ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Եկավ ձմեռային հանգստին անցնելու ժամանակը

Եկավ ձմեռային հանգստին  անցնելու ժամանակը
23.12.2014 | 11:16

Առջևում Ծննդյան տոներն են, իսկ սա ուղղակի ու անուղղակի նշանակում է մտնել հանգստյան թեպետ հարկադիր, բայց և սպասված ռեժիմ, փորձել շունչ քաշել ավարտին մոտեցող տարվա լարվածությունից ու նորից, արդեն նոր զգացողություններով ու սպասումով, անցնել գործի: Սույն օրինաչափությունը, բնականաբար, նաև ֆուտբոլի համար է, որն ուիքենդյան այս օրերին սուր զգացողությունների քիչ տեղիք չտվեց:


ԻՍՊԱՆԻԱ
Մինչ մարաքեշյան (Մարոկկո) աշխարհի ակումբային առաջնությունում Մադրիդի «Ռեալը» տոնում էր եզրափակչում Հռոմի պապի երկրպագած արգենտինական «Սան Լորենսո» ակումբի նկատմամբ հաղթանակը՝ 2:0, «Բարսելոնը» ներքին առաջնությունում հինգ անպատասխան գնդակի առավելությամբ (երկու գնդակ Մեսիի ակտիվում է, իսկ Սուարեսը բացեց Իսպանիայի առաջնությունում գոլերի անձնական հաշվեմատյանը) հարցերը լուծեց աղյուսակը եզրափակողներից մեկի՝ «Կորդոբայի» հետ, ու նորից նստեց արքայական ակումբի պոչին: Նստելը նստեց, սակայն մադրիդցիները արդեն իսկ հայրենի եզերքում են, ու «Սելտայի» հետ հետաձգված խաղում, որքան էլ վերջիններս համամիտ չլինեն այդ մտքի հետ, անշուշտ, կլրացնեն բաց թողած խաղի բացն ու, ամենայն հավանականությամբ, իրենց գլխավոր մրցակցից նորից կլինեն չորս միավորի հեռավորության վրա:
Հարվածային տեմպի տրամաբանության շրջանակում գործեց և առաջին եռյակը եզրափակող «Աթլետիկոն»: Արտագնայում հանդիպելով Բիլբաոյի «Աթլետիկի» հետ՝ տանտերերից առաջին խաղակեսում ընդունած գոլն այն աստիճանի չարացրեց մադրիդցիներին, որ երկրորդ խաղակեսում հանգիստ առան միայն այն բանից հետո, երբ չորս անգամ խոցեցին տանտերերին: «Աթլետիկոն» ունի 35 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում հերթական հաղթանակը տարավ «Բավարիան» ու շնորհիվ ահռելի ջանքերի, քանի որ մինչև 90-րդ րոպեն սեփական հարկի տակ հանդես եկող «Մայնցը» պահպանում էր խաղի հավասարակշռությունն ու պատրաստ էր վերջ դնելու մյունխենցիների վերջ չունեցող հաղթական ընթացքին:
2:1 հաշիվ գրանցվեց նաև «Վոլսֆբուրգ»-«Քյոլն» հանդիպումում, որտեղ, ինչպես վերը հիշատակված խաղում, առաջինը գոլը խփել էր մրցակիցը: 34 միավոր ունեցող «Վոլսֆբուրգը» «Բավարիայից» շարունակում է հետ մնալ 11 միավորով, իսկ ահա Մյոնխենգլադբախի «Բորուսիան» չկարողացավ մնալ երրորդ հորիզոնականում, քանի որ հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Աուգսբուրգին»:
Եթե եղածից փոքր-ինչ ավելի հավատ ընծայեինք ճակատագրին, կմտածեինք, թե 2:1 հաշիվը բունդեսլիգայի եռյակը կազմածների խաչն էր, սակայն այսպիսին էր նրանց մրցակցային այդ օրվա վիճակագրությունը: Ի դեպ, վաստակած 28 միավորով եռյակում մյոնխենգլադբախցիներին եկավ փոխարինելու Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ սեփական հարկի տակ 1:1 խաղացած Լևերկուզենի «Բայերը»:
Քանի որ բունդեսլիգայի մասին խոսելիս մշտապես անդրադառնում ենք նաև Դորտմունդի «Բորուսիայի» մրցելույթներին, ասենք, որ Յուրգեն Կլոպի սաները կրեցին հերթական պարտությունը՝ այս անգամ Բրեմենի «Վերդերից», ու 15 միավորով աղյուսակի նախավերջին հորիզոնականում են:

ԱՆԳԼԻԱ
Նոյեմբերյան որոշակի անկումային տրամադրություններից հետո վերջին հինգ խաղում գերազանց արդյունք ցույց տվող «Մանչեստր Սիթին» 3:0 հաշվով առավելության հասավ «Կրիստալ Պելասի» նկատմամբ: Հաղթանակը հնարավորություն տվեց վաստակած 39 միավորով հավասարվելու «Չելսիին», սակայն վերջինս պակաս անցկացրած խաղ ունի (մրցակիցը «Ստոկ Սիթին» է լինելու), որում կփորձի վերականգնել «քաղաքաբնակներից» ունեցած երեք միավորի առավելությունը:
Երկու տուր առաջ առաջատար եռյակ մտած «Մանչեստր Յունայթեդը» ոչ թե դեմ չէր լինի, ավելին, հարկավ փափագում էր արտագնա խաղում ավելի շատ պոկվել հետապնդողներից, սակայն «Աստոն Վիլլան» էլ, բնականաբար, իր հաշվարկներն ուներ: Արդյունքում կողմերը միմյանցից բաժանվեցին մեկական միավոր վաստակած ու, ընդ որում, հաշիվը հավասարեցնողների դերում ոչ թե տանտերերն էին, այլ հենց իրենք՝ մանկունիացիները: «Յունայթեդի» անվան դիմաց 32 միավոր է գրանցված:

ՖՐԱՆՍԻԱ
Տասնիններորդ տուրը դիվիզիոնում առանձնացավ նրանով, որ երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ գոլազուրկ հանդիպում ունեցավ «Մոնպելիեի» հետ, իսկ նրա հետ հեռակա մրցավեճում «Մարսելը» «Լիլի» հետ խաղում ձեռքից բաց չթողեց չեմպիոնից երեք միավորով առաջ անցնելու հնարավորությունը: Այժմ հարավցիների անվան դիմաց 41 միավոր է գրանցված:
«Բորդոյին» հյուր գնացած, 36 միավոր ունեցող «Լիոնն» անգամ պարտության դեպքում չէր կորցնի եռյակում ունեցած տեղը, իսկ հաղթանակը հնարավորություն կտար մեկ միավորով շրջանցելու երկրի գործող չեմպիոններին: Լիոնցիներն առաջադրանքը լուծեցին ավելի քան փայլուն ու ավելի քան ջանասիրաբար: Համենայն դեպս, հինգ անպատասխան գնդակով հաղթանակին դժվար է այլ բացատրություն տալ:

ԻՏԱԼԻԱ
Հանգստի անցած իտալական ֆուտբոլում եռյակն ունի հերթական դասավորությունը՝ «Յուվենտուս»՝ 39, «Ռոմա»՝ 36, «Լացիո»՝ 27 միավոր: Չբացառելով, որ այստեղ չեմպիոնության համար պայքար են մղելու միայն առաջին երկու թիմերը, ասենք, որ երրորդի համար պայքարը չափազանց լարված է լինելու, ու դրան հավակնողները, «Լացիոյից» զատ, կլինեն նրա պես 27 միավոր ունեցող «Նապոլին» ու «Սամպդորիան», թեպետ, չի բացառվում նաև այլոց մասնակցությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ