Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ձմեռ է, սակայն տաք ֆուտբոլ

Ձմեռ է, սակայն տաք ֆուտբոլ
12.01.2015 | 13:43

Մինչ բունդեսլիգայում մարզիկ ու մարզասեր դեռևս վայելում են հանգստյան օրերի քաղցր խոնջանքը, եվրոպական մյուս առաջատար ֆուտբոլային տերություններում ակումբներն ու հատկապես առաջին եռյակում գտնվողները դաժանաբար «թրատում, մորթոտում» են իրար՝ խմբագրելով աղյուսակներ, իսկ այնտեղ, որտեղ ամրության դեռևս բավարար պաշար կա, հալեցնում են տաք թավայի մեջ գցած կարագի պես: Մի խոսքով՝ ֆուտբոլ է՝ վայրենիորեն գեղեցիկ թե կատարմամբ, թե ակումբներում եղած մեծ ու փոքր ինտրիգներով ու դրանց թողած հետևանքներով:

Անգլիա
Պրեմիեր լիգայի քսանմեկերորդ տուրը պատասխան էր տալու, թե, ի դեմս «Չելսիի» ու «Մանչեստր Սիթիի», որքանով հանդուրժելի է մեկ տուր առաջ հաստատված երկիշխանությունը Եվրոպա աշխարհամասի թերևս ամենահետաքրքիր առաջնությունում: Ընդ որում՝ դա հավասարություն էր բոլոր առումներով, ինչը բացառիկ բաների կարգից է, և ինչի մասին ժամանակին պատշաճորեն իրազեկել էինք ընթերցողին թերթի կայքէջում: Ինչևէ: «Չելսին» հանդիպում էր «Նյուքասլի», «Մանչեստր Սիթին»՝ «Էվերտոնի» հետ:
«Նյուքասլի» հետ «Չելսիի» հանդիպումը հետաքրքրական էր նաև ևս մեկ առումով. հենց նրանք էին ընթացիկ առաջնությունում «ազնվականներին» առաջինը պարտության մատնել՝ կասկածի տակ դնելով ոսկու համար մղվող պայքարում լոնդոնցիների հավակնությունների լրջությունը: Կարճ կապենք՝ «Մոուրինյո և ընկերություն» համաձույլը վրեժնդիր եղավ լիուլի (2:0) ու ստանձնեց միանձնյա առաջատարությունը, քանզի «Էվերտոնի» հետ արտագնա խաղում «քաղաքաբնակները» բավարարվեցին ընդամենը մեկ միավորով (1:1):
Սակայն այս հանդիպումներից զատ ոչ պակաս հետաքրքրություն էր ներկայացնում նաև երրորդ-չորրորդ հորիզոնականներում դիրքավորված «Մանչեստր Յունայթեդի» ու «Սաուտհեմպտոնի» դիմակայությունը: Չափազանց հետաքրքիր ու լարված պայքարում անցած մրցակցությունում առավել հաջողակ եղան հյուր գնացած «սրբերը»՝ 1:0, որոնք էլ փոխատեղության արդյունքում 39 միավորով հայտնվեցին երրորդ հորիզոնականում:

Իսպանիա
Քսաներկու անպարտ խաղերի շարանից հետո վերջին երկուսում պարտության դառնությունը ճաշակած (դրանցից մեկը եղել է «Վալենսիայի» հետ առաջնության, մյուսը՝ «Աթլետիկոյի» հետ գավաթային հանդիպումում) Մադրիդի «Ռեալը» վերջապես սթափվեց՝ այդ սթափությունը «կոտրելով» հյուր եկած «Էսպանյոլի» գլխին՝ 3:0: Հաղթանակը հնարավորություն տվեց պահուստում մեկ պակաս խաղի պայմաններում (բնականաբար օրվա դրությամբ) պահպանել «Բարսելոնի» ու «Աթլետիկոյի» նկատմամբ չորս միավորի առավելությունը: Սակայն հասկանալի է, որ պահուստային այդ խաղում դեռ պիտի կարողանալ հաղթել, ինչը մեկ օր անց «Նոու Կամպում» վիրտուոզ կատարմամբ արեց «Բարսելոնը» «Աթլետիկոյի» հետ սկզբունքային մրցավեճում (մինչ այդ կողմերն ունեին հավասար՝ 38-ական միավոր), այն նույն «Աթլետիկոյի», որը գավաթայինի առաջին փուլում 2:0 հաշվով առավելության էր հասել «Ռեալի» նկատմամբ: Իրենց հրաշալի եռյակի՝ Նեյմարի, Սուարեսի, Մեսիի ջանքերով կատալոնցիները երեք անգամ գրավեցին մադրիդցիների դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը: Դա իսկապես փառահեղ մրցակցություն էր և երևի թե ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնն» առաջին անգամ հիշեցրեց իր ոսկյա ժամանակները: Ինչևէ, կատալոնցիները նորից ծանրորեն նստեցին արքայական ակումբի շնչին ու սա այն պարագայում, երբ թիմի ներսում, մասնավորապես Էնրիկե-Մեսի հարթությունում, լուրջ տարաձայնություն կա ու, ամենայն հավանականությամբ, դրա հանգուցալուծումը կլինի գլխավոր մարզչի հեռանալը թիմից, թեպետ հաղթական հանդիպումից հետո Նեյմարը շտապել է ասել, որ թիմի պրոբլեմներն արդեն անցյալում են:

Իտալիա
Ապենինյան թերաղզու առաջնության տասնութերորդ տուրը հետաքրքրական էր նրանով, որ մրցելու էին առաջին ու չորրորդ, երկրորդ ու երրորդ հորիզոնականներում գտնվող «Յուվենտուս»-«Նապոլի», «Ռոմա»-«Լացիո» զույգերը: Ամբիցիոզ «Նապոլիի» ու նրան հյուր գնացած «Յուվենտուսի» հանդիպումը պատասխան պիտի տար՝ արդյո՞ք «Ծեր սինյորան» իրեն անվերջ հետապնդող «Ռոմայից», իհարկե վերջինիս ձախողվելու դեպքում, առաջ կպոկվի ամբողջ չորս միավորով, թե կշարունակի գոհություն հայտնել Աստծուն ունեցած մեկ միավորի համար: «Յուվենտուսը» փայլուն լուծեց իր առջև դրված խնդիրը՝ տանտերերին պարտության մատնելով 3:1 հաշվով, իսկ ահա «Ռոման» ավելի քան մոտ էր պարտությանը, եթե խելքը գլուխը չհավաքեր ու հաղթանակին այնքան մոտ մրցակցի երկու գոլին չպատասխաներ նույնքանով: Ի դեպ՝ փրկարար երկու գոլն էլ իտալական ֆուտբոլի լեգենդ, 38-ամյա Ֆրանչեսկո Տոտտիի ակտիվում է:

Ֆրանսիա
Դիվիզիոնի առաջնությունում «Մոնպելիեն» 2:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ աղյուսակը 41 միավորով գլխավորող «Մարսելի» նկատմամբ՝ երկրի չեմպիոնների՝ «Պարի Սեն Ժերմենի» համար հրաշալի հնարավորություն ստեղծելով բարձրանալու առաջին հորիզոնական: Սակայն մայրաքաղաքայինները ոչ միայն չկարողացան օգտվել ճակատագրի բարեհաճությունից, այլև հյուրընկալվելիս կատարյալ շնածեծ կերան աղյուսակի խորխորատներում խարխափող «Բաստիայից», որը թեև արդեն քսաներորդ րոպեին պարտվում էր երկու չոր գնդակի տարբերությամբ, այդուհանդերձ կարողացավ պատասխանել չորսով՝ ձեռքի հետ ցույց տալով, թե որտեղ են խեցգետինները ձմեռում: Սակայն այն, ինչը չհաջողվեց «Պարի Սեն Ժերմենին», բացառիկ շարմով արեց «Լիոնը»: Երեք անպատասխան գնդակ «Տուլուզի» դարպասը ու, որպես վարձ, գումարված ևս երեք միավոր ունեցած 39-ին ու վստահ, միանձնյա առաջին տեղ դիվիզիոնում՝ սա եղավ 20-րդ տուրի ում համար նվեր, ում համար էլ պատիժը ֆրանսիացի մարզասերին, առհասարակ այս թիմերի երկրպագուներին՝ անկախ նրանց բնակության վայրից, դավանանքից, կրթական ցենզից, մաշկի գույնից ու մարդկանց միմյանցից զատող այլևայլ բաներից՝ ընդհուպ մինչև սեռային կողմնորոշում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ