեկնարկած «Վալենսիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»: Առաջինն արտագնայում 1:1 է խաղացել «Ռեալ Սոսիեդադի» հետ, երկրորդը 4:0 հաշվով պատժիչ արշավանք իրականացրեց «Սևիլիայի» դեմ:
Մրցաշարային աղյուսակում դիրքերն է բարելավում նաև Մադրիդի «Ռեալը» (2։0 հաշվով հաղթել է «Վիլյառեալին») ու տասներկու միավորով «Բարսելոնից» չորս միավոր հեռավորության վրա է: Ինչ վերաբերում է ռմբարկուների ցուցակին, այն տասը գնդակով գլխավորում է Քրիշտիանու Ռոնալդուն, ում նկատմամբ իրենց բուռն սերը «Մանչեստր Յունայթեդի» երկրպագուները, ինչպես խոստացել էին, արտահայտեցին «Վիլյառեալ»-«Ռեալ» խաղի ժամանակ վարձակալած ինքնաթիռի պոչին ամրացրած «Ռոնալդու, վերադարձիր տուն» հսկայական պաստառ-աղերսագրով: Թե դրանից ի՞նչ դուրս կգա, առայժմ անհայտ է, բայց որ մարդուն, Իրինա Շեյկից զատ, ուրիշ սիրողներ էլ կան, փաստ է:
ԱՆԳԼԻԱ
Կատալոնյան ակումբի նախանձախնդրությամբ չեմպիոնական ամբիցիաներով է առաջնորդվում և Ժոզե Մոուրինյոյի «Չելսին», որի հերթական զոհը մինչ այդ երրորդ տեղում ընթացող «Աստոն Վիլլան» էր՝ 3:0:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականը շարունակում է պինդ բռնած պահել «Սաուտհեմպտոնը» (2:1 հաշվով հաղթել է «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»):
Արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթելով «Հալ Սիթիին»՝ առաջատար եռյակի մաս կազմեց «Մանչեստր Սիթին»: Եռյակի անդամների դիմաց գրանցված է 16, 13, 11 միավոր: Նշենք նաև «Վեստ Հեմի» նկատմամբ սեփական հարկի տակ մանչեստրյան մյուս թիմի՝ «Յունայթեդի» հաղթանակը (2:1): Վան Գալի թիմը որոշակիորեն արդյունավետ քայլեր է կատարում սասանված հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ, թեպետ ջանքերը դեռևս բավարար չեն առաջատար եռյակին մոտենալու համար: «Մանչեստր Յունայթեդն» առայժմ յոթերորդ հորիզոնականում է: Անդրադառնալով այն հարցին, թե ո՞վ է պրեմիեր լիգայի լավագույն գոլահարը, պատասխանենք՝ ակտիվում ութ գնդակ ունեցող Դիեգո Կոստան («Չելսի»):
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում դարձյալ տեր ու տնօրինություն է անում երկրի անցած տարվա չեմպիոն «Բավարիան»: Արտագնա խաղում «Քյոլնի» նկատմամբ տոնած հաղթանակը (2։0) նրա միավորների թիվը հասցրեց տասնչորսի: Երկրորդը «Պադերբոռնին» նրա իսկ դաշտում պարտության մատնած (2:1) Մյոնխենգլադբախի «Բորուսիան» է, երրորդը՝ «Ֆրայբուրգի» հետ արտագնայում հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտած Լևերկուզենի «Բայերը»:
Տուրում շարունակեց տխրեցնել առանց Հենրիխ Մխիթարյանի հանդես եկող Դորտմունդի «Բորուսիան»՝ երեք միավոր նվիրաբերելով «Շալկեին» (1:2): Ռմբարկուների ցուցակը հինգ գոլով շարունակում է գլխավորել է «Մայնցը» ներկայացնող Սինձի Օկաձակին:
ԻՏԱԼԻԱ
Տուրի խաղերում իրենց երաշխավորված հաղթանակները տարան «Ռոման» ու «Յուվենտուսը»: Առաջինն աչքի ընկավ սեփական հարկի տակ՝ 2:0 հաշվով հաղթելով «Վերոնային», երկրորդը հյուրընկալվելիս պարտության մատնեց «Ատալանտային»` 3:0: Այստեղ երրորդն արտագնայում «Ջենովային» նվազագույն հաշվով պարտության մատնած «Սամպդորիան» է, որը տասնհինգական միավոր ունեցող «Յուվենտուսից» ու «Ռոմայից» հետ է մնում չորս միավորով: Հինգերորդ տուրի խաղերը փոփոխություններ են բերել ռմբարկուների ցուցակում, որը չորսական գոլով գլխավորում են Կառլոս Տևեսն («Յուվենտուս») ու Պաբլո Օսվալդոն («Ինտեր»):
ՖՐԱՆՍԻԱ
Չնայած արտագնայում ընդամենը մեկ միավոր վաստակելուն (1:1 է խաղացել «Թուլուզի» հետ)՝ «Պարի Սեն Ժերմենը» շարունակում է տասնինը միավորով գլխավորել առաջնությունը: Նրան հետապնդող «Բորդոն» ունի տասնյոթ միավոր (2:1 հաշվով հաղթել է «Ռենին»), որից, իր հերթին, նույնքան միավորով հետ է մնում սեփական հարկի տակ «Բաստիային» նվազագույն հաշվով պարտության մատնած «Լիլը»: Ինչ վերաբերում է դիվիզիոնի առաջատարին, այստեղ, անվան առումով, փոփոխություն չկա. մարսելցի Անդրե-Պիեռ Ժինյակն արդեն ութ գոլ ունի:
ՕՐՎԱ ԽԱՂԵՐԸ
Դրանք ութն են: Բոլորը չթվարկենք, պարզապես գնանք առավել հետաքրքրականները ներկայացնելու ճանապարհով: Մարզասերը, հարկավ համակ ուշադրություն դարձած, սպասելու է «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն», «Մանչեստր Սիթի»-«Ռոմա» դիմակայություններին: Լարվածության առումով պակաս հետաքրքիր չեն լինի նաև «Սպորտինգ»-«Չելսի», «Շախտյոր»-«Պորտու» առճակատումները, էլ չենք խոսում ԲԿՄԱ-«Բավարիա» հանդիպման մասին. եթե այս անգամ էլ բավարացիները ծանրորեն անցնեն բանակայինների վրայով (անշուշտ չեք մոռացել «Ռոմայից» կրած խայտառակ հաշվով պարտությունը), ռուս մարզասերին, խելագարվելուց զատ, ուրիշ բան չի մնա անելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ