Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը լեգենդար «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի անունը վաճառելու պատրաստակամություն հայտնել է, ինչը, բնականաբար, արժանացել է մարզասերների բուռն բողոքին: Վերջինները կարծում են, որ ամեն ինչ չէ վաճառքի ենթակա, իսկ մարզադաշտն իր անունով նաև արքայական ակումբի նույնքան հանրահայտ պատմության բաղկացուցիչ մասն է, պատմություն, որը սերունդների համար ունի արձանագրած չափազանց պատվաբեր վիճակագրություն. ակումբի լեգենդար նախագահ Սանտյագո Բեռնաբեուի օրոք մադրիդցիները վեց անգամ հաղթել են Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկություններում ու դարձել համաշխարհային ֆուտբոլի դրոշակակիր: Իհարկե, ակումբի ղեկավարներն այնքան միամիտ չեն, որ հնարավոր գործարքի համար սողանցք թողած չլինեն ու գոնե փոխզիջման տարբերակով հասնեն իրենց ուզածին: Այսպես, նրանք ասում են, որ անունն ամբողջությամբ չեն վաճառքի հանում, այլ նրա մի մասը՝ թողնելով «Բեռնաբեուն»: Իսկ թե ինչ հավելում կլինի դրան, այս պահին այնքան էլ հստակ որոշված չէ, սակայն հավանական տարբերակներ են ինչպես «IPIK»-ը, այնպես էլ «Cepsa»-ն: Հետաքրքրական է, որ նախկինում էլ է մարզադաշտի անվան շուրջ «խմոր հունցվել»: Անվան կեսը գնելու հարցում շահագրգռված են եղել «Coca Cola»-ն, «Microsoft»-ը, «Abu Dabi»-ն, սակայն մարզասերները կարողացել են իրենց իրավունքներին տեր կանգնել, ովքեր համոզված են, որ Բեռնաբեուի ազգանվան կողքին որևէ այլ հավելումը շատ ավելի ցինիկ բան է, քան մարզադաշտի անվանումն ամբողջությամբ փոխելը:
Մարզադաշտերի անվան փոփոխությունը կամ դրանց շուրջ ծավալվող գործարքները բնավ էլ նորություն չեն: Հիշենք, թե ինչպես 2011 թվականին «Մանչեստր Սիթին» հարազատ մարզադաշտի անունը փոխարինեց «Էտիհադով»: Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաընկերությունը դրա համար բավական կլորիկ գումար վճարեց՝ տասը տարի ժամկետով դառնալով «քաղաքաբնակների» հովանավորը:
Ակտիվ խոսակցություններ կան, որ նման քայլի պատրաստ է գնալու նաև մանչեստրյան մյուս հանրահայտ ակումբը՝ «Յունայթեդը»: Լեգենդար «Օլդ Թրաֆորդի» անունը գնելու պատրաստակամություն է հայտնել «Nike»-ը, որ արդեն երկար տարիներ ակումբի տեխնիկական հովանավորն է: Նույնիսկ հայտնի է շրջանառվող գումարի չափը՝ 800 միլիոն եվրո:
Ի տարբերություն եվրոպական ֆուտբոլի գրանդների, շատ ավելի համեստ վիճակում գտնվող «Լիվերպուլը» չի կամենում փոխել մարզադաշտի «Էնֆիլդ» անվանումը: Ըստ ակումբի մարզասերների, միակ բանում, որ համաձայնության են եկել ակումբի ղեկավարները, մարզադաշտի անվանումը կդադարի գոյություն ունենալուց այն ժամանակ, երբ կդադարի գոյություն ունենալուց նաև ակումբը՝ «Լիվերպուլը»:
Շատ ավելի հետաքրքրական պատմություն է կապված անգլիական «Նյուքասլ» ակումբին պատկանող «Սենտ Ջեյմս Պարկ» մարզադաշտի անվան հնարավոր փոխման հետ: 2009 թվին ակումբի ղեկավարությունը պատրաստ էր գնալու մարզադաշտի անվան փոփոխության, սակայն զայրացած հանրությունը «Սպորտս Դիրեկտս» ընկերության ղեկավար Էշլիին ստիպեց չափի բերել սեփական ախորժակն ու ընդհանրապես մարզադաշտի տարածքից հանել ընկերության անվանումը հիշեցնող ցանկացած բան:
Հարկ է նշել, որ մարզադաշտերի անվան փոփոխությունները կամ դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները միայն փողի նկատմամբ եղած սիրով չեն թելադրված: Ամենազոր քաղաքականությունն էլ իր հերթին պասիվ վիճակում չէ: Ոչ անհայտ պատգամավոր Վիտալի Միլոնովը, օրինակ, այս տարվա մայիսին առաջարկություն է արել փոխել «Զենիթ» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի անունն ու կոչել «Պուտին արենա»: Ասենք, որ սանկտպետերբուգցիները մի առանձնակի հմայքի մեջ չեն մարզադաշտի ներկայիս «Գազպրոմ արենա» անվանումից ու գերադասում են «Կրեստովսկի» կամ «Զենիթ Արենա» անվանումները:
Մարզադաշտերի անվան փոփոխություններով կամ լրացումներով պակաս աչքի չենք ընկնում նաև մենք: Համենայն դեպս վերջին այդպիսի բանը հանրապետական մարզադաշտին Վազգեն Սարգսյանի անվան հավելումն էր: Սա հիշատակի տուրքի վկայության արտահայտություն էր: Ինչ վերաբերում է ֆինանսներով պայմանավորված հնարավոր անվանափոխման դեպքին կամ դեպքերին, դրանք հայ իրականությանը առայժմ չեն սպառնում ու, ամենայն հավանականությամբ, չեն էլ սպառնա տեսանելի ապագայում՝ պայմանավորված հայկական ֆուտբոլի նկատմամբ չեղած հետաքրքրությամբ: Չնայած մեկ էլ տեսար հսկայական կարողություններ դիզած մի մոլագար քնի ու արթնանա մարզադաշտերից մեկնումեկն իր կամ իր թութուշի անունով կոչելու չափից ավելի ազնիվ ցանկությամբ: Հայաստանում, փողին մուննաթ, ի՞նչը հնարավոր չէ, որ դա հնարավոր չլինի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ