Ըստ վերջին ժամանակներս լայն շրջանառության մեջ դրված տեղեկատվության, Ռուսաստանի բարձրագույն առաջնությունում հանդես եկող «ՈՒֆա» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հայտնվել է ֆուտբոլի հայաստանյան բոսերի ուշադրության կենտրոնում: Ավելին, տեղեկություն տարածվեց, որ հայկական ծագում ունեցող մարզիկը, որ մորական կողմով հայ է, իր նկատմամբ ուշադրությունից բավականին շոյված է և դեմ չէ Հայաստանի ընտրանու մաս կազմելուն: Սակայն ահա թե ի մասնավորի «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում ինչ է ասել ակումբի գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը. «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, ամենայն հավանականությամբ, նա կհրաժարվի: Իհարկե, Հայաստանի հավաքականի դեմ ոչինչ չունեմ, սակայն կարծում եմ, որ նրա և բոլորիս համար ավելի կարևոր է, որ ինքը հանդես գա Ռուսաստանի հավաքականի կազմում: Դատելով նրա ներկայիս մարզավիճակից` նա դրան լիովին կարող է հավակնել»:
Սույն տեղեկության առնչությամբ մի երկու նկատառում:
Նախ, անգամ մեծագույն ցանկության դեպքում, Հայաստանի հավաքականի դեմ Շամիլ Գազիզովը ոչինչ չի կարող ու չի էլ կարող ունենալ:
Երկրորդ` այդ դեռ հարց է` նա՞ղդն է ավելի արժեքավոր, թե՞ նիսյան:
Երրորդ` Ռուսաստանի հավաքականը Հայաստանի ընտրանու համեմատությամբ այդ ի՞նչ աչք ծակող առավելություն ունի, որ մեր տղան նախապատվությունը տա նրան:
Չորրորդ` ռուսական արժեզրկված ռուբլու փոխարեն Դավթին մեր ֆուտբոլի ֆեդերացիան հանգիստ կարող է վճարել Հայաստանի կայուն ազգային տարադրամով` ամերիկյան դոլարով։
Եվ վերջապես հինգերորդ` ազգային արմատների նկատմամբ հարգանք ունեցող Յուրչենկոն չգիտի՞, որ հավաքականում խաղալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից հայ չի համարվի` այստեղից բխելիք ոչ թե ծանրագույն, այլ գերծանրագույն հետևանքներով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ