Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում կայացավ «Ոսկե գնդակ-2014-ի» հանդիսավոր արարողությունը: Ինչպես միշտ, ֆուտբոլային աշխարհի գլուխ կանգնածներն այն վերածեցին մարզամշակութային գեղեցիկ իրադարձության: Սակայն, ձեր թույլտվությամբ, արարողության մշակութային բաղադրիչը թողնենք մի կողմ, միանգամից դառնանք մարզականին: Գլխավոր իրադարձությունն ու տարվա ամենամեծ սպասումը, բնականաբար, «Ոսկե գնդակի» նոր տիրակալն էր, սակայն, հաշվի առնելով, որ անվանակարգային որոշ մանրամասներ նույնպես պակաս հետաքրքրական չեն, անդրադառնանք նաև դրանցից մի քանիսին:
ՀԱՎԱՍԱՐ ԵՔ, ՀԱՎԱՍԱՐ
Քանիորնորինմեծությունֆուտբոլիամենամեծզարդը գոլն է` դարպասի գրավումը, ուստի սկսենք «Տարվա գոլ» անվանակարգից, որը կրում է հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի անունը: Նոմինանտներն էին Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիա), Ռոբին վան Պերսին (Հոլանդիա), Ստեֆանի Ռոշը (Իռլանդիա): Հետաքրքրական է, որ սույն անվանակարգում կազմակերպիչները չէին գնացել ֆուտբոլիստների սեռային բաժանման ճանապարհով՝ միանգամայն օրինաչափորեն, տրամաբանորեն, օբյեկտիվորեն համարելով, որ գոլը հավասարապես գոլ է թե՛ տղամարդ, թե՛ կին ֆուտբոլիստի կատարմամբ: Այս տարի նախապատվությունը տրվեց աշխարհի առաջնության մեկ ութերորդի շրջանակներում ՈՒրուգվայի դարպասում գրանցված գոլին, որի հեղինակը Խամես Ռոդրիգեսն է:
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆՆ Է
Տղամարդկանց թիմերի «Լավագույն մարզիչ» անվանակարգում թեկնածուներն էին Յոախիմ Լյովը (Գերմանիայի ընտրանի), Կառլո Անչելոտին (Մադրիդի «Ռեալ»), Դիեգո Սիմեոնեն (Մադրիդի «Աթլետիկո»): Դժվար չէր գուշակել, ու այդպես էլ կանխատեսվում էր, որ հաղթողի ամենահավանական թեկնածուն գերմանացի մարզիչն է, որովհետև որքան էլ բարձր է ակումբային թիմերի մասնակցությամբ, մասնավորապես, Չեմպիոնների լիգայի մրցաշարի հեղինակությունը, աշխարհի առաջնությունը, բոլոր դեպքերում, շատ ավելի բացառիկ է։ Սակայն «Ոսկե գնդակ-2014»-ը գերմանական մարզչական դպրոցի համար նշանավորվեց ոչ միայն Լյովի հաղթանակով: Լավագույն մարզիչ ճանաչվեց նաև Ռալֆ Կելերմանը, ում ղեկավարած կանանց «Վոլֆսբուրգ» թիմը հաղթել է և՛ երկրի ներքին առաջնությունում, և՛ Չեմպիոնների լիգայում:
ԱՇԽԱՐՀԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆԸ
Բնականաբար, պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում և այն, թե յուրաքանչյուր անվանակարգից աշխարհի ավելի քան 180 մարզիչների, թիմերի ավագների ու լրագրողների ընտրությամբ ինչպիսի տեսք է ունենալու տարվա խորհրդանշական հավաքականը: Տարօրինակ ոչինչ չպիտի տեսնել այն բանում, որ դարպասային գծում առավելությունը տրվեց Գերմանիայի ազգային ընտրանու դարպասապահ Մանուել Նոյերին: Պաշտպանական գիծը կազմեցին Սերխիո Ռամոսը (Իսպանիա), Դավիդ Լուիսն ու Տյագո Սիլվան (Բրազիլիա), Ֆիլիպ Լամը (Գերմանիա): Տարվա հավաքականի կիսապաշտպանությունը կազմեցին Անդրես Ինիեստան (Իսպանիա), Անխել դի Մարիան (Արգենտինա), Տոնի Կրոսը (Գերմանիա): Ինչ վերաբերում է հարձակվողներին, այստեղ անվիճելի էր Քրիշտիանու Ռոնալդուի (Պորտուգալիա) ու Լիոնել Մեսիի ներկայությունը (Արգենտինա): Երրորդ հարձակվողի թեկնածության հարցում ընտրությունը կանգ է առել Արիեն Ռոբենի վրա (Հոլանդիա):
ԿԵՍԼԵՐ+ՌՈՆԱԼԴՈՒ
Եվ վերջապես անդրադառնանք անհատական անվանակարգերում ընտրված լավագույններին: Կանանցից այդ երջանիկը Նադին Կեսլերն էր՝ Գերմանիայի ընտրանու ու «Վոլֆսբուրգի» ներկայացուցիչը, ով հաղթեց «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Մարթայի (Բրազիլիայի ընտրանի, «Տյուրեսե») ու Էբբի Վամբախի (ԱՄՆ-ի ընտրանի, «Վեստեռն Նյու Յորք Ֆլեշ») հետ մրցակցությունում:
Տղամարդկանց մեջ երկրորդ տարին անընդմեջ լավագույնը ճանաչվեց Քրիշտիանու Ռոնալդուն (աշխարհում նման ցուցանիշ է արձանագրել ընդամենը յոթ ֆուտբոլիստ), ով իսկապես բացառիկ ուժեղ մրցաշրջան ունեցավ: Ի դեպ, սա նրա նմանատիպ երրորդ բարձրագույն պարգևն էր. առաջինը 2008 թվականին էր:
Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ 2014-ին պորտուգալացին «Ռեալի» կազմում (բոլոր մրցաշարերում) անցկացրել է 51 խաղ, դարձել 56 գոլի հեղինակ, ինչը ֆենոմենալ ցուցանիշ է: Արքայական թիմի կազմում տաղանդավոր մարզիկը դարձել է Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի, ինչպես նաև Իսպանիայի գավաթի ու սուպերգավաթի գավաթակիր: Ռոնալդուին պակասող միակ բանն աշխարհի չեմպիոնի կոչումն է, ինչն արդեն միայն նրա կողմից անելիք բան չէ: Ավելին, նրա ներկայացրած ազգային ընտրանին բավականին անշուք էր աշխարհի վերջին առաջնությունում ու մրցելույթներն ավարտեց խմբային մրցափուլում: Սակայն, որպեսզի այս տխուր նոտայով չավարտենք ֆուտբոլիստին ներկայացնելը, ավելացնենք, որ նա ինչպես երկրի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում մեծ առավելությամբ եղել է «Մրցաշրջան-2013-2014»-ի լավագույն ռմբարկուն:
Երկրորդ տարին անընդմեջ երկրորդը ճանաչվեց Լիոնել Մեսին, ով չորս տարի անընդմեջ (2009-2012 թթ.) եղել է «Ոսկե գնդակի» տիրակալը: Ի դեպ, բացի նրանից, նման ցուցանիշով աշխարհում չի կարող պարծենալ ոչ ոք: 2014-ին «Բարսելոնի» կազմում արգենտինացին 53 խաղում խփել է 51 գնդակ: Ակումբային մակարդակով Մեսին անցած տարում առաջին կարգի տիտղոս չի նվաճել, փոխարենն ազգային ընտրանու հետ դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ արժանանալով մրցաշարի «Ոսկե գնդակին»:
Երրորդը Մանուել Նոյերն էր՝ Գերմանիայի ազգային ընտրանու ու Մյունխենի «Բավարիայի» դարպասապահը: Իհարկե, շատերն էին կարծում, որ աշխարհի չեմպիոն դառնալը և անցած տարում «Բավարիայի» փառահեղ մրցելույթները կարող են լուրջ կռվան լինել աշխարհի խոշորագույն երկու ֆուտբոլիստների հետ պայքարում, սակայն «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում դարպասապահի համար լավագույն դառնալը բավականին բարդ է: Հիշենք, որ նման բան աշխարհում հաջողվել է միայն մեկ հոգու՝ լեգենդար Լև Յաշինին:
«ՈՒ ԴՈՒ ՀԻՄԱ ՉԵՍ ԱՄԱՉՈ՞ՒՄ»
Նյութն ավարտենք բավական զվարճալի մի փաստի վկայակոչումով, որն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների լարված հարաբերություններում կարող է հալչող սառույցի դեր կատարել: Արարողության նախաշեմին ընդհանուր սրահ մտած Մեսին, Ռոնալդուին տեսնելով կնոջ ու որդու հետ, մոտեցել է նրանց ողջունելու: Մատնանշելով որդուն` պորտուգալացին ասել է` նա նայում է քո բոլոր հանդիպումների տեսագրություններն ու միայն քեզնից է խոսում, ինչին ի պատասխան Մեսին շոյել է փոքրիկի գլուխն ու կատակել. «ՈՒ դու հիմա չես ամաչո՞ւմ»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ