Փոխարժեքի տատանման օրերին հայրենի կառավարությունը մշտապես ընդգծում էր, որ իրավիճակից օգտվում են սպեկուլյանտները, որոնց պետք է պատժել: «Իրատես de facto»-ի հետ զրույցում տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշեց, որ այդքան էլ հեշտ չէ նրանց պատժելը, քանի որ իրավական հիմնավորումներ գտնելը բավականին բարդ է` միաժամանակ հավելելով, որ սպեկուլյացիոն «մտածողությունը» Հայաստանի բիզնեսմենների համար մշտական գործելաոճ է դարձել:
-Փոխարժեքի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով կարճ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը շոկ ապրեց: Մեր դիմադրողականությո՞ւնն է այդքան թույլ, թե՞ արտաքին գործոններն են ուժեղ:
-Հայաստանը փոքր, բաց տնտեսություն ունեցող երկիր է, ինչը նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած գործընթաց կամ երևույթ անմիջապես ազդելու է Հայաստանի տնտեսության վրա: Փոխարժեքի բարձրացումը պայմանավորված էր մի քանի գործոններով, որոնք նպաստեցին տնտեսական իրավիճակի վատթարացմանը: Նախ աշխարհում տեղի է ունենում դոլարի արժևորում, իսկ Հայաստանը չէր կարող դրանից անմասն մնալ: Սակայն նման իրավիճակի ծանրակշիռ պատճառը Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներն են, իսկ վերջինիս տնտեսության զարգացումներն արագ արձագանք են ունենում Հայաստանում: Դրանում իրենց զգալի «ներդրումն» ունեն նաև սպեկուլյացիոն գործարքները: Կարևոր է նաև այն ժամանակաշրջանը, երբ տեղի ունեցան փոխարժեքի տատանումները: Այս ամենը սկսվեց նոյեմբերի վերջից և իր գագաթնակետին հասավ դեկտեմբերին, երբ դոլարի պահանջարկն ավելի մեծացավ: Սա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանի ներմուծման ծավալները բավականին մեծանում են, այսինքն` ներմուծող ձեռնարկությունները պատրաստվում են «տոնական» վաճառքի: Մի կողմից դրսի` նավթի համաշխարհային գների անկումը, ռուբլու արժեզրկումը, Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտների կրճատումը, մյուս կողմից էլ Հայաստանի ներքին գործոնները ստեղծեցին այսպիսի իրավիճակ: Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման առումով տեսակետներ են հնչում, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունները միմյանց հետ կապ չունեն, և ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով չէ, որ մեզանում փոխարժեքը այդպիսի իրավիճակում հայտնվեց: Սա թյուր կարծիք է: Եթե դիտարկում ենք ժամանակացույցը, թե ինչ է կատարվում Ռուսաստանում ու հետո Հայաստանում, հասկանալի է դառնում, որ գործընթացները գրեթե համաժամանակ են տեղի ունենում, որովհետև իրավիճակի պատճառները Ռուսաստանում են: Ինչ վերաբերում է սպեկուլյացիոն գործարքներին, կարծում եմ, որ ողջ հասարակության ընդգրկվածությունն այդ ամենում կա, բայց փոխարժեքի նման տատանման պատճառն արտաքին սպեկուլյացիան է: Ասել է` հնարավոր չէ հանրապետության սահմանները փակել և թույլ չտալ դոլարի արտահոսքը: Հատկանշական է, որ հենց այս օրերին էլ տեղի ունեցավ դոլարի բավականին մեծ արտահոսք դեպի Ռուսաստան, որտեղ ռուբլու անկումը և դոլարի արժևորումը մարդկանց ստիպեցին հնարավոր բոլոր աղբյուրներից դոլար գնելու միջոցով փրկվել արժեզրկումից: Սա լրացուցիչ ազդակ եղավ այս գործընթացի համար: Խուճապի ամենամեծ պատճառը հենց Հայաստանից Ռուսաստան մեծ ծավալների դոլարի արտահոսքն էր: Ավելին, կա այսպիսի հաշվարկ. եթե դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում 1 մլն դոլարը Ռուսաստանում վերածելով ռուբլու, հետո դա Հայաստանում փոխանակելով դրամով, կրկին դոլար է ձեռք բերվում, արդյունքում 57 հազար դոլար ավելանում է: Ի՞նչը պետք է կանգնեցներ կամ խանգարեր սպեկուլյանտներին, որ այդպիսի գործարքների չգնային:
-Պատկան մարմիններն այդ օրերին մշտապես նշում էին, թե իրավիճակից օգտվում են սպեկուլյանտները, և հարկավոր է նրանց պատժել: Նախ` այդ իրարանցման մեջ որքա՞ն է սպեկուլյանտների, այսպես ասած, «մեղավորության» չափը, հետո էլ մեզ նման փոքր երկրում շա՞տ ժամանակ է հարկավոր նրանց գտնելու և պատժելու համար:
-Նախ` փոխարժեքի շուկան ինքնին սպեկուլյացիոն բնույթի է, այսինքն` հաշվարկային փոխարժեքից արտարժույթը մի փոքր ցածր գնվում և ավելի բարձր գնով վաճառվում է: Այլ բան է, որ դա սկսում է մեծ ծավալներով իրականացվել և սպառնալիքներ ստեղծել: Կարծում եմ, ներքին սպեկուլյացիաների ազդեցությունը այնքան մեծ չի եղել, որքան արտաքին: Անշուշտ, սպեկուլյանտների «մեղավորությունը» այս ամենում բավականին մեծ է, ինչի պատճառով էլ խուճապ առաջացավ: Հայաստանը «դոլարացման» բարձր մակարդակ ունի, և հասարակության գրեթե յուրաքանչյուր անդամ առնչություն ունի դոլարի հետ: Կան դոլարով վարկ վերցրած, դոլարով ավանդ պահող և դրանով եկամուտ ստացող մարդիկ: Այդ իսկ պատճառով փոխարժեքի տատանումներն էլ արագ անրադառնում են գների մակարդակի վրա: Այս իրավիճակում մարդիկ փորձում էին ժամ առ ժամ արժեզրկումից փրկել իրենց խնայողությունները: Սրանով էլ բացատրվում է հասարակության մեջ դոլար-դրամ փոխարժեքի հանդեպ մեծ ուշադրությունը: Ինչ վերաբերում է սպեկուլյանտներին պատժելուն, բանկերում սպեկուլյատիվ գործարքներ իրականացրած մարդկանց կարելի է ժամերի ընթացքում բացահայտել: Իսկ փոխանակման կետերի առումով էլ, կարծում եմ, դրանցում մեծ քանակությամբ արտարժույթ չի փոխանակվել, ինչը որակական ազդեցություն կարող էր ունենալ տատանումների վրա: Մի նկատառում ևս. պատժելու մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև, որ դոլար-դրամ գնելու համար չկա հստակ սահմանված օրենսդրական նորմ, որը կարգելի այսինչ պարագայում թույլատրել այդ գնումը կամ արգելել: Այսինքն` մարդկանց ի՞նչ հիմքով պատժել` դոլար գնել և վաճառելո՞ւ: Այլ բան, որ փոխանակման կետերում դա իրականացվել է առանց անդորրագրեր տրամադրելու, որոշակի կանոնների խախտմամբ:
-Ստացվում է, որ պատժելու գործառույթը դժվա՞ր է իրականացնել:
-Դժվար է ոչ թե այն բանի պատճառով, որ մեղավորին գտնելն է բարդ, այլ պատժելու հիմքերը բավարար չեն: Եթե իրականացվել է առանց անդորրագրի կամ սահմանված չափից ավելի մեծ գումար է փոխանակվել առանց անձը հաստատող փաստաթղթի, այս պարագայում հնարավոր է պատժել:
-Այսպիսի իրավիճակներում տնտեսության պատասխանատուները, մասնավորապես ԿԲ-ն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն խուճապ չստեղծելու համար, և այն միջոցառումները, որոնք իրականացվեցին, բավարա՞ր էին իրավիճակը լիովին կայունացնելու համար:
-Խուճապային իրավիճակ ստեղծվեց վերջին օրերին, երբ ԿԲ-ն արդեն հանդես եկավ հայտարարություններով ու իրավիճակի շուրջ պարզաբանմամբ: Եթե արդեն ունենք որոշակիորեն կայուն իրավիճակ, նշանակում է, որ ձեռնարկած քայլերն արդեն իսկ բավարար էին: Այլ բան է, որ կարելի էր ավելի շուտ միջամտել: Բայց այստեղ կարևոր հանգամանք է նաև այն, թե իրավիճակի պատասխանատվության որ մասն է ԿԲ-ի վրա դրված: Գլխավոր դրամատան հիմնական գործառույթը ոչ թե փոխարժեքի շուկան կարգավորելն է, այլ գների կայունության մակարդակի պահպանումը, որից բխում է նաև փոխարժեքի վերահսկողությունը: ԿԲ-ն այդ օրերին մեր շուկա դոլարային մեծ ինտերվենցիաներ արեց, ինչը բավարար էր մեր տնտեսությունը հանելու այդ իրավիճակից: Բայց քանի որ Ռուսաստանից եկող ազդակները շատ մեծ էին, Հայաստանը չկարողացավ դրանց «դիմակայել»: ԿԲ-ի քայլերը այն ժամանակ արդյունք տվեցին, երբ որոշ կայունացում եղավ նաև Ռուսաստանում: Այսինքն` կայունացումը պետք է լիներ այնտեղից, որտեղից ալիքը եկել էր:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանը չպե՞տք է ունենա պատրաստի սցենարներ, որպեսզի այսօրինակ դեպքերում գործի դնի, այլապես ստացվում է, որ դրսի նույնիսկ թեթև «քամուց» մեր տնտեսությունը միանգամից ճոճվում է:
-Այս դեպքում «քամին» ամենևին էլ թեթև չէր: Այս իրավիճակի պատճառները, քանի որ հիմնականում դրսի «ծագում» ունեն, հնարավոր չէր կանխատեսել և ըստ այդմ կառուցել տնտեսական քաղաքականությունը: Այս ամենում վտանգավոր են ոչ այնքան փոխարժեքի տատանումները, որքան գների բարձրացումը, որովհետև կայծակնային արագությամբ ապրանքները թանկացան: Սա ոչ միայն դոլարի փոխարժեքով էր պայմանավորված, այլև մեր տնտեսության կառուցվածքային խնդիրներով: Մենք ունենք ներմուծման մեծ և արտահանման փոքր ծավալներ: Այս պահին ներմուծման ծավալները շուրջ երեք անգամ գերազանցում են արտահանմանը: Այսինքն, միայն այս մասով երեք անգամ ավելի դոլարի պահանջարկ, քան առաջարկ ունենք: Գների բարձրացման մեջ մեծ «լումա» ունեն նաև մեր գործարարները, ովքեր դեռևս բիզնես մշակույթ չունեն: Մենք ունենք րոպեական շահույթի վազող բիզնեսմեններ, ավելի ստույգ, սպեկուլյանտներ: Եթե այս տարվա թանկացումները հաշվի չառնենք, գրեթե բոլոր տարիներին Ամանորի նախաշեմին ունենում ենք գների կտրուկ բարձրացում: Այսինքն, մենք ունենք սպեկուլյանտներ, որոնք վազում են արագ գերշահույթների հետևից:
-Գների կայունացումը, թերևս, Ամանորի նախաշեմին ամենաշատն է հուզում հանրությանը: Ի՞նչ կանխատեսում ունեք, ե՞րբ իրավիճակը նորմալ հուն կտեղափոխվի:
-Կանխատեսելը, առավել ևս Հայաստանում, անշնորհակալ գործ է: Այս պահի համար կարող եմ ասել, որ համաշխարհային շուկայում դեռ պահպանվում են հանքահումքային ռեսուրսների ցածր գները, Ռուսաստանում փոխարժեքի կտրուկ արժեզրկումից խուսափելու համար կատարվեցին կոշտ քայլեր, որոշակի կայունացում կա նաև մեզանում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք` ո՞ր արժույթով պահել խնայողությունները:
-Դժվար է այդ հարցում խորհուրդ տալ, բայց եթե մարդիկ եկամուտ են ստանում և ծախսեր կատարում դրամով, ճիշտ կլինի ազգային արժույթով խնայողությունները պահել:
-Հայաստանի տնտեսությունը փոխարժեքի տատանման և գների բարձրացման պատճառով որքա՞ն կորուստ ունեցավ:
-Վտանգավորը գների բարձրացումն է, ինչով էլ պայմանավորված է մարդկանց կենսամակարդակի անկումը: Կորուստների չափը կախված կլինի այն հանգամանքից, թե գները որքան կբարձրանան և փոխարժեքն ինչ մակարդակում կկայունանա: Ցավոք, մեր տնտեսությունում դոլարի կուրսի նկատմամբ զգայունությունը մեծ է, ու պետք է քայլերն ուղղել այդ «կախվածության» թուլացմանը:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ